fbpx

Սմբատ Բունիաթյան՝ «Ով է Աստծո նման» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 11-ին «ՆՓԱԿ»-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) տեղի ունեցավ արձակագիր Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» գրքի շնորհանդեսը։ «Փայլուն վիպակ է, որը կարդալիս չէի հասկանում, թե ինչու է Վիետնամի մասին։ Այն պատմում է վիետնամական պատերազմին և նվիրված է ամերիկյան հերոսներին, սակայն հեղինակի համակրանքը մյուսների կողմն է։

Մի տողում նա ասում է՝ ամերիկացին չգիտեն ինչի համար է կռվում, իսկ վիետնամացին՝ հողի ու ջրի։ Գլխավոր հերոս կապիտան Գոմեսն ու իր կինը որդեգրում են Միքայել անունով հայ երեխա։ Միքայել անունը նշանակում է՝ ով է Աստծո նման։ Հենց այդ ժամանակ էլ սկսում է պատերազմն ու երեխայի բարդ ճակատագիրը», – ասաց արձակագիր Էդվարդ Խաչիկյանը։

Ըստ Միքայել Հայրապետյանի՝ այս վիպակն ուշագրավ է ոչ միայն նախորդ դարակեսի ամերիկյան միջավայրի նկարագրմամբ, այլև այն պատերազմի մեկնաբանմամբ, որը կատարվում է ժամանակակից մարդու ներաշխարհում։ Մենք չենք պատերազմ չենք ունեցել, ունեցել ենք Եղեռն, պատերազմել են ռուսն ու թուրքը, իսկ մենք՝ ցեղասպանվել ենք։ Մենք պատերազմ տեսանք Երկրորդ համաշխարհայինին, այն էլ՝ որպես կցորդ Խորհրդային կայսրության։ Մենք չզգացինք պատերազմի «բերկրանքը», այլ միայն ճաշակեցինք 300,000 հայ զոհերի ողբերգությունն ու չորս տարի անց 50,000-ի աքսորը։ Այժմ Սմբատ Բունիաթյանը, որ ճակատագրի բերմամբ ոչ կարճ ժամանակով եղել է առաջնագծում, բերում է պատերազմի նոր բացահայտում։ Հեղինակը որոնում է ու չի գտնում՝ ներսի՞ պատերազմն է իրական, թե՞ հակառակը։

«Մեր օրերի պատերազմները հանգեցնում են քաղաքակրթությունների համարյա իսպառ վերացման, մի քանի սերունդների համար անտերունչ ապագայի։ Հատուկ պետք է նշել վիպասանի գործածած լեզվի հարստությունը, շարադրանքի ոճը։ Երկը հարուստ է հեղինակային խոսքերով, որոնք կարող են թևավոր խոսքեր դառնալ», – բանաստեղծ Հասմիկ Սարգսյան։

Միջոցառման ընթացքում «Ով է Աստծո նման» գրքից հատված կարդաց դերասանուհի Գայանե Եղիազարյանը։ Սմբատ Բունիաթյանի գրչին են պատկանում 1997 թ․ «Արևաշապիկ» պատմվածքների ժողովածուն և 2008 թ․ «Բառեր» թանկաները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով