fbpx

Տետրերի վերջին էջերին գրված պոեզիա | Ռուզան Ազիզան «Չսիրելուց երկու օր անց»

Լրագրող Ռուզան Ազիզյանի «Չսիրելուց երկու օր անց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 27-ին։ Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական կայքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։

— Վերնագիրն աբողջացնում է գրքի բովանդակությունը՝ սիրո մասին բանաստեղծություններ, որոնք ոչ թե բռնկուն, երիտասարդական ավյունով են վետվետում, այլ հասուն սիրո դրսևորումներ են կամ սիրո անցած էտապ։ Այդ անցած էտապներում հիշվում է, որ սերը եղել է, – ասաց «Գրանիշ»-ի գլխավոր խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

Ըստ Հասմիկի՝ այն հասուն մարդու բնազդների մասին գիրք է, որի հեղինակի մոտ կա կյանքի հետ համակերպվածություն։ Նա փաստեց նաև գրքում հայ ժամանակակից պոեզիային բնորոշ հեգնական խաղի առկայությունը։

Հեղինակ Ռուզան Ազիզյանը խուսափեց մասսայական մեկնաբանել իր բանաստեղծությունները, որոնք նա երբեմն պոեզիա էլ չի համարում, և հրավիրեց բոլոր ցանկացողներին իր հետ սուրճ խմելու ու իր պոեզիայից զրուցելու։

— Բանաստեղծություննները գրվել են ամենաջահել տարիներին՝ տետրերի վերջին էջերին ճղճղված թղթերի վրա։ Դրանք այդտեղ էլ կմնային, եթե չլիներ Հասմիկը, – ասաց Ռուզանն ու մանրամասնեց, որ «ամենասպիտակ մազերով բանաստեղծությունը» գրվել է 16 տարեկանում։

Գրքի և շապիկի  ձևավորումն Էդիկ Պողոսյանինն է։ Շապիկին ոչ շատ ընդգծված խնձոր է, որը խորհրդանշում է կնոջը։

«Չսիրելուց երկու օր անց»-ի մասին գրականագետ Անի Հովնանն ասաց, որ այն ունի ամբողջական կոնցեպտ․ Ռուզանը կամերային կերպար է, իր բանաստեղծությունները՝ իր իսկ ասած՝ սուրճի սեղանի պոեզիա (ներաշպարհի, իր անձնական ապրումների մասին)։ Նրա թիրախն էլ հենց այդ փոքրիկ-փոքրիկ հույզերն են։

— Իր լեզվական կաղապարները ոնց որ մատրյոշկաներ լինեն անընդհատ ասում է՝ որովհետև, ինչը, իսկ․․․ Գիրքն ասես «Ռուզան» անունով մի մեծ բանաստեղծություն լինի, – վերլուծեց Անին։

Թե որքանով է ժուռնալիստիկան ազդել, օգնել կամ խանգարել պոեզիա գրելուն, Ռուզան Ազիզյանն ասաց, որ ո՛չ օգնել է, ո՛չ էլ խանգարել, նույն գրելու պրոցեսն է, ուղղակի մի դեպքում բանաստեղծություն ես գրում, մյուսում՝ հոդված, որը երբեմն կարող է պոռթկումի գալուն պես դառնալ բանաստեղծություն։ Լինում է նաև, երբ հոդված ես գրում, բայց որոշ մարդկանց համար դա բանաստեղծություն է։

Մեդիայի կողմից գրականության ներկայիս անդրադարձի բավարար լինելու հարցին նա պատասխանեց․

— Լավ գրականությունը դրա կարիքը չունի և իր ուղին կհաղթահարի առանց մեդիայի անդրադարձի։ Այլ բան է, որ Հայաստանը փոքր շուկա և դժվար է այդ փոքր շուկայի համար գրականություն ստեղծել, հաջողություն ունենալ, գրողները միլիոնատեր դառնան այս դեպքում է անհրաժեշտ մեդիայի օգնությունը։

Ռուզան Ազիզյանը կարդում է հայ բոլոր ժամանակակից գրողներին, որոնցից առանձնացրեց Մարինե Պետրոսյանին և Հասմիկ Սիմոնյանին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով