fbpx

«Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդես

Ապրիլի 5-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ծանոթ գիր անծանոթ գրչով» գրքի շնորհանդեսը։ «Յունիվերս» լեզվի կենտրոնը ցանկացավ քայլ անել ու ստեղծել այնպիսի մի գիրք, որն իր մեջ կներառի գերմնական դասական գրականության կարկառուն դեմքերի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները, իսկ թարգմանիչները պետք է լինեին այդ ոլորտի սկսնակները։

— Այսօր մենք վայելելում ենք երկու երկար ու ձիգ տարիների աշխատանքի արդյունքը։ Գիրքը ստեղծելու գաղափարը շատ անսպասելիորեն առաջացավ, բայց կարողացավ դառնալ թանկ ու հարազատ, – ասաց «Յունիվերս» լեզվի կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը։

Գիրքը հրատարակվել է «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմից կազմակերպված «Թարգմանչական իմ առաջին քայլերը» մրցույթի շրջանակում և ներառում է գերմանական դասական այնպիսի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Թ. Ֆոնտանեն, Յ.Վ. Ֆոն Գյոթեն, Կ. Տուխոլսկին, Ռ. Մ. Ռիլկեն, Շ. Ցվայգը, Ֆ. Կաֆկան, Հ. Թ. Վ. Շթորմը, Վ. Բորխերտը, Նովալիսը, Ֆ. Շիլլերը, և դրանց հայերեն թարգմանությունները։

Տրվել էր հայտարարություն, որին արձագանքած 60 աշխատանքներից ընտրվեցին այն գործերը, որոնք էլ հայտնվեցին այս գրքում։ Գաղափարը հետևյալն էր՝ ներկայացնել դեռևս չտպագրված թարգմանություն և հնարավորություն տալ երիտասարադ թարգմանիչներին դրսևորվել՝  նպաստելով երկու լեզուների փոխկապակցմանը։ Գրքի խմբագիրը բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն է, հրատարակվել է «Զանգակ»-ի կողմից։

— Մեր մշակույթը գերմանականին շատ մոտ է, երկուսն էլ բնական են։ Չնայած դրան՝ գերմնաներենի դասավանդումն ուսումնական հաստատություններում շատ վատ վիճակում է, – ասաց խմբագիրը։

Ըստ Հակոբ Մովսեսի՝ մեր մշակույթի բոլոր բռնկումները եղել են թարգմանության տեսքով, և մենք ունենք թարգմանական դպրոց ու ավանդույթ, որոնք պետք է շարունակենք։

— Հետևեք այսօրվա գերմանական մշակույթին, հանդեսներին, ամեն օր նոր բառ սովորեք, կարդացեք բառարաններ և տպագրվեք։

«Յունիվերս» լեզվի կենտրոնն  անցկացնում է գերմաներենի, անգլերենի և ռուսերենի դասընթացներ, ունի տարբեր ծրագրեր` «UniKids» և «UniTalks»։ Որպես գիրք սա առաջինն է կենտրոնի համար, և հիմնական նպատակը երիտասարադ սերնդին խրախուսելն ու դաշտում նրանց հայտնի դարձնելն է, թարգմանչական սերնդափոխությունը ճիշտ կատարելը։

1 Comment


Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով