fbpx

Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդես

Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդեսը։ Երեք հատորից բաղկացած սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային այս նմուշը հեղինակը սկսել է գրել 1960-ական թվականներին՝ ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Սարգսյանը ձերբակալվել էր 1941 թվականին։

— Հովհաննիսյան ինստիտուտի համար օրակարգային է ներկայի պատմական վերանայումը։ Մեր պատմության այնպիսի դրվագների, դեպքերի, մարդկանց վերհանումը, որտեղ ներկան, որում մենք ապրում ենք, նոր լույսի տակ, առավել շոշափելի ցույց կտանք, – ասաց արվեստի պատմաբան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության դոցենտ Վարդան Ազատյանը։

Վեպը Գուլագի աքսորական կյանքի մասին է՝ գրված առաջին դեմքով, և ընթերցողը վերապրում է բոլոր գործողությունները որպես սեփական փորձառություն, հավաստիացրեց Ազատյանը։ Ըստ իրեն՝ այդ ամենը մեզ կօգնի ներկայի որոշ հարցերի պատասխաններ գտնել։ — Մեզ հետաքրքրում են նախնիներ, որոնք դեմքով շրջված են դեպի մեզ, և այդ նախնիներից  է Վաչե Սարգսյանն ու իր գործունեությունը, որը նախևառաջ մարմնավորված է իր այս վեպով։

Չնայած մի քանի փորձերին, վեպը լույս չի տեսել խորհրդային տարիներին: Հեղինակը վեպի վրա շարունակել է աշխատել մինչև իր ինքնասպանությունը` 1987 թ.: Վեպի առաջին` «Անկրկնելի պատմություն» հատորը հրատարակվում է առաջին անգամ։

Հետաքրքրական հանգամանք կա, որ գրքի վերնագիրը բուն վեպում գոյություն չունի։ Բառը խորհրդավոր է, արամերենից թարգմանաբար նշանակում է այն հողակտորը, որը Հուդայի Քրիստոսի մատնության երեսուն արծաթով գնված տարածքն է, որն էլ օգտագործվել է որպես օտարազգիների գերեզմանոց։ Վաչեի մոտ աքսորավայր Գուլագն այս տարածությունն է, որը բառացի թարգմանությամբ նշանակում է արյան ագարակ։

— Վեպի բոլոր հերոսները, բացի գլխավոր հերոսից, իրենց իրական անուններով են, շատ հուզիչ է, երբ այս հերոսներին կարողանում ես գտնել աքսորվածների ցանկում, – ասաց բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Դվոյանը։

Նա կարծում է, որ գիրքը ոչ միայն փաստավավերագրական է, քանի որ անփոփոխ է այն իրականությունը որը եղել է, այլ նաև կարդացվում է որպես գեղարվեստական գործ։ Շատ կենդանի ու վառ կերպարներ կան։

Հրատարակությունն ուղեկցվում է Վաչե Սարգսյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև աքսորական գրականության շուրջ Սիրանուշ Դվոյանի քննական հետազոտությամբ։ Գիրքը լույս է ընծայվել Սարգսյանի ընտանիքի և Հովհաննիսյան ինստիտուտի համատեղ ջանքերով:

Գլխավոր լուսանկարը՝ Հովհաննիսյան ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով