fbpx

Մոտիվացիոն գիրք կատարելագործվել ցանկացողների համար | Սպենսեր Ջոնսոն՝ «Լաբիրինթոսից դուրս»

Սեպտեմբերի 13-ին «Էլիտ պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցած Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գրքի շնորհանդեսի սկզբում ներկաները 30 վայրկյանի ընթացքում շրջեցին դահլիճում ու գործնական բարևեցին միմյանց, հետո նույն ժամանակահատվածում իրար բարևեցին ինչպես երկար ժամանակ չտեսած ընկերոջը։

«Այսպես էր սկսում Քեն Բլանչարդն իր բոլոր թրեյնինգները, որի նպատակը միջավայրի էներգիան դրականացնելն է», – հավաստիացրեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։ Քեն Բլանչարդն այն մարդն է, ում հետ համատեղ Ջոնսոնը գրել է «Նոր Մենեջեր «Մեկ րոպե»» մենեջմենթի մասին պատմող աշխարհում համար մեկ բեսթսելերը։

Դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Սպենսեր Ջոնսոնի անունը շատերին հայտնի է «Ու՞ր է իմ պանիրը» գրքով, որը հեղինակը գրել է կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով։ Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով՝ որքան էր այն օգնում նրանց կյանքում և աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց։ Այնուամենայնիվ Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան, և հեղինակը ձեռնամուխ է լինում նոր գրքի՝ «Լաբիրինթոսից դուրս»-ի ստեղծմանը։ Մոտիվացիոն գիրք, որն իսկապես շատ մարդկանց կյանքեր է փոխել։ Եթե «Ու՞ր է իմ պանիր»-ում խոսվում էր փոփոխության հետ առերեսվելու, ապա այս մեկում խոսվում է արդեն արկղից դուրս նայելու, լաբիրինթոսից ընդհանրապես դուրս գալու մասին։

Թարգմանիչ Նազելի Կարապետյանը Ջոնսոնի հայերեն թարգմանված բոլորի գրքերի հեղինակն է և կարծում է՝ ամենահեշտը երրորդ գիրքը թարգմանելն էր, փորձառությունը զգացնել էր տալիս․

– Էլի եմ ասել, չեմ ուզի կրկնվել, բայց դժվարությունները միշտ էլ նույնն են, եթե գրողի ոճն ավելի պարզ է, դու պարզապես  աշխատում ես գործնական բառամթերքի ընտրության վրա։ Միշտ կա բարդություն անգլերեն լեզվական կառույցները բերել հայերեն լեզվամտածողության, իսկ մնացածը բառապաշարի հարցն է, որն էլ փորձում էի հնարավորինս մոտ պահել բնագրին։

Վերջին տարիներին մոտիվացիոն գրքերի առատության վերաբերյալ միջոցառման ընթացքում հնչեց մի կարծիք, ըստ որի՝ Սպենսերի գրքերն առանձնանում են իրենց քրիստոնեական հիմքով, ի տարբերություն նման գրքերի բուդդիստական դրսևորումների։

Այն հարցին, թե ում համար է գիրքը, թարգմանչուհին պատասխանեց․

– Գիրքը կատարելագործվել ցանկացող մարդկանց համար է։ Հեղինակը խրախուսում է պայքարող, անվերջ որոնող մարդկանց։

Ուշագրավ է այն փաստը, որ գրքի հայերեն թարգմանությունը լույս տեսավ նույն օրը, ինչ բնօրինակ տարբերակն ԱՄՆ-ում։ Սա բացառիկ երևույթ է և հույս ունենանք, նաև շարունակական։

– Մենք նպատակ ունեինք հասցնել շնորհանդեսը կազմակերպել ԱՄՆ-ի հետ համատեղ նույն օրը։ Թարգմանչական, խմբագրական և հրատարակչական ողջ աշխատանքները կատարվել են մոտ մեկ ամսում, – ասաց Նազելին։

Սպենսեր Ջոնսոնի «Ու՞ր է իմ պանիրը» աշխարհի 20 ամենավաճառված գրքերից մեկը երբևէ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով