fbpx

«Գիրքս գրականության մուտքի փնտրտուք էր»,-Նորայր Սարգսյանը «Չինական պատի» մասին

«Իմը եղավ վերադարձի գրականությունը, ու բառերը գրվեցին ինձ օգնելու համար։ Վերադարձ անհայտից ու անհայտը դեպի՝ գիշերային փախած ձայներով։ Ու ինքս ինձ խորհուրդներ սկսեցի տալ բարձրաձայն ու վախեցա ինքս ինձնից ու շշնջացի․

– Գեներալ Մեն Ծյանը՝ Չինական պատի առաջին հատվածը կառուցողը, կյանքն ավարտեց ինքնասպանությամբ՝ ասելով, որ ինքը արժանի է մահվան, որովհետև իր պատը հանցագործություն էր բնության դեմ»։

Այսպիսի տողերով է սկսում Նորայր Սարգսյանն իր «Վերադարձի գրականություն» ստեղծագործությունը, որն առաջինն է հեղինակի «Չինական պատ» պատվածքների ժողովածուում։ Վերջինիս շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին Մոսկվա կինոթատրոնում։

Գրանիշում տպագրված իր հոդված-էսսեում գրականագետ Անի Հովնանն ասել է․

– 21-րդ դարի արվեստագետը՝ գրողը մասնավորապես, իր թիկունքում ահռելի բեռ ունի՝ հաղթահարելու իրենից առաջվա գրականությունն ու գրողներին։ Սա կարծես հայր ու որդի անվերջ պայքարն է, որ վիճակված է որդիներին՝ ժառանգել հորից ու հաղթահարել հորը։ Ահա այս գիտակցումն է թերևս, որ արդի գրողին ստիպում կամ ուղղորդում է առաջին գրքով իսկ սահմանելու սեփական գրականությունը, ասել է թե՝ սահմանելու սեփական «ես»-ը։ Այս ուղով է գնում նաև Նորայր Սարգսյանը իր «Չինական պատ» գրքում։

Այս ժողովածուն՝ որպես ամբողջություն, ընկալելի է դառնում հատկապես ժամանակակից հայ գրականության համատեքստում ՝ ոչ միայն ու ոչ այնքան իր առանձին արտաքին նշանների համար, որքան իր ամբողջական գեղագիտության՝ ֆրագմենտալիզմ, ինտերտեքստուալություն, առօրյա խոսակցական, տեղ-տեղ գիտական և գեղարվեստական ոճերի համադրում: Ուստի առավելապես հենց ժամանակակից գրականություն նախընտրող ըներցողին էլ ուղղված է ժողովածուն:

Գրողի հետ զրույցում փորձեցինք հասկանալ գրքում տեղ գտած մտքերն ու տեղեկանալ նրա հետագա պլանների մասին։

– Ի՞նչ է չինական պատը։

Փոքր ժամանակվանից շատ եմ սիրել պատմություն ու միշտ հետաքրքրել է, թե որքանով է իրեն արդարացրել այն անմարդկային տանջանքը, որը դրվել է այդ պատի վրա․ սերունդներ են ապրել ու աշխատել միայն այդ պատի համար։ Երբ սկսեցի մտածել, թե ինչպես կարող էի իմ կյանքը վեպի տեսքով ներկայացնել, առաջինը մտածեցի, որ կառուցվածքային առումով կարող էի վերցնել վեպ գրելու հենց այդ անմարդկային տանքանջը․ 21-րդ դարում երիտասարդ տղայի համար վեպ գրելը անմարդկային ձգտում է դեպի կատարելությունն ու գրականությունը։ Բավականին երկար տանջվելուց հետո հասկացա, որ վեպը չի ստացվում, բայց զուգահեռ գրածս պատմվածքները բավականին հաջողված էին։ Որոշեցի ինքս ինձ չնեղացնելու համար ժողովածուն վերնագրել «Չինական պատ», այսինքն՝ ձգտում դեպի վեպ։

– Արդյո՞ք գիրքն օգնեց գտնել դրանում հնչած հարցերի պատասխանները։

Իմ կարծիքով գիրքն ինքնին գրականության մուտքի փնտրտուք էր, թե ինչպես, ինչ լեզվով ու ինչի մասին ես պետք է գրեմ։ Էսսեատիպ բաներ են ստացվել և այդպես հենց դրա պատասխանն եմ գտել՝ ինչպես պետք է հետագայում գրեմ՝ արդեն ավելի ուրիշ ստեղծագործություններ։

– Կա՞ այնպիսի պատմվածք, որը կցանկանայիք էկրանավորվեր։

Ճիշտն ասած կա մի պատմվածք, որի անունն է «Ներկած քուչա», մեր բակի մասին։ Այն կարող էր էկրանավորվել, հավեսի համար նույնիսկ մի հատված արեցինք։ Հետագայում մտածում եմ ինչ-որ կիսավավերագրական բան նկարել։ Քանի որ ավելի շատ էսսեների են նման, այդ պատճառով խաղարկային ֆիլմ չի ստացվի, այլ ավելի շատ՝ արտ-հաուսային որևէ բան։

– Իսկ եթե երազեիք այդ էկրանավորման մասին։

Դե վավերագրականախառը Կուստուրիցայի ոճում լիներ, ներկայացվեր ժամանակը, բակն իր ամեն ինչով, մարդկանցով, կոլորիտային ֆիլմ ստացվեր։ Ինձ բնականաբար կուզեի Ջոնի Դեփը խաղար։

– Ի՞նչ պետք է իմանա ընթերցողը ձեր գիրքը կարդալուց առաջ։

Շատ դժվար հարց է։ Երևի ոչինչ էլ կարող է չիմանալ, որովհետև գիրքը լրիվ իմ մասին է։ Պետք է գիրքը կարդա, որ ինձ իմանա, նույնիսկ կարող է ինձ ճանաչել, բայց ոչ այնքան, որքան գիրքը կարդալուց հետո։

– Այսինքն գիրքն ինքնակենսագրակա՞ն է։

Դե ողջ ամբողջությամբ, գեղարվեստական տարրեր կան, բայց այն է, ինչ ես տեսել եմ։

– Վերջին հարցազրույցներից մեկում խոսվել է ձեր նոր, ընթացքի մեջ գտնվող վեպից։ Դրա մասին ի՞նչ կպատմեք։

Վեպի անունը «Հոմոպոստ սովետիկուս» է։ Ինքը փորձ է դետեկտիվի միջոցով ներկայացնել հետսովետական երկրների հասարակարգերի խնդիրները։ Այն մեծ դիսկուրս է, քանի որ եղել է «հոմոսովետիկուս», այսինքն՝ սավետական մարդ եզրույթը, հիմա ես փորձում եմ ցույց տալ այն նմանությունները, որոնք կան հետսովետի մեջ։ Երևի մեկ տարում կվերջացնեմ։

– Ինչպե՞ս է երևում վեպի դետեկտիվությունը։

Շատ խառն եմ գրել, տարբեր կերպարների խոսքեր են, նրանք տարբեր պատմություններ են պատմում։ Կա Telegram-ի ալիք ու էլի նման նոր բաներ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով