fbpx

Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդես

Մարտի 14-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդեսը։

Նուրբ հումորով համեմված վեպը պատմություն է փոփոխական աշխարհում փոփոխվող արժեքների մասին: Վթարի զոհ դառնալով՝ լրագրող Դանիելը հայտնվում է դժողքի ու դրախտի «խաչմերուկում»: Դանիելի պահապան հրեշտակը նրան ուղեկցելում է հրեշտակապետի մոտ: Այստեղ է որոշվելու Դանիելի ճակատագիրը: Ստեղծված իրավիճակում հրեշտակի և մարդու հարաբերություններն անսպասելի զարգացումներ են ստանում:

— Այս գիրքն առաջին անգամ կարդալիս ես նոր Նարինե Կռոյան բացահայտեցի։ Չնայած էլի մարդկային հարաբերությունների մասին է գիրքը, սակայն լիովին այլ տեսանկյունից, – ասաց «Արի» գրական և տաղանդի գործակալության գործակալ Արևիկ Աշխարհոյանը։

Նարինեի հերոսներն այս գրքում սև ու սպիտակ չեն, չկան բարու և չարի հստակ տարանջատումներ, և ինչպես հեղինակն է կարծում՝ այդպես է ամենուր։ Մարդը միշտ պետք է ունենա ընտրության հնարավորություն և խուսափելով պաթետիկ հնչելուց, Նարինեն այնուամենայնիվ նշեց, որ մարդուն վերափոխող թիվ մեկ գործոնը սերն է, և այս գրքում հենց այդ թեման է՝ ինչպես կարող է սկանդալային լրագրողը վերափոխվել և դառնալ ուրիշ մարդ։

Ոճային փոփոխության մասին հարցին գրողը պատասխանեց․

— Նախորդ ոճն ինձ համար շրջանակ չէր, տարբեր ժամանակների ընթացքում տարբեր կերպ ես զգում։

Գիրքն աստվածաշնչյան Դանիելի գրքի հետ զուգահեռներ ունի։ Այդտեղից է վերցված և՛ նախագրությունը, և՛ հետգրությունը։

Նարինե Կռոյանը մասնագիտությամբ տնտեսագետ է և ինչ-որ տեղ ուրախ է, որ գրողների որոշ մասի նման բանասեր չէ․

— Կարծում եմ՝ բանասիրությունը կլիշեներ ու կանոններ է դնում քո մեջ և սահմանափակում դրանցից դուրս գալու ազատությունները։ Իմ մասնագիտությունն ինձ ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է։

Ներկաների շարքում էր նաև գրող Արփի Ոսկանյանը, ով բացի գրքից իր սիրած հատվածը կարդալուց երկու բառով կիսես իր կարծիքը․

— Նրա սոցիալական թեմաներով ստեղծագործություններից հետո այս մեկը լրիվ ուրիշ կտրվածքով է ներկայանում։ Աստվածաշնչյան թեման նորություն չէ Նարինեի մոտ, բայց նախկինում զսպված էր, իսկ այստեղ այդ առումով ազատություն է։ Գրքում անիմաստ դատ է տեղի ունենում, որի նմանատիպերին մենք միշտ ականատես ենք լինում իրական կյանքում։

Նարինե Կռոյանը ծնվել է 1961 թվականին Կիրովականում։ Տնտեսագիտության թեկնածու է, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ: 2012 թվականից անդամակցում է Հայաստանի գրողների միությանը։ Նրա գրչին են պատկանում «Ճարճատուկի ծաղիկը», «Ցեցի դեղը» պատվածքների և վիպակների ժողովածուները, ինչպես նաև «Շների համատեղծություն»-ն ու «Ուխուգլոռան» վիպակները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով