fbpx

«Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդես

Ապրիլի 12-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը» կոմիքս գրքի շնորհանդեսը։ Կոմիքսը ստեղծվել և հրատարակվել է «ՄԱՅՐՈ» բրենդի կողմից և պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից։

«Սա պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման, հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու խաղաղությամբ ժողովրդի կամքի հաղթանակի մասին։ Սա պատմություն է բարիկադների տարբեր կողմերում գտնվող մարդկանց՝ իրար հանդեպ հանդուրժողականության ու հարգանքի մասին», – իրենց գիրքը մեկնաբանում են հեղինակները։

Կոմիքսների ստեղծումը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ գաղափարի հեղինակները հասկացան, որ Հայաստանին սեփական կոմիքսներ են անհրաժեշտ։ Նախապատմության, գաղափարի ծնվելու և այլ մանրամասները կարող եք կարդալ նախագծի կողմից կազմակերպված նախորդ միջոցառման մեր անդրադարձում։

Գիրքը բաղկացած է հինգ մասից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մի պահի պատմություն։ Դրանք վերցված են իրական կյանքից, լայվերից և այն ամենից, ինչ կարողացել են հայթհայթել։ Չկա ոչ մի հորինված բառ, ամեն ինչ իրական է։ Կոմիքսի կարգախոսն է՝ «The story as it was» («Պատմությունն ինչպես եղել է»)։

Կոմիքսի առաջին հատվածը սկսում է մարտի 1-ի ներածականով, այնուհետև շարունակվում է քայլարշավով ու ավարտվում ապրիլի 17-ով։ Մշակույթ արտահանելու մեջ շատ մեծ դերակատարում կունենա կոմիքսը, այն հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Նախորդ տարվա  օգոստոսին սկսած դրամահավաքային արշավը, որի միջոցով էլ պետք է լույս տեսներ այս կոմիքսը, տապալելվեց, քանի որ շատ քիչ մարդ էր մասնակցել։

— Ստացանք դրամաշնորհների և ֆինանսավորման առաջարկներ, սակայն որոշեցինք բոլոը մերժել և սեփական միջոցներով այն ավարտի հասցնել։ Եթե սկզբում նախատեսված էր 16-էջանոց գիրք ստանալ, ապա այսօր այն 40 էջ է, – ասաց «ՄԱՅՐՈ» թիմի անդամ Քրիստինե Ասլանյանը։

Փաստացի, դրամահավաքային արշավի տապալումը թիմի համար օգտակար էր ոչ միայն գրքի ծավալի, այլև դրանում եղած պատկերների և հերոսների շատացման հարցում․ այժմ կան շատ ավելի գործողություններ և դրանցում երևացող կերպարներ։ Կոմիքսի  ստեղծմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել․ նկարիչների ընդհանուր թիվը 13-ն է։

Ցուցադրվեց կոմքիսի նախապատմության տեսանյութը, որտեղ ավելի մանրամասն է պատմվում դրա մասին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով