fbpx

Եթե չլիներ մրցակցություն, ոլորտը չէր զարգանա. Շահեն Մկրտչյան (հարցազրույց)

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանում գործում է «Զանգակ» գրատունը: Գրատան առանձնահատկությունն այն է, որ բացի գրքերի վաճառքից, այնտեղ անց են կացվում տարբեր գրական-մշակութային միջոցառումների. գրքերի շնորհանդեսներ, հանդիպում գրողների հետ, բաց դասեր, սեմինարներ և այլն: Գրատունն ունի նաև ընթերցարան, որտեղ հաճախորդները կարող են կարդալ և ծանոթանալ գրքերի հետ նախքան դրանք գնելը:

Azat TV մեդիանախաձեռնությունը զրուցել է գրատան գործադիր տնօրեն Շահեն Մկրտչյանի հետ:

Պարո՛ն Մկրտչյան, խնդրում եմ ներկայացրեք Ձեր մասնագիտությունն ու ասացեք՝ ինչքա՞ն ժամանակ է, որ գործում եք տվյալ ոլորտում:

Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սովորել եմ նախ Երևանի տնտեսագիտական համալսարանում (ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում), ապա՝ Երևանի պետական համալսարանում (միջազգային տնտեսական հարաբերություններ): Տվյալ ոլորտում աշխատում եմ շուրջ տասը տարի: Մինչ գրատների ցանցի բացվելը աշխատում էի «Զանգակ» հրատարակչությունում՝ վաճառքի բաժնում:

Ո՞րն էր այն գաղափարը, որը Ձեզ առաջնորդեց դեպի գրատուն: Ինչու՞ որոշեցիք այս գրատունը հիմնել:

«Զանգակ» հրատարակչությանը կից գրախանութ վաղուց կար, սկզբում գաղափարը դրա տարածումն էր, սակայն շուտով բիզնես պլանը վերածվում է նոր գրական-մշակութային կենտրոն ունենալու նախագծի: Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն գրատների ցանց, այլ կոնկրետ վայր, որը միավորում է այնքան տարբեր մարդկանց, որոնք սակայն ունեն մի ընդհանրություն՝ սերը դեպի գրականությունը (գրականություն ասում ենք լայն իմաստով): Մի խոսքով՝ 2018-ին Աբովյան 7-ում բացվեց նոր «Զանգակ»-ը:

Ովքե՞ր են Ձեր պատկերացմամբ գրատան հաճախորդները: Ի՞նչ տիպի գրքասերների եք ակնկալում ներգրավել:

Գրատան հաճախորդները այնքան տարբեր են, որ դժվար է մի կատեգորիա առանձնացնել բոլորի համար: Հիմնական մասը, ինչպես կարելի էր ենթադրել, գեղարվեստական գրականության սիրահարներն են:

Արդեն բավական ժամանակ է, ինչ Ձեր գրատունը գործում է: Բացի գրքասերների համար հաճելի վայր լինելը, եթե դիտարկենք այն որպես բիզնես, արդյո՞ք արդարացնում է Ձեր սպասելիքները:

Իհարկե, գրատունը խոշոր ներդրում է, քանի որ, քաղաքի կենտրոնում նման մի կենտրոն ունենալը, պարզ է՝ փոքր ծախսերի հետ չի կապված: Սակայն, պետք է նկատենք, որ փոքր չէ նաև մեր փորձը տվյալ ոլորտում: Այսօր կան մի քանի խոշոր գրախանութներ, որոնք լուրջ մրցակիցներ են: Սակայն, եթե չլիներ մրցակցություն, ոլորտը չէր զարգանա: Իսկ զարգացումը մենք նկատում ենք ամեն օր:

Ի՞նչ կարող է տալ իր հաճախորդներին «Զանգակ» գրատունը, որը նրանք չեն գտնի այլ գրախանութներում:

Չենք կարող ասել, թե ինչ կգտնեն կամ չեն գտնի այլ գրախանութներում, բայց կարող ենք վստահ ասել, թե ինչ կգտնեն «Զանգակ»-ում՝ սեր: Իսկապես, սերը ամենակարևոր ներդրումն է, որ մենք արել ենք՝ սկսած գրատան ձևավորումից, վերջացրած աշխատակազմով, և նույնիսկ գրքերի դասավորությամբ: Ու կարող ենք ասել, որ այս ներդրումը իրեն արդարացնում է:

Ձեր գրախանութում տարբեր բնույթի միջոցառումներ են հաճախ կազմակերպվում: Արդյո՞ք հնարավոր է համագործակցություն այլ անձանց կամ կազմակերպությունների հետ՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցով: Ինչպե՞ս է հնարավոր դա իրակացնել:

Միջոցառումների մեծ մասը հենց այդպես՝ այլ կազմակերպության հետ համագործակցելով է իրականացվում: Մենք ինքներս ունենք երկու խոշոր նախագիծ, որոնց շրջանակներում տեղի են ունենում միջոցառումների մեծ մասը: Առաջինը ունի «Երեկոյան զրույց դեսպանի հետ» խորագիրը, որի շրջանակներում պարբերաբար հանդիպում ենք Հայաստանում այլ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Այս միջոցառումները բաց են, մեր ընթերցողները գալիս են ծանոթանալու այլ մշակույթի կրողի հետ, դեսպաններին ուղում են իրենց հարցերը, մի խոսքով՝ շատ հետաքրքիր է անցնում: Համենայն դեպս, մեր հաճախորդները սպասում են հաջորդ հանդիպումներին: Հաջորդ խոշոր նախագիծը, որը կազմակերպում ենք մենք, իրենից ենթադրում է միջոցառումների շարք՝ կապված յուրաքանչյուր ամիս մեկ հրատարակչության հետ: Այս մասին դեռ կխոսենք:
Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք բաց ենք յուրաքանչյուր առաջարկի համար:

Առհասարակ, ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստանում գրքի վաճառքի հետ կապված:

Ինչպես արդեն նշեցի, ոլորտը զարգանում է օրեցօր: Այսօր ունենք երիտասարդ սերունդ, որը կարդում է, կարդում է շատ և կարդում է հայալեզու գրականացում: Հենց սրա շնորհիվ ոլորտի զարգացումը դառնում է իրականություն:

Եվ վերջին հարցս՝ կնշե՞ք վերջին գիրքը, որ կարդացել եք:

Хьюберт Селби, Бес

 

Հարցազրույցը պատրաստեց Azat TV մեդիանախաձեռնության անդամ Տաթև Չուխուրյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով