fbpx

Երևանյան պաստառային արվեստը 19-րդ դարից մինչ այսօր. ցուցահանդես

Երեկ՝ հունվարի 15-ին ՀԲԸՄ ցուցասրահում մարդաշատ էր, ներկաների հետաքրքրության կենտրոնում էր «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահադեսը։ Այստեղ ներկայացված էին 19-րդ դարի վերջից մինչ մեր օրերը Երևանում ստեղծված և քաղաքին նվիրված ամենատարբեր պաստառները:

– Այս ցուցահանդեսը իր ծավալների և թեմայի մեջ նախադեպը չունի։ Այն նվիրված էր/է Երևանի 2800 ամյակին, սակայն տեխնիկական պատճառներով տեղափոխվել է հունվար ամիս։ Մշակույթի նախարարությունն այս միջոցառումը ներառել էր, որովհետև պաստառները որպես արվեստի տեսակ կարծես թե անտեսված վիճակում էր և հետընթաց էր ապրում, իսկ նախարարության նոր քաղաքականության համաձայն մենք ուշադրություն ենք դարձնում անտեսված արվեստի տեսակներին, – ասաց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։

Փոխնարխարարը նկատեց, որ այդքան բազմամարդությունը վկայում է պաստառային արվեստի պահանջարկի և հետագա զարգացման մասին։

Ըստ կազմակերպիչների՝ երևանյան պաստառային արվեստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում քաղաքի մշակութային և սոցիալական ոլորտներին նվիրված պաստառները: Դրանք անմիջականորեն կապված են քաղաքի պատմության և մշակութային կյանքի, երևանցիների առօրյայի և ժամանցի հետ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է պատկերացում ստեղծել մայրաքաղաքային պաստառի զարգացման մասին, ցույց տալ տարբեր շրջանների լավագույն նմուշները, ծանոթացնել պաստառային արվեստի հիմնական միտումներին:

Այստեղ ներկայացված նախախորհրդային շրջանի թատերական և համերգային բարդ, անգույն ու աչք չզարնող ազդագրերը հեռու են պաստառային ժամանակակից մեր պատկերացումներից, իսկ խորհրդային շրջանի սոցիալական և «քաղաքացու կրթություն» պաստառների վինտաժային շունչն արդեն քիչ թե շատ ադապտացվում է մոդեռնի։

Իրենց քանակով չէին զիջում հատկապես ֆիլմերին ու ցուցահանդեսներին նվիրված պատկերները, սակայն ինչպես հուշում է խորագիրը՝ պաստառագործների գլխավոր հերոսը Երևանն էր։ Այս ամենի կողքին առանձնանում էին հայկական ժամանակակից պաստառային արվեստի օրինակները, որոնց հեղինակների շարքում էին նաև նախագծի համադրող Զաքար Դեմիրճյանի աշխատանքները։

«Ելնում է մի նոր Երևան» ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակույթն ու արվեստը հանուն խաղաղության» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԲԸՄ Հայստանանի աջակցությամբ:

Ցուցանմուշներին կարող եք ծանոթանալ մինչև փետրվարի 15-ը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով