fbpx

Սելինջերի որդին կհրատարակի գրողի անտիպ ստեղծագործությունները

Ջերոմ Դևիդ Սելինջերի ճգնավորության ժամանակ գրված անտիպ գործերն այնուամենայնիվ կտպագրվեն, «The guardian»-ի հետ հարցազրույցում հաստատել է գրողի որդի Մեթ Սելինջերը։

Սելինջերի վերջին պատմվածքը տպագրվել էր 1965 թվականին, «New Yorker» ամսագրում։ Մոտ կես դար գրողն ապրում էր գաղտագողի՝ թաքնվելով Քորնիշ քաղաքի (Նյու Հեմփշիր նահանգ) հետաքրքրասեր աչքերից։ Բամբասանքներ էին պտվվում, որ այդ տարիները, մինչև մահ՝ 2010 թվականը, Սելինջերը նվիրել է գրականությանը։

Գրողը սահմանափակվում էր մտերիմների հետ շփումով, որպեսզի ոչինչ չշեղեր նրան գրելուց։ Նա կարող էր մեքենան կանգնեցնել ճամփեզրին ու սևագրեր ապագա պատմվածքը, իսկ տանն ամենուրեք նշումների տետրակներ էին, պատմում է Մեթը։

Սելինջերի մահվանից հետո նրա ձեռագրերի հեղինակային իրավունքները ստանձնել են Մեթն ու հեղինակի կինը՝ Քոլին Օ՛Նիլը։ 2011 թվականից նրանք միասին աշխատում են ձեռագրերի վրա։

«Նա (Սելինջերը) խնդրել է ամեն ինչ հավաքել, իմանալով, որ աշխատանքի մասշտաբները երկար ժամանակ են պահանջելու։ Նա 50 տարի գրել է․ խոսքը հսկայական քանակով ձեռագրերի մասին է, ուստի բանը ո՛չ չցանկանալն է, ո՛չ էլ թաքնցելը։ Երբ նյութը պատրաստ լինի, մենք այն կհրապարակենք», – ընդգծել է Մեթը։

Նրա խոսքով՝ գործընթացը կարող է ևս մի քանի տարի տևել, բայց նա հույս ունի, որ ձեռագրերը լույս կտեսնեն առաջիկա տասը տարում։

Այս տարի երկրպագուները նշեցին Սելինջերի 100-ամյակը։ Նրան մեծ հաջողություն է բերել 1951 թվականին թողարկված «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով