fbpx

Սևակ Արամազդ | «Մի մեծ լուսաբաց» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 8-ին Լոֆթում տեղի ունեցավ հայ ժամանակակից գրող Սևակ Արամազդի «Մի մեծ լուսաբաց» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։

«Հայերեն գիրք բառի արմատը գիրն է, որը նշանակում է հուր, կրակ։ Նվիրական ցանկությունս է, որ այստեղից գնալիս ձեզ հետ այդ հրից մի կայծ տանեք», – ասաց Սևակ Արամազդը։

Ըստ գրողի բանաստեղծությունը սկսվում է մանկությունից։ Ետ հայացք գցելով նա ապրում էր մի պայծառ, հավերժական զգացողություն։ Ամեն ինչ հավերժական էր՝ տունը, հավերը, սարերը․․․Այսպես ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը, երբ քույրը բացատրեց, որ իրենք ապրում են մի մեծ գնդի վրա, որտեղ կա կյանք ու մահ, որտեղ այն ամենն ինչ ունի սկիզբ, ունի և վերջ։ Նա ապրեց իր կյանքի մեծագույն ցնցումը, որն իրեն ուղեկցում է մինչ օրս։ Հիասթափությունը դադարեց, երբ սովորեց հայոց տառերն ու գրեց իր առաջին բանաստեղծությունը։

Շարունակելով բանաստեղծության մասին իր մտորումները՝ Սևակն ասաց․ «Ոչ թե բանաստեղծն է ստեղծում բանաստեղծություն, այլ բանաստեղծությունն է ծնում բանաստեղծ։ Այս աշխարհում ամեն ինչ կարող է դառնալ բանաստեղծություն»։

Գրքի ստեղծագործություններից մի քանիսը կարդաց վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանը, ում գրողն անվանեց վերամարմնավորման թագուհի․ «Սևակն ինձ համար մեծ արվեստագետ է, հզոր մտավորական, բայց այդ ամենն ինձ համար չէր լինի, եթե իր գրականությունում չտեսնեի այն մեծագույն սերը, սերն ուղղված մեզ բոլորիս, հայերիս։

Երբ ես առաջին անգամ կարդացի նրա «Արմեն» գործը, հասկացա, որ գտել եմ իմ կյանքի վեպը։ Եվ չնայած նրան, որ հերոսը վերջում մեռնում է, դրան հակառակ ես կարծես լիցքավորվում եմ հարության ուժով։

Մեծագույն սիրով ու բերկրանքով փոխանցում եմ քո խոսքերի, քո հոգու լուսաբացից պատառիկներ»։

Հեղինակը նշեց նաև, որ բանաստեղծությունների բոլոր վերնագրերը դրված են որոշյալ առումով։ Ըստ նրա՝ որոշյալ հոդերը միանգամից կենդանացնում են առարկան, ձևավորում մի ամբողջ կերպար։ Ուրիշ բան է ասել ուղղակի տուն, և ուրիշ է՝ տունը։

«Մի մեծ լուսաբաց» գիրքը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության կողմից, խմբագիր՝ Սլավիկ Հովհաննիսյան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով