fbpx

Վահրամ Սահակյանի «Ատյան Ողբերգության» գրքի շնորհանդես

— Ասում են չէ՝ ես իմ գրքի շնորհանդեսին այնքան հուզված էի… Այստեղ հուզվելու բան չկա։ Թող մեծամտություն չթվա կամ թող թվա, սա շատ կարևոր գիրք է։

Վերոնշյալ կարևոր գիրքը պատկանում է Վահրամ Սահակյանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին։ Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ և կենդանի ու առողջ երկխոսությունների մեջ մտնում նրանց հետ։

Վահրամ Սահակյանին իր առողջ մտածողության, քննադատական հետաքրքիր շտրիխներով գիտենք դեռևս իննսունականներից։ Նա հատկապես թատրոնից անընդհատ նորկայացնում էր մեր իրականությունը՝ սարկազմով, խոցելի տեղերով։ Այդ սկզբունքով էլ գրված է «Ատյան Ողբերգության» գիրքը։ 10-րդ դարից մեզ են հասել Նարեկացու վերջին գրառումները «Մատյան ողբերգության» անունով, իսկ 1100 տարի անց Վահրամը Ատյանն է ներկայացնում, – գրքի մասին խոսեց խմբագիր Արման Ավանեսյանը։

Մենախոսություններ կան հատկապես վերջին հատվածում, որտեղ հեղինակն արտահայտում է հասարակության արատավոր երևույթների նկատմամբ վերաբերմունքը։ Բայց քանի որ Վահրամ Սահակյանը շատ մոտ է թատրոնին (նա հեղինակել է «Մեա կուլպա» և «Խաթաբալադա» ներկայացումները), պետք է ասել, որ գիրքը հագեցած է նաև դրամատիզմով։

Խմբագիրը նշեց նաև, որ Վահրամն իր այս գրքի շնորհանդեսը չի կազմակերպել այն կեղծ շնորհանդեսների նման, որոնք նկարագրված են գրքում և ոտնատակ են անում արժեքները։

Հիմա գրքերը, ֆիլմերն ու ներկայացումներն իրենց սպառողներին ասում են, որ նրանք խեղճ են, նրանց ճնշել են, փողերը կերել և հանել դուրս, իսկ մարդիկ էլ ասում են՝ մեր սրտից խոսաց։ Ես իմ ստեղծագործություններից ոչ մեկում էլ չեմ խոսել ժողովրդի սրտից ու դա չի նշանակում, որ այդ ցավերն ինձ խորթ են։ Մեր հասարակությունը առողջ չէ, իսկ մենք չենք կարող մեզ վրա վերցնել բժշկի դերը, բայց կարող ենք ցույց տալ նրանց կատարած սխալներն ու մեղքերը և փորձենք գտնել ազատագրման ճանապարհը։ Բայց ում է պետք, երբ այդ մարդուն ասում ես՝ ինչ լավն ես ինչ հին պատմություն ունես, եթե քո մշակույթը քեզ վրայից չի երևում, դու բռի ես ու չես հասկանում, որ հասարակության մաս կազմելով պետք է երկիր կառուցես, – ասաց հեղինակը։

Այս գրքում հեղինակը հատկապես երիտասարդներին փորձում է ասել, որ պետք չէ հավատալ որևէ մեկին, պետք չէ տպավորվել, որովհետև այս կյանքում բոլորն ունեն շահեր և նպատակներ։ Պետք է մոռանալ կարծրատիպերը։

Սա միտինգ չէ, և ես չեմ ուզում այսպես հրապարակային խոսել այս ամենի մասին․ կկարդաք գրքում՝ կերպարների միջոցով։ Միկրաֆոնն անջատում եմ գնամ քնեմ, – միջոցառումն ավարտեց Վահրամ Սահակյանը։

 

1 Comment


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով