fbpx

Սթիվեն Քինգի «Ընտանի կենդանիների գերեզմանոցը» իրական պատմություն է

«Սարսափի արքա»-ի մասին խոսելիս կարիք չկա հավելյալ տեղեկություններ հաղորդելու, քանի որ նրա մասին գիտեն գրեթե բոլորն ու ամեն ինչ։ Կարելի է ասել, որ վերջին տարիներին գրողը ոչ միայն էկրանավորվում է մի քանի անգամ, որոնք դառնում են համաշխարհային կինոհիթեր, այլև վերաթողարկվում են (reboot) նախկինում արդեն իսկ էկրանավորված ստեղծագործությունները։ Այս տարի, 2019 թվականի ապրիլի 4-ին էկրաններին կբարձրանա Սթիվեն Քինգի «Ընտանի կենդնանիների գերեզմանոց» հայտնի վեպի ադապտացիան, որը թվով երկրորդն է․ առաջին էկրանավորումը կատարվել է 1989 թվականին ռեժիսոր Մերի Լամբերտի կողմից։ Բացի ֆիլմի սցենարը գրելուց Քինգը նկարահանվել էր նաև քահանայի դերում։ Թե ինչ կլինի նոր ֆիլմում, պարզ չէ, սակայն մենք ունենք գիրքն ընթերցելու (որն արդեն արել ենք), վերլուծելու և սպասվող կինոշղթայից սեփական պահանջները ներկայացնելու ժամանակ ու հնարավորություն։

«Ընտանի կենդանիների գերեզմանոց» սարսափ, պոստմոդեռնիստական գոթիկա ժանրերում գրված վեպը լույս է տեսել 1983 թվականի նոյեմբերի 13-ին Doubleday հրատարակչության կողմից։ Սրա հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ և փաստեր կան, բայց մինչ դրանց անցնելը, հակիրճ ներկայացնենք սյուժեն։ Մասնագիտությամբ բժիշկ Լուիս Քրիդն իր կնոջ՝ Ռեյչելի և երկու մանկահասակ երեխաների հետ տեղափոխվում է Լուդլոու քաղաքում նոր բնակարան, որի մոտակայքում գտնվող ընտանի կենդանիների գերեզմանոցում թաղված են տան դիմացի մայրուղու վրա մեքենաների կողմից սպանված բոլոր կենդանիները։ Հարևան Ջուդ պապիկը սկզբում ցույց է տալիս, այնուհետև պատմում է այն մասին, որ այդ գերեզմանոցից մի քանի մղոն հեավորության վրա գտնվող սարի գագաթին կա միկմակ ցեղի ժողովուրդների հին գերեզմանոց, որտեղ թաղված յուրաքանչյուր էակ վերակենդանում է։ Սկզբում այդ մայրուղու զոհ է գնում Քրիդների Չերչիլ, կարճ՝ Չըրչ անունով կատուն, իսկ հետո՝ նրանց մտավոր հետամնաց երկու տարեկան որդի Գեյջը։ Քինգը սովորաբար իր հերոսներին դնելով ֆիզիկական անհարմարությունների և տհաճությունների մեջ, այս անգամ շեշտը դրել է նրանց հոգեկան տառապանքների վրա։ Շոշափելով մահվան թեման՝ նա այս պատմության մեջ օգտագործում է երեխա կորցնելու և նեկրոֆոբիայի ծանր հետևանքներում կատարվող սարսափելի տեսարանները։ Լուիսը չի համակերպվում որդուն կորցելու մտքի հետ, վերակենդացնում է նրան, սակայն ինչ է լինելում հետո, չենք ասի՝ գոնե դա որպես ինտրիգ թողնելով։

Քրիդների ընտանիքը նոր ադապտացիայում

Թեև վեպի գլխավոր հերոսը բժիշկ Լուիսն է, բայց նա կարծես կողմնակի անձ լինի այստեղ, որին, եթե գրքի սկզբում ղեկավարում է բանականությունն ու հետաքրքրասիրությունը, ապա կեսից՝ սուր արտահայտված զգացմունքներն ու պահերի ազդեցությունները։ Ավելի համոզիչ է նրա կինը՝ Ռեյչել Քրիդը։ Նա կնոջ դասական կերպար է՝ «համեմված» մանկական վախերով ու հոգեբանական տրավմաներով։ Ռեյչելի մանկության մասին խոսելիս անհնար է չհիշատակել նրա մահամերձ քույր Զելդային, որի հետ կապված պատմությունը թույլ է տալիս բացահայտել կերպարի հուզական դաշտը, խիղճն ու բարոյականությունը։ Զելդան Ռեյչելի ավագ քույրն էր, ով, տառապում էր մենինգիտով։ Հիվանդությունը նրան դարձրել էր չար, տհաճ ու զզվելի, մանուկ Ռեյչելը մշտապես լսում էր նրա հայհոյանքներն ու գոռոցները։ Մի օր էլ ծնողները նրան մենակ էին թողել նրանց, և Ռեյչելը ստիպված էր ինքը տալ քրոջ դեղերը, արդյունքում նա տվեց կրկնակի չափաբաժին՝ սպանելով քրոջը։ Այս դեպքը պատահել էր ծնողների անպատասխանատվության պատճառով, որը Քինգը մի քանի անգամ շոշափում է գրքում տարբեր հերոսների մոտ։ Զելդայի մահը Ռեյչելն իր ամուսնուն պատմում է գրքի ընթացքում, իսկ մինչ այդ թեման միշտ փակում էր և ընկնում հիստերիայի մեջ․ Ռեյչելն իրեն մեղավոր էր զգում իր զգացածի պատճառով, քանի որ Զելդայի մահն էին ցանկանում ընտանիքի բոլոր անդամները, և նա կարծես ամոթանք լիներ իրենց բարձր դիրքով ընտանիքի համար (բարևում ենք Կաֆկայի «Կերպարանափոխության» Գրեգոր Զամզային)։ Մի խոսքով՝ Զելդան սարսափի հիմնական աղբյուրն է այս գրքում, քանի որ հենց նա է ստիպում փշաքաղվել ողջ գրքի ընթացքում, դուք նրանից կզզվեք ու կվախենաք։ Սպասվող ֆիլմի թրեյլերում երևում է, որ այդ զգացողությունները կրկնվելու են նաև այն դիտելիս։

Ռեյչելի քույր Զելդան նոր ադապտացիայում

Խոսենք այն մասին, թե որքանով է «Ընտանի կենդանիների գերեզմանոց»-ն իրական պատմություն։ Քինգը Մենի համալսարանում գրողական վարպետաց դասեր տալու ժամանակ  (1979 թ․ սկիզբ) տեղափոխվում է նոր աշխատավայրին մոտ բնակարան, որը տեղակայված էր աշխույժ մայրուղու վրա և որտեղ էլ սլացող մեքենաները տրորում էին կենդանիներին։ Տարածքի մոտ երեսուն երեխաներ սայլակներով դիակները տանում էին թաղելու ու հոգեհանգստի նման մի բան կազմակերպում, իսկ գերեզմանոցի մուտքի գրված էր՝ Pet Sematary: Ուշադրություն դարձնենք անվանմանը՝ անգլերենում գերեզմանոց բառը գրվում է Cemetery, բայց քանի որ հեղինակը երեխաներ էին, նրանք կարող էին իրենց սխալներ թույլ տալ։ Եթե ճիշտ դատենք, ապա հայկական կինովարձույթում ֆիլմը պետք է հայտնվեր ասենք՝ «Ընտանի կենդանիների գերեսմանօց» տարբերակով՝ մեկ բառում անելով երկու ուղղագրական սխալ մեկը ձայնավորի, մյուսը՝ բաղաձայնի հետ։ Չշեղվենք բնօրինակ դեպքերից և շարունակենք նրանով, որ Քինգենց  տան կատուն՝ Սմաքին նույնպես ընկել է մեքենայի տակ, որի թաղման ժամանակ գրողի դուստրը պահանջել է ետ վերադարձնել իր սիրելիին։ Կատվի թաղմանից երեք օր անց Քինգի մոտ առաջանում է գրքի գրման մտահղացումը՝ ինչ կլիներ, եթե դստեր կատուն ետ գար, բայց լիովին ուրիշ տարբերակով։

Գրված վեպը որոշվել էր չտպագրել, քանի որ թե՛ հեղինակը, թե՛ նրա կին Թաբիթան, թե՛ հրատարակիչը կարծում էին, որ այն չափազանց սարսափելի է, բայց եղավ այն, ինչ եղավ․․․ Գիրքն արդեն չորս տասնամյակ է ինչ կա և մինչ օրս համարվում է Քինգի ամենավախենալու ստեղծագործոթյունը այն դեպքում, երբ ըստ որոշ քննադատների՝ սարսափն այստեղ շատ մակերեսային է ներկայացված։

Այս ամբողջ վերլուծության նպատակը դիտողին ուղղորդելն ու պատրաստելն էր, ուստի պետք է նշենք ամենաակնառու տարբերությունը գրքի և ադապտացիայի միջև, որոնք ֆիլմում կարող են ավելի շատ լինել, քան երևում է թրեյլերներում։ Այսպես, գրքում մահանում է տղա երեխան, իսկ ֆիլմում՝ աղջնակը, ով ի դեպ բնօրինակ տարբերակում ունի կամ շատ ուժեղ ինտուիցիա կամ պայծառատեսություն։ Ի դեպ, լավ կլինի, եթե նրա այդ ունակություններն ուղղակի չլինեն ֆիլմում, քանի որ ստիպված պետք է Քինգի «Փայլատակում»-ն էլ («The Shining») բառևենք։

Սպասվող ֆիլմի հանդեպ նախատրամադրվածությունը առավելագույնս դրական է, ռեժիսորներն են՝ Քևին Քոլշն ու Դենիս Ուիդմայերը։ Լուիսի դերում Ջեյսոն Քլարկն է, կնոջ՝ Ռեյչելի՝ Էմի Սեյմեցը, իսկ պապիկ Ջուդին մարմնավորում է Ջոն Լիթգոուն։

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով