fbpx

«Զանգակ»-ի 2018 թվականն ու սպասվող ծրագրերը

Դեկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը համանուն հրատարակչությունը կազմակերպել էր 2018 թվականի իրենց գործունեության ամփոփման ու սպասվող տարվա ծրագրերի ներկայացման միջոցառում։։

Թերևս ամենահետաքրքրականն այն էր, որ 2019 թվականին «Զանգակ»-ը պլանավորում է թվով 70 գիրք հրատարակել։

– 2017 թվականին հրատարակեցինք անկախության շրջանի 52 բանաստեղծների 52 բանաստեղծություններ, որի նպատակն էր ցույց տալ՝ անկախության շրջանում բանաստեղծական մեծ ժառանգություն ունենք, որին մեծ մասը ծանոթ չէ, այս տարի դասականին ավելացվեցին մի քանի ժամանակակից ստեղծագործողներ։ Իսկ 2019ին, որը հոբելյանական է Հովհաննես Թումանյանի համար, որոշեցինք սկսել «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի» նախագիծ, որտեղ ոչ միայն բանաստեղծություններ ու դրվագներ են, այլև շաբաթվան համապատասխան հուշեր Թումանյայն կյանքից, դրվագներ, նամականերից հատվածներ ու հրապարակախոսական հոդվածներ, – ասաց հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը։

Պատմավեպերի մատենաշարի շարքում գրական արևելահայերենով կվերահրատարակվի Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»ն, որի նախորդ տարբերակից շատ բողոքներ էին ստացել։

Կթողարկվի նաև «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» գիրքը, շատ այլ գրքեր նույնպես կվերահրատարակվեն։

Ինչպես հայտնեց հրատարակչության թարգմանական բաժնի տնօրեն Արթուր Մեսրոպյանը՝ նրանք տարվա կտրվածքով երեքից չորս միջազգային տոնավաճառների են մասնակցում, որտեղ գտնում ու հետագայում թարգմանում են հնարավոր գրքերը։ Ըստ նրա՝ իր բաժինն  ամենահետաքրքիրն է։

Նրանք անընդհատ ուսումնասիրում են միջազգային շուկան և զտում այն գրքերը, որոնք կարող են հետաքրքիր լինել հայ ընթերցողին։ Արթուրը շեշտեց, որ մինչ արտասահմանյան գրքի հրատարակումը նրանք փորձում են հասկանալ, արդյոք դա կընթերցվի և արդիական կլինի մեր լսարանին, նոր անցնում են տեղայնացմանն ու տպագրմանը։ Կարևորում են նաև բաց թողնված, որևէ պատճառներով չթրգմանված դասական ու դասական դարձող գրքերը, օրինակ՝ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները», որը լույս էր տեսել 1980-ականներին, բայց հայերենով հրատարակվեց օրեր առաջ։ Մյուս փուլը հեղինակային իրավունքների ձեռք բերումն է, որը, ինչպես կարծում է Արթուրը, մեր երկրում մեծ հոգածության կարիք ունի։

Այս տարի թարգմանության գլխավոր լեզուներն անգլերենն ու գերմաներենն էին։

–  Արտասահմանյան գրականությունից խոսելիս հիմնականնում բովանդակային մասին եմ անդրադառնում, բայց կուզենամ գրքերի տեսքի մասին խոսենք։ Ընդունված է կրկնօրինակել միջազգային շապիկը, սակայն մեզ համար շատ կարևոր է գրքի ապրանքային տեսքը։ Շապիկների մեծամասնությունն ինքներս ենք ստեղծում, որով հիմնականում զբաղվում է Մարիամ Կանայանը, – հավելեց Արթուր Մեսրոպյանը։

2019 թվականին սպասվող թարգմանությունների շարքում հիշատակման է արժանի Սթիվեն Քինգի «Փայլատակում»-ը (անգլ․՝ «The Shining») վեպը, որը հեղինակի առաջին հայերեն տպագիր թարգմանությունը կլինի։

«Զանգակ» հրատարակչության մանկական գրականության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը մի շարք գրքերի հետ մեկտեղ կթարգմանի նաև Հարրի Փոթերի մասին պատմող չորրորդ գիրքը։

Անդրադարձան նաև մանկավարժական, մեթոդաբանական ձեռնարկներին՝ կարևորելով դրանց դերը ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների ծնողների համար։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով