fbpx

Վարդան Սմբատյան | Բառերի էվոլյուցիա

Իմ կռիվը բառերի հետ է:  Նրանք են իմ թշնամիները. մարդկանց հեշտությամբ կարող եմ գրողի ծոցն ուղարկել, դա բավականին դյուրին է, իսկ բառերի դեմ մարտնչելը գրեթե անհնար է: Սա քաջ գիտակցում է գրով ապրող ամեն ոք: Ասում են` լուսահոգի Խեչոյանն ամիսներով կարող էր մի բառ փնտրել` կոնտեքստը լիարժեք ներկայացնելու համար: Երևի բառերը մեր` կիսախելագար գրողներիս «աստվածներն» են: Նրանք ճանաչում են մեզ ավելի լավ, քան մեր սիրելի կանայք, սիրուհիներն ու ընկերները: Ես կարծում եմ` իրական գրականությունն անկեղծ բառագրություն է: Ինքս ինձ բառագիր եմ համարում: Երբեմն ինձ թվում է, թե բառերը (գրողը դրանց տանի) ընթերցում են մեզ, նրանց աչքերը սողոսկում են ամենաանտեսանելի ենթագիտակցական շերտերը: Սկսում է զգայական փոթորիկ: Բառերն ամենաարդյունավետ զինատեսակներից են: Գոյություն ունեն օրգանական և ոչ օրգանական բառեր: Առաջինները մենք արտաբերում ենք մեր կյանքի առաջին տասնամյակում` սկսյալ թոթովանքներից: Հետո սկսում է շաբլոն բառերի փուլը` դպրոցական լեքսիկոն, բակային տխմար սլենգ, սիրային պաթետիկ ֆրազներ: Հաջորդ փուլն ավելի հասուն է. բառերն սկսում են հստականալ ու դառնում են ֆորմալ: Մյուս փուլում, եթե կարելի է այդպես ասել, բառերը պարտադրված կյանքի արգասիք են: Կգամ, կբերեմ, կհասցնեմ, կսիրեմ… Ընտանեկան պարզունակ մոդելը մեզ սովորեցնում է մորմատիվ լեքսիկոն, բայց միայն զայրացած ժամանակ են խոսում անկեղծության բառերը: Այնուհետ սկսվում է տարածական բառերի ժամանակահատվածը, որին գալիս է փոխարինելու «սպառվող բառերի» վերջին ժամանակահատվածը. Մենք վատնում ու սպառում ենք մեր բառերի ողջ պաշարը: Տարեց ու միայնակ մարդիկ` լավ ու բարի ժամանակների հուշերով, հիվանդները` կարեկցանքի, ուշադրության ու սփոփանքի կարոտով, ու միայն մահն է հիշում բոլորիս անունները. դա միակ բառն է, որի հոմանիշը չգտնվե´ց: Ժամանակը թաղում է մոռացության վիհերում լավագույն բառերից կամզված մտքերը, բայց բառերն ունեն մի հրաշալի, անդավաճան սիրուհի. դա երաժշտությունն է, ու ոմանք նույնիսկ փրկվում են նրա շնորհիվ: Այժմ բառերի էվոլյուցիայի ժամանակն է, ոչ օրգանական բառերի դարաշրջան է, մետաֆորների ու միֆերի ժամանակահատված: Հիմա ցանկացած հիմար կարող է զարմացնել մի հետաքրքիր բառով կամ մի բարդ տերմինով: Իմացականության բախում կլինի շուտով, բայց միշտ մարդիկ կհիշեն ու կարտաբերեն ամենապարզ ու սպասված բառերը` «բարև», «ներիր», «սիրում եմ»: Ուզում եմ հարցնեք ինքներդ ձեզ` ինձ հավատու՞մ եք: Այն, ինչ կարդացիք, իմ սուբյեկտիվ բառերից կազմված դատողություններ են: Չեմ ասի, թե ստում էի, բայց խնդրում եմ չմոռանալ` բառերը ստեղծվել են Հերքվելու համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով