fbpx

«Երեքից հետո արդեն ուշ է», ասում է Մասարու Իբուկան

«Այն ինչ երեխայի մեջ ամրապնդվում է վաղ հասակում, անհնար է փոխել չափահաս տարիքում», – այսպիսի ճապոնական ասածվացքով է սկսվում Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 14-ին «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում։

Մասարու Իբուկան «Սոնի» ընկերության համահիմնադիրներից մեկն է, ով բացի իր ինժեներական նորարարություններից, գրել է մի շարք գրքեր, ինչպես նաև այս մեկը։

Հեղինակի կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի։ Հենց այս գաղափարախոսության հիման վրա է Իբուկան գրել «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը։ Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը։

Գիրքը լույս է տեսել «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Մայ Բեյբի Թոյս» ընկերության կողմից։ Վերջինիս հիմնադիր Լուսինե Հայրապետյանը գրքի մասին ասաց․

— Գիրքն այդքան էլ մեծ չէ, բայց դրանում կարող եք գտնել երեխաների ինտելեկետուալ ունակություննների զարգացման, դաստիարակության վերաբերյալ գրեթե ամեն ինչ։ Հեղինակը առաջարկում է առաջին հերթին դաստիարակել ինքներս մեզ։

Բնօրինակ ճապոներեն գիրքը լույս է տեսել 1971 թվականին, անգլերեն է թարգմանվել վեց տարի անց, իսկ այսօր արդեն հայերեն։ Թարգմանվել է ռուսերենից՝ Լուսինե Մարգարյանի կողմից։

Չնայած գիրքը թողարկվել է մոտավորապես հիսուն տարի առաջ, այն իրոք շատ արդի է, հավաստիացնում է Լուսինեն․

— Մեր երիտասարդ ծնողները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների զարգացմանը։ Հայաստանում դեռ նոր է բացվել մանկական կենտրոն, որտեղ երեխան կարող է գնալ ու լողալ, ինչը գրքում առաջարկվում է դեռ նախորդ դարում։ Մտածելակերպով քիչ ավելի հետ ենք, քան մյուս երկրները։ Մենք երեխային միշտ դիտարկել ենք, որ ոչինչ չի կարող անել և կգնա մանկապարտեզում կսովորի․․․

Գիրքը տեղայնացված չէ ճապոնական ավանդական սովորույթներով, այլ հիմնված է Ամերիկայի, Եվրոպայի և Ճապոնիայի մայրիկների փորձի վրա։ Այն հասցեագրված է բոլոր այն ծնողներին, որոնք ցանկանում են իրենց երեխաների առջև նոր, հրաշալի հնարավորություններ բացել։

Շնորհանդեսի ժամանակ հնչեց նաև մի միտք, որ երեխան մինչև երեք տարեկանն է ձգտում որևէ բան սովորելու։ Երեխայի բջիջների 70-80%-ը ձևավորվում է հենց մինչև երեք տարեկանը։

Գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 250,000 տպագիր և 500.000 օրինակ էլեկտրոնային տարբերակով։

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս տպագրել է Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» բեսթսելերը, իսկ ինչ վերաբերում է նմանատիպ մանկական զարգացման թեմատիկայով գրականությանը՝ հրատարակչությունը հետաքրքիր գաղափարներ ունի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով