fbpx

Գրաֆիկական վեպի շնորհանդես | «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը»

Մայիսի 25-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ համանուն հրատարակչության կողմից տպագրված «Զակո. հայ գերու արտասովոր կյանքը» գրաֆիկական վեպի շնորհանդեսը։

Գիրքը ստեղծվել է շուրջ 17 տարի և պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի Երկրորդ Համաշխարհային պատերազմում գերի ընկնելու մասին։ Այստեղ օգտագործված են նկարչի արխիվային լուսանկարներն ու գրավոր պատառիկները:

Գիրքը կազմել է Սարգիսի որդի Տիգրան Մանգասարյանը, որն աննախադեպ է «Զանգակ» հրատարաչկության համար․ առաջին անգամ պատկերապատում են տպագրում։ Ըստ «Զանգակ»-ի տնօրեն Էմին Մկրտչյանի՝ բացի նրանից, որ պատկերապատումների դաշտն ազատ է և կա պահանջարկ, այլ նաև հրատարակության հիմքում ընկած է նախևառաջ յուրօրինակ ստեղծագործությունը։

Իհարկե, այս գիրքը խիստ փորձնական անվանել չի կարելի, քանի որ ընդգրկուն և հետաքրքիր ստեղծագործություն է, բայց պատրաստ ենք այլ փորձերի և բոլոր ստեղծագործողներին հրավիրում են համագործակցության, – հավաստիացրեց տնօրենը։

Գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը կարծում է, որ սա բացառիկ գիրք է, և գրաֆիկական վեպը չպետք է շփոթել կոմիքսի հետ։ Սա կոմիքս չէ, այլ ըստ էության՝ վեպ է։ Իրեն գրավեցին ոչ այնքան պատկերները, որքան պատմելու կերպը՝ վեպերին բնորոշ բազմաշերտությամբ, սյուժետային գաղափարական տարբեր ու հատվող գծերով։

— Յուրաքանչյուրը կգտնի իրեն հարազատ թեմա մեկի համար՝ համակենտրոնացման ճամբարը, մյուսի համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, տոտալիտար ռեժիմը, Ստալինի և Հիտլերի կերպարները և այլն, – հավելեց գրականագետը։

Որպես խմբագիր Համբարձումյանը շատ աշխատանք չուներ, դրանք ավելի շատ սրբագրական էին, բայց իր համար անսպասելի էր պատմելու ձևը, որն էլ միանգամից հետաքրքրեց։ Նա ցանկություն հայտնեց հետագայում տեսնել վեպը կամ գոնե շարունակությունը։

Այն հարցին, որ գիրքը կարծես պահանջվածից ավելի բարդ է ստացվել, հեղինակ Տիգրան Մանգասարյանը պատասխանեց․

— Հայ ընթերցողին դեռ անծանոթ է այս ժանրը, որը կոչվում է պատկերապատում։ Կոմիքսը դրա մի ճյուղն է, ընդ որում մանկական և ուրախ։ Պատկերապատումները ավելի լայն են, որովհետև նոնսենս է դրամատիկ պատմությանը կոմիքս անվանել։

«Զակոն» իր ծավալով ութսուն էջ է և կարդալ ու նայելու համար կպահանջի մեկից մեկուկես ժամ, իսկ եթե այն լիներ գրական վեպ, կլիներ երկու հարյուր հիսուն էջ և ընթերցելու համար կպաահնջեր մոտ մեկ շաբաթ։ Պատկերապատումներն ունեն ևս մեկ առավելություն՝ նկարով կարդալը գումարվում է բառի կերպարին։ Մանգասարյանը վստահ է, որ ընթերցողը նկարով կարդալուց հաճույք է ստանում նաև գրաֆիկայից։

Գրքի կարևորություններից լրագրող Մարկ Գրիգորյանն առանձնացրեց ոչ միայն բնօրինակ օրագրի վերծանումը, այլև այդ օրագրերի ներկայացումը մեկ այլ ժանրի ու շերտերի մեջ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով