fbpx

Թամարա Ավանեսյան՝ «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Թամարա Ավանեսյանի «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» գրքի շնորհանդեսը։

– Գիրքը ներկայացնում է գործարար հարաբերությունների ողջ ներկապնակը։ Բիզնես էթիկան գործարար մարդու վարվեցողության կանոնների ընդհանուր նկարագիրն է, որը գործունեության մեջ է դրվում գործարար հարաբերություններում։ Գրքի շնորհիվ բիզնես հասարակությունը կծանոթանա բիզնես էթիկային, կկիրառի դրանք և մեծ հաջողությունների կհասնի դրանց շնորհիվ։ Գիրքը գրված է պարզ լեզվով, որպեսզի հասանելի լինի ցանկացած մասնագիտություն ունեցող ընթերցողին, – ասաց «Էդիթ պրինտ» հրատարակչության PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը։

Մասնագիտությամբ իրավաբան և հաշվապահ Թամարա Ավանեսյանի մոտ այս գիրքը գրելու մտահղացումն առաջացել է էթիկայի դպրոց հաճախելուց հետո, երբ հասկացավ, որ բիզնես էթիկայի ոլորտը մեզ մոտ բաց է և պետք է անդրադառնալ։

– Էթիկայի դպրոց հաճախելն ինձ համար կարծես հեղափոխություն լիներ, ինչից հետո մասնագիտությունս սկսեցի ավելի ու ավելի շատ սիրել։ Երբ ավելի խորն ուսումնասիրեցի ճյուղերը, ինձ ավելի դուր եկավ գործարար էթիկայի ոլորտը։ Գրադարաններում գրքեր ու համացանցում նյութեր փնտրելով հասկացա, որ այս ոլորտում հայերենով ոչ մի գրականություն չկա, և մի գեղեցիկ օր մտքովս անցավ, որ ինքս կարող եմ այդպիսի գիրք գրել։ Սկզբում գաղափարս կիսեցի մի քանիսի հետ, ովքեր «ինչի՞դ է պետք» կամ «չես կարող» արտահայտությունների փոխարեն ինձ քաջալերեցին, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ։

Որոշ ժամանակ անց, 2015 թվականին տպագրվեց «Գործարար էթիկա» գիրքը, որն ավելի շատ որպես ձեռնարկ հանդես եկավ, քանի որ հեղինակը չգիտեր, թե մարդիկ ինչպես կվերաբերվեն գրքին, և ինչքան էլ զարմանալի էր իր համար, դրական արդյունք գրանցվեց, ինչի հիման վրա էլ տպագրվեց «Գործարար էթիկայի հիմունքներ» գիրքը։ Ընթերցողների հետաքրքրվածությունը կրկնապատկվեց, հեղինակը սկսեց հրավերներ ստանալ տարբեր կազմակերպություններից և կրթական հաստատություններից, որպեսզի սովորեցնի կանոններն ու ներկայացնի գիրքը։

Այժմ տպագրվել է «Բիզնես էթիկայի պարզ արվեստը», որում ավելի հղկված ու ծավալուն է ներկայացված էթիկայի կանոնները, ինչպես նաև ավելացվել են ընթերցողներին հետաքրքող թեմաները։ Գրքում համեմատական է գնում միջազգային փորձի հետ։ Ըստ Թամարայի՝ գործարար էթիկայի և էթիկայի կաննոները հիմնականում նույնն են, ուղղակի առաջինն ավելի պարտադրող է։

– Այս գիրքը պետքական կլինի յուրաքանչյուրիս համար, որպեսզի զարգացնենք մեր գործարար ոլորտն ու մեզ ավելի ճիշտ դրսևորենք գործնական հանդիպումների և բանակցությունների ժամանակ։

Գրքում հեղինակը նշում է, որ Հայաստանում որոշ կազմակերպություններ արդեն իսկ սկսել են օգտագործել բիզնես էթիկայի կանոնները, այն անգամ ներկայացված է որոշ աշխատողների պահանջներում։

– Վերջին երկու տարիներին մեծացել է ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, զանգահարում ու գրում են, որպեսզի ես նրանց սովորեցնեմ այս կանոնները, ինչպես նաև մեծացել է գրքի պահանջարկը, ինչի շնորհիվ էլ այն վերահրատարակվել է։

Թամարայի համար անակնկալ էր գրքի տարեվերջյան տպագրումը, քանի որ վստահ չէր, որ կհասցներ իրականացնել ևս մի նպատակ։

Հեղինակը վստահեցրեց, որ գիրքը կարդալով և կանոններին տիրապետելով, յուրաքանչյուրը կարող է հասնել իր նպատակին, քանի որ հաջողությունն ունի մի գաղտնիք, դա բիզնես էթիկան է։

Միջոցառման ընթացքում անցկացվեց գործանական թրեյնինգ, որտեղ աշխատողի և գործատուի երկու օրինակով ցույց տրվեց բանակցություններ վարելու հիմունքերը, իսկ ներկաներն իրենց հուզող հարցերը տվեցին ոլորտի մասնագետ, գրքի հեղինակ Թամարա Ավանեսյանին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով