fbpx

Թամար Հովհաննիսյան՝ «Տարիքի հոգին» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Թամար Հովհաննիսյանի «Տարիքի հոգին» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչության կողմից։

«Որքանով հասցրել եմ կարդալ՝ գրքի առաջին մասը նվիրված է բանաստեղծական արվեստին ինչպես է բանաստեղծությունը ներկայանում իրեն և ինքն ինչպես է ներկայանում բանստեղծությանը։ Այս երկու տարերքների փոխհարաբերությունից գոյացած տեքստերը համոզում են, որ հեղինակն անտարբեր չի ապրում իր անցյալի, ներկայի, Ամերիկայի և Հայաստանի իրողությունների հանդեպ։

Նրա բառերը բազմաշերտ են, հարուստ, կան բառաձևերի թեքումներ, որոնք արհեստական չեն, այլ ճկվում են հոգու աննշմարելի շարժումների կերպով», – ասաց գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Գրքում զետեղված են ինչպես անցյալ տարիների՝ 90-ականների, այնպես էլ 2018 թվականի վերջին ամիսների անտիպ ստեղծագործությունները։

Ըստ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի՝ պարզ գիրք չէ, որի ամենակարևոր հատկանիշներից մեկն անկեղծությունն է։ Բանաստեղծությունները գումարելով անկեղծության զգացողություններին՝ հնարավոր է լինում ուշադիր հետևել դրանց ամենատարբեր հոգեբանական զարգացումներին։ Լինելով կին՝ հեղինակը բնականաբար չի շրջանցել սիրո թեման, որտեղ իր տարիքի հոգու փորձառությունն այն սկսնակների համար դարձնում են դասագիրք։ Այն փորձություններն ու զգացողությունների ստուգումները, որոնք հեղինակը ներկայացրել է իր ստեղծագործությունների մեջ, շատերի համար կարող են ուղենշային լինել։ Բացի դրանից ժողովածուն այդ ապրումները նկարագրող կանացի պոեզիա է՝ իր դրամատիկ ներաշխարհով։ Կա բաժին, որը կառուցված է բողոքի հիման վրա, սակայն տիկին Թամարան այն անձնակն դժգոհությունների տեսքով չի պատկերել, այլ տվել է ընդհանրական նոտաներ։ Գիրքը շատ ուշադիր ու հոգատար է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող հոգևոր ու աշխարհաքաղաքական փոփոխությունների հանդեպ, որոնց հորձանոտում մարդը կորցնում է իր ամենակարևոր հատկանիշը՝ մարդկայնությունը, կարեկցելը, սիրելը, հոգ տանելը։ Բազմաձայն գիրք, որն ընդգրկել է այն ամենն ինչում մենք ապրում ենք ու ամեն օր, ամեն ժամ կարող ենք բախվել դրանց։ Տարիքի հոգին կարող  է զրուցել ցանկացած տարիքի ու ցանկացած հոգեբանության ու բանաստեղծական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց հետ։

«Երբ տարիներ առաջ թերթեցի Թամարայի գրքերը, ես միանգամից ցանկություն հայտնեցի ծանոթանալ այս հայուհու հետ, իսկ այսօր ես շատ ուրախ եմ, որ այսքան բեղում է իմ սիրելի Թամարայի գրիչը։ Նրա լեզուն ճոխ է, հզոր ու ոսկեղենիկ, միտքը փիլիսոփայական է, ասելիքը՝ բազմաշերտ, լիրիկական, ապրումային, անձնական ու համամարդկային։ Կարծում եմ, որ Թամարա Հովհաննիսյանը մեր ժամանականրի բազմատաղանդ բանաստեղծուհիներից է, – իր կարծիքը կիսեց Հրանուշ Հակոբյանը։

«Երկրից դուրս ապրելն անշրջելի թերացում է։ Գիրքն ընդամենը զգացական խտացումներ են երկրից ու նրանում ապրող սիրելի մարդկանց մասին, որոնք մեծահոգաբար տեր են կանգնում ու առանց իմ ներկայության պատսպարում հայրենիքս։

Կուզենայի խոստովանել, որ առանց իմ հայրենական սկզբնաղբյուրների ես չէի կարող ապրել ու արարել արտերկրում, իսկ իմ հետդարձի ճանապարհներն այսքան հաջորդական չէին լինի։

Ճանաչեք ինձ իմ գրքով, ես այնտեղ եմ ապրում», – միջոցառումը եզրափակեց «Տարիքի հոգին» գրքի հեղինակ Թամար Հովհաննիսյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով