fbpx

Պադրէ | լուսնի հակառակ կողմը չլուսավորվեց

կայծ

 

ձեռքդ հպիր ձեռքիս,

կտրուկ,

նրանք հիմա նման են կայծքարի`

ակնթարթում կկայծկլտան,

ձեռքս մոտեցնեմ սրտիդ,

ձեռքովդ կպիր ձեռքիս,

թող կայծից բռնկվի սիրտդ,

թող որ զգաս,

թող ցույց տամ քեզ անծանոթ տիեզերքը,

թող ցույց տամ քեզ մի բան,

որը ես է կոչվում ու

որին նույնիսկ ինքս չեմ տեսել.

ես էգոիստ եմ,

այո-այո…

ես էգոիստ եմ,

ես եսասեր եմ

իսկ էգոս, եսս, ինքս`

դու ես.

ես քեզամոլ եմ,

քեզասեր,

քեզապաշտ,

քեզահավան…

 


 

խաբեություն

 

քայլենք իրար հետևից,

քայլենք այսպես.

ես կքայլեմ, իսկ դու ոտքերդ կհարմարեցնես

այն փոսիկների մեջ,

որոնք առաջացրել են իմ ոտքերը։

 

դրանով մենք կշեղենք բնությանը`

կհասկանա, թե մի ենք,

կգիտակցի, որ այն, ինչ վառվելուց միմիայն մոխրանում է,

ձուլվեց մեր մեծ սիրո տաքությունից։

 

խոսենք իրար հետ հավասար,

կանենք այսպես.

կնայես աչքերիս մեջ, ձեռքդ դրած սրտիս

և ինքնըստինքյան կարտաբերես այն բոլոր բառերը,

որոնք կարտաբերեմ ես` կարտաբերենք հավասար։

 

կշնչենք հավասար,

կտեսնենք հավասար,

կերգենք համահունչ,

կշնչենք հավասար,

կշնչենք հավասար,

կշնչենք հավասար։

 

հավասար կնայենք իրար,

հավասար կժպտանք,

հավասար կապրենք,

հավասար կսիրենք իրար,

բայց ես մի քիչ ավելի շատ…

 

հավասար կարթնանանք ու

մի խոսքով,

ամեն ինչ կանենք հավասար

ու

բնություն կոչվածը չի փորձի մեզ բաժանել,

որովհետև մեկը,

մի անձը,

մի եսը,

մի մարդը երկու մասի չի բաժանվում…

 

դէ հա, մեր մոտ անձի երկվություն է,

բայց էդ ամենն իրականում գտնվում է

գիտակցական դաշտում…

 

կարևորն այն է, որ իրար կհամբուրենք հավասար։

 


 

չարի վերջը

 

լուսնի հակառակ կողմը չլուսավորվեց,

իսկ ես ակնկալում էի,

որ տածածս լույսը կլուսավորի,

նույնիսկ լուսնի մութ կողմը

տածածս ջերմությունը կհալեցնի,

իսկ էդ ջերմությունից սերը ոչ թե եռաց,

այլ շատ մեծ արագությամբ սառեց

ու դարձավ չհալվող սառույց,

այն սառեցրեց ամեն ինչ,

նույնիսկ արևի վրայի լավան

դարձավ չոր, անտեսանելի սառույց,

որն ուղղակի լույս էր տալիս,

իսկ ջերմությունը

արևի ջերմությանը մի քանի միլիոն

անգամ գերազանցող ջերմությունը

մնաց միայնակ,

մնաց անլույս,

մնաց անկրակ,

մնաց անսեր,

որովհետև այս անգամ

ցուրտը հաղթեց ջերմությանը,

որովհետև այս անգամ,

այս հեքիաթում

չարը կոտրեց հեքիաթային կարծրատիպն

ու հաղթեց անժամանակ բարուն։

 


 

թունդ

 

դու, որ իջել էիր երկնից,

քեզ հետ բերել էիր

սեր տիեզերական,

իսկ տեզերքին դու այդպես էլ

չկարողացար ճանաչել։

սեր բերեցիր, բայց ունենալով,

ավելի ու ավելի շատ ցանկացար,

սեր խլեցիր, էնքան վերցրիր

մնացի անսեր,

մնացի անքեզ,

մնացի։

-մնա,

-գնացի, լավ մնա…

 

մնացի,

բայց լավ չմնացի,

առանց քեզ բարի գիշեր ասելու

քնեցի,

բայց երազիս էլ գնացիր,

առանց ձայնդ լսելու

պտտվեցի,

ձեռքս դրի բարձի տակ,

հարմարեցրի գլուխս բարձին

ու բարձի մեջ լսեցի ոտնաձայներդ…

հոգուդ ոտքերն էին,

ուղեղիս ու սրտիս քացիներ էին տալիս,

իսկ ես չհապաղեցի,

վերցրի կացինն

ու մխրճեցի ճակատիդ մեջ։

 

գնաս բարով իմ երբեմնի երջանկություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով