fbpx

«ՏրանսPORT» ցուցահանդես

Մայիսի 2-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի երրորդ կուրսի ուսանողների աշխատանքները ներկայացնող  ցուցահանդեսը, որը կրում է «ՏրանսPORT» խորագիրը։

Այն արդյունք է ուսանողների և դասախոսի միասնական աշխատանքի, որի հիմքում ընկած է փոխըմբռնումն ու նոր մոտեցումներ փնտրելու ցանկությունը:

— Այստեղ ես տեսնում եմ ժամանակակից մտածողություն, հետաքրքիր մոտեցում։ Լավ է, որ իրենց սովորածը վառ արտահայտել են աշխատանքների մեջ, տեսնում ենք նաև վիրտաժի գործեր, – ասաց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

Ցուցադրված բազմաժանր աշխատանքները երկու տարվա վաղեմության են, որոնք չունենալով ընդհանուր կոնցեպտ, հավաքվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ մուտք դեպի տրանս (տրանսպորտ)։

— Ցուցահանդեսը փորձարարական է այնքանով, որ ուսանողներին տրվել են հստակ հանձնարարություններ՝ միևնույն ժամանակ փորձելով պահել յուրաքանչյուրի յուրահատկությունները, չկորցնել իրենց արվեստագետ լինելը։ Սրանք չի կարելի անվանել ուսանողական աշխատանքներ, – մանրամասնեց ցուցահանդեսի կազմակերպիչ և համադրող Զաք Դեմիրճյանը։

Ցուցահանդեսը մի փորձ է ցույց տալու, որ ուսանողները, ստանալով գործնական հստակ առաջադրանքներ, այնուամենայնիվ, կարող են դրսևորել ազատ ստեղծագործական մոտեցում՝ փաստացի հանդես գալով ոչ միայն որպես կրթական ծրագրի պահանջները կատարող, այլև որպես ինքնուրույն արվեստագետ:

Ըստ Զաքի՝ շատ հաճախ ասում են, որ ակադեմիայում կամ Հայաստանի ուսումնական հաստատություններում ազատությունը քիչ է, և մարդկանց ազատ թողնելու փոխարեն փչացնում են և այլն․․․ Նրա հիմնական խնդիրը մարդկանց թույլ տալ ազատ ստեղծագործել է․ «Երբ մարդը ցանկանում է ցելաֆոնով մատնաքաշ կախել պատից, թող անի։ Ցանկացած եղանակով ազատ արտահայտվելն և ստեղծագործելը շատ կարևոր է արվեստագետի համար»։

Չնայած ռեկտոր Իսաբեկյանն ասաց՝ գնահատել, քննարկել աշխատանքները, ինչի համար էլ արվում են ցուցահանդեսները, մասնակիցներից Մերի Անդրիասյանն ասաց, որ կողքի գնահատականներին այդքան էլ պետք չէ ուշադրություն դարձնել, որովհետև նա գիտի իր գործը, և այն անում է իր համար։

Մերին մոնոտիպի տեխնիկայով նկարազարդել է Ալբեր Կամյուի «Անկումը» գիրքը, և ըստ իրեն՝ ցուցահանդեսն իրենց ընդամենը տալիս է մի քանի տարվա աշխատանքները հանրությանը ներկայացնելու հնարավորություն։

«ՏրանսPORT» ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 11-ը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով