fbpx

Ռուսական ստարտափը մտադիր է գովազդը տիեզերք ուղարկել

StartRocket ստարտափի հիմնադիր Վլադիլեն Սիտնիկովը պատրաստվում է մեկնարկել տիեզերական գովազդի իր մտահղացումը։ Ըստ իր ծրագրի՝ մինչև 2021 թվականը Երկրի ուղեծրից 500 կիլոմետրի վրա կհանվի 200 արբանյակից կազմված գովազդային վահանակ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Հաջորդ տարի պատրաստ կլինի այս ամենի նախնական տարբերակը։ Գիտնականները նախագծին թերահավատորեն են մոտենում․ վահանակը միշտ տեսանելի չի լինի, բացի այդ, գովազդային արբանյակները կխանգարեն ուսումնասիրություններին։

Նախագծի էթիկայի, ինչպես նաև իրավական կարգավիճակները դեռ հարցականի տակ են։ «Նոր ժամանակները նոր աստվածներ են պահանջում», — քննադատություններին այսպես է  պատասխանել ձեռներեցը։

Բացի գովազդից, այն կցուցադրի կարևոր միջոցառումների տարբերանշանները, այնպիսին, ինչպիսիք են՝ Օլիմպիական խաղերը կամ Սուպերբոուլը (Super Bowl), ինչպես նաև կարևոր հաղորդագրություններ կուղարկվի մոլորակի այն հատվածներ, որտեղ չկան կապի միջոցներ։ Վահանակները կարող են ծառայել նաև աղետների ժամանակ։

«Մարդիկ ինձ ատում են, որովհետև կարծում են՝ տարիներ անց ամբողջ երկինքը պատված կլինի գովազդով», – ասել է Սիտնիկովը, պարզաբանելով, որ իր տեխնոլոգիան այդպիսի «կպչուն ու ուներես» չի լինի։

Նախագծի մոտավոր գինը կազմում է 150 միլիոն դոլար։ Ընկերությունը հույս ունի, որ գովազդի ամեն ութ ժամվա ցուցադրության համար գովազդատուներից կվերցնի 200,000 դոլար։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում այս ամենի վերաբերյալ, արդյո՞ք արժե գիշերային աստղալից երկինքը պատել գովազդով, թեկուզ՝ ոչ այնքան «կպչուն» մասշտաբների։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով