fbpx

Վլադիմիր Աղեկյան (Պադրէ) | ավե պապա

մինոկապկոս կամ կապիկն առաջացել է մարդուց

մի կողմից ռադիոյի խշշոցը,

մյուս կողմից դռան ճռռոցը։

ամեն ինչ շագանակագույնին է տված

շուրջբոլորը ցնորք֊առեղծված։

ինչ֊որ երևույթներ են

մարդիկ են կոչվում

փակված են քառակուսիում

ու քառակուսիներ են հյուսում։

մազապատ, քառակուսի, գլխանման բաներ

շարժունակ֊գործունակ

մեկը չկա վերցներ֊տաներ։

չէ, իրենք բանական են՝

միշտ֊ճիշտ

մի խոսքով՝ եսասեր,

իսկ Նիցշեն կասեր.

-միշտ մեծ մարդկանց էի փնտրում,

բայց լոկ իրենց իդեալի

կապիկներին էի գտնում։

 

հիասթափվածն էր խոսում։

 


 

սուտ է, թե պոետները չեն մեռնում

 

ստեղ ամեն ինչ խառնված ա,

ստեղ մարդիկ մարդ չեն,

ստեղ շներն են մարդ,

ստեղ սեր կոչվածը հոմանիշ է

ատելությանը,

ստեղ սիրահարները թշնամի են,

իսկ թշնամիները համբուրվում են։

ստեղ ամեն ինչ խառն է,

ստրուկն արքա է,

իսկ արքան բեռնաձի։

ստեղ,

էս տարածքում պոետները

ոռնում են, ցավում են,

լացում, տանջվում,

ստեղ պոետները մեռնում են,

որովհետև ստեղ ամեն ինչ խառն ա։

 


 

աչքերը Չիկո

 

բարև Չիկո, քեզ խաբել են,

քեզ ասել են հետևյալը.

-աչքերը Չիկո, երբեք չեն խաբում;

քեզ ասողը, աչք չի եղել ու խաբել է,

նա խաբել է, թե աչքերը չեն խաբում,

որովհետև ամենամեծ սուտը,

ամենամեծ ողբերգության ակունքը,

հենց աչքերն են,

ամենակեղծավորը,

ամենագրավիչն ու գայթակղիչը,

աչքերն են, որ փայլում են,

երբ խաբում են,

աչքերն են, որ նյութականն են տեսնում,

ուրախանում և տիրոջը ներշնչում,

թե սիրում են

ու ավելի ուժեղ են սկսում փայլել։

Չիկո, իմ սիրելի Չիկո,

էլ երբեք չփորձես հավատալ աչքերին,

հավատա մարդկանց, բայց մի վստահիր,

որովհետև աչքերն են, որ պարադոքս են ներկայացնում…

Չիկո, իմ սիրելի Չիկո,

էլ երբեք չհավատաս աչքերին,

որովհետև էս աշխարհի ամենավտանգավոր

ճահիճներն ամենագեղեցիկն են աչքի համար…

 


 

ավե պապա

 

աստվածները մեռած են,

մեռած են մեռածները,

մեռած են չեղածները,

իսկ չեղածներից ոմանք դեռ կան,

չեղածներից ոմանք ներշնչվել են,

թե գոյություն ունեն

ու դատարկություն են քարոզում,

իսկ հայրիկի` Նիցշեի խոսքերը

ամբողջովին սխալ են հասկացել

ու ամբողջ օրն ուտում են,

որ գիրանան,

դէ Նիցշեն ասել էր.

-Բոլոր աստվածները մեռած են,

ժամանակն է գերմարդու։

գերը հասկացել են որպես չաղ

ու ամբողջ օրը վատնում են ուտելու վրա,

որ գիրանան,

որ թվա, թե շատ են,

որ թվա, թե լիքն են։

էդպես էլ չեն հասկանա,

որ արկղն ինչքան մեծ է,

մեջն այդքան էլ դատարկության

պոտենցիալ կա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով