fbpx

Նունե Վարդումյան | Ինքս իմ առջև, ինքս ինձ հետ

  ***

Հեռու, շատ հեռու մեզնից

Կար մի միայնակ դղյակ,

Կախված էր այն լիալուսնից,

Կախված էր միայնակ։

Գալիս էին երկու ուրվական,

Դղյակում իրար գտնում,

Տիեզերքում անսահման

Երազներ էին հյուսում։

Հեռու էր նրանցից

Աշխարհը այս պղտորված,

Հեռու էին նրանք ստից,

Սեր էր նրանց հավերժ տրված։

Անհունության մեծ ծովում

Շրջում են երկու ուրվական,

Հավերժության ճամփեքում

Սեր է տրված իրական։

***

Այնպես անուշ է ձայնը անձրևի,

Այնքան գեղեցիկ կայծակը շաչող,

Այնքան եմ սիրում Որոտն ամպերի,

Եվ այս ամենը գիշերում գերող։

Խավարն է իշխում ամեն անկյունում

Թաց փողոցները կանչում են կրկին,

Միայն փայլակը ընդմիջում անում,

Ու լույս է բերում մթնած քաղաքին։

Հոգիս տենչում է` փախչել չորս պատից,

Դուրս թռչել փողոց,վայելել քամին,

Հաճույք ստանալ թաց կաթիլներից,

Ու լինել ազատ, լինել անմեկին։

            ***

Ես կորել էի խավարում,

Անտառ էր մութ, ահարկու,

Ծառերն էին սոսափում,

Ձայն էր հանում հեռվում մի բու։

Կուրացել էին աչքերս,

Չէի տեսնում ոչինչ,

Փակվել էին ականջներս,

Լսում էի միայն սրտիս։

Փակ աչքերով իմ երկու

Երազներ էի հյուսում

Ու դյուրհավատ սրտով

Այդ ստերին հավատում։

Եվ քայլում ինքնամոռաց,

Աչքերս փակ, սիրտս բաց

Եվ քայլում մութ խավարում,

Կարծես մի լույս աշխարհում։

Բայց եղավ այն, ինչ եղավ,

Հայտնվեց չարքն ահարկու,

Խորհրդավոր քայլով եկավ,

Բացեց աչքերս երկու։

Այդժամ տեսա մութ անտառ,

Շուրջս խիտ ծառեր, խավար,

Ականջներս բացվեցին,

Լսեցի ձայնը բվի,

Վախը պատեց իմ սրտին,

Կորավ լույսն իմ աշխարհի։

Ու քայլում եմ խավարում

Վախը սրտումս անանց,

Չարքն է միշտ հետս շրջում,

Իսկ չարքի անունն է կյանք։

    ***

Սրանից շատ-շատ տարիներ առաջ

Քայլ արեց Չարը Բարուն ընդառաջ,

Ասաց, թե ես եմ տերը աշխարհի,

Դու էլ ծառաս ես, դե ծնկի իջիր։

Բարին հաստատուն կանգնեց իր տեղում,

Եվ ասաց.- Ես եմ աշխարհը պահում,

Ես եմ միշտ փրկում մարդկանց բոլորին,

Դու էլ սրտումդ տեղ տուր Բարիին։

-Երբեք,- ասաց նեռ Չարը դժկամ,

-Ուզում ես Բարի, քո դեմ ծնկի՞ գամ,

Ավելի լավ է, եկ, մենամարտենք,

Մեզնից ով հաղթեց, նրան ենթարկվենք։

Բարին էլ ասաց. -Թող այդպես լինի,

Մեզնից հզորը թող հավերժ տիրի։

Կռվում են առ այսօր Չարն ու Բարին,

Իսկ մենք սպասում ենք կռվի ավարտին,

Թե ով կհաղթի ու երբ կհաղթի,

Մեզանից ոչ ոք, ոչ ոք չգիտի։

***

Վիճակվել է մեզ, չգիտես ինչու,

Լինել իրարից հեռու ու բաժան,

Սիրել միշտ իրար, բայց ձևանալ կույր,

Անտեսել սերը ,տառապել անձայն։

Վիճակվել է մեզ այս մութ աշխարհում,

Երբեք չվառել լույսը մեկմեկու,

Երբեք չքայլել քարոտ ճամփեքում

Ինչպես երազող ուրվական երկու։

Վիճակվել է մեզ իրար տեսնելիս,

Փոխել մեր ճամփան ու հեռու գնալ

Վիճակվել է մեզ սիրել միշտ իրար,

Բայց հուր հավիտյան բաժանված մնալ։

***

Գիշեր էր, խավար․

Կուզեի ասել, որ լուռ փողոցում

Ես էի ու նա։

Բայց ցավը այն է, որ բազում մարդիկ,

Տրորում էին փողոցն անխնա։

Շատ էին մարդիկ,

Բայց իմ հայացքը

Ամեն անկյունում,

Ամեն անցորդի քայլում ու խոսքում

Նրան էր փնտրում։

Եվ ահա հանկարծ,

Երբ հույսը ինձ մենակ էր թողել,

Ես տեսա նրան

Եվ աշխատեցի մեկ հայացք խլել։

Լուսնի լույսի տակ

Նայեցի դանդաղ

Նրա աչքերին խոր ու անհատակ։

Նա չնայեց ինձ,

Բայց հաստատ զգաց

Թախծոտ հայացքս իրեն սևեռված,

Դուրս թռավ հոգիս,

Թևածեց այդժամ․

Նրան գուրգուրեց քամուն խառնված։

Նա զգաց քամու սոսափը միայն,

Սակայն իմ սիրտը փոթորկվեց անձայն։

Վերջին անգամն էր,

Որ տեսա նրան,

Մի վերջի անգամ մենք հանդիպեցինք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով