fbpx

Նարինե Աբգարյան՝ «Պատմություն խզբզիկներով» գրքի թարգմանություն

Դեկտեմբերի 23-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

– Գրքի գլխավոր հերոսը մի հրաշալի երևույթ է, ով ընդամենը հինգ տարեկան է, բայց դատում է շատ մեծերից ավելի խելացի, ունի իր հետաքրքրությունները, հարաբերությունները, չի ապրում իներցիայով․ իր մոտ տեղի ունեցող ամեն ինչն ունի իր պատճառները և ամեն ինչն անցկացնում է ուղեղով, – ասաց գրքի թարգմանիչ Նարինե Խաչատրյանը։

Գիրքը դուռ է դեպի հրաշքներ, այսօրվա հրաշքը գլխավոր հերոս Սեմյոն Անդրեիչն է։ Նա ունի ծնողներ, տատիկ ու պապիկ և հայրիկի կին, որը շատ հետաքրրքիր ներկայացվում է գրքում՝ տիկին «Թիթիզը», ինչի համար նա միշտ նկատողություն է ստանում։ Սեմյոն Անդրեիչն ունի խնդիր՝ նա չի կարողանում արտասանել որոշ տառեր, հատկապես «շ»-ն, ինչի պատճառով նա խուսափում է այդ տառով բառեր արտասանելուց։ Հեթիաթը պատմում է Սեմյոնի ամենօրյա արկածների մասին, որոնց միջով անցել ենք գրեթե բոլորս։

– Նարինե Աբգարյանը գրքերը թարգմանելը մեզ համար մեծ պատիվ է, հատկապես մանկական գիրքը։ Շատ դժվար էր թարգմանել այս մեկը, քանի որ ռուսերենում կան շատ դարձվածքներ ու բառեր, որոնք հայերենով շատ դժվար էր հաղորդել։ Կան շատ նրբություններ, որոնց պետք է տիրապետի թարգմանիչը։ Օրինակ՝ այս գրքի վերնագիրը Վիքիպեդիայում գրված է՝ «Պատմություն խզբզոցներով», բայց «խզբզոց» բառը բացասական է, իսկ»խզբզիկ»-ը՝ շատ լավն է, որը թարգմանչուհու գյուտն է, – գրքի մասին խոսեց խմբագիր Ռոբերտ Հովսեփյանը։

Որոշ տպաքանակի վրա Աբգարյանի ստորագրությամբ այս գիրքը լույս է ընծայել «Արևիկ» հրատարակչությունը, որի տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը կիսվեց դրա մանրամասներով․

– Գիրքը դեռ տպարանում էր, իսկ Նարինեն՝ Հայաստանում, սակայն շտապ պետք է մեկներ։ Հնարավորությունը բաց չթողնելով՝ ես տպարանից վերցրի առաջին մամուլը՝ գրքի առաջին 16 թերթը, տարա ստորագրելու, այնուհետև կարեցին ու կազմեցինք ողջ գիրքը։

Այս գիրքը թարգմանելու գաղափարն առաջացել է հենց տնօրենի մոտ․

– Ինձ շատ դուր եկավ Նարինե Աբգարյանի անմիջական գրելը և սկսեցի ուսումնասիրել նրա մանկական գրքերը։ Ինձ շատ գրավեց արդեն վերնագիրը՝ «Семен Андреич: летопись в каракулях», հետո սկսեցի կարդալ ու հասկացա, թե ինչ հետաքրքիր պատմություն է, որը պետք էր թարգմանել։ Հաջորդ գիրքը՝ «Шоколадный дедушка» (հայ՝ «Շոկոլադե պապիկը) թարգմանում եմ ես, որտեղ կրկին երևում է Նարինեի մանկականությունն ու իր լեզվի ողջ հմայքը։  

«Արևիկ»-ը եղել է Հայաստանի առաջին հրատարակչություններից մեկը, որը գործում է շուրջ 30 տարի, պարզապես իր աշխատելաոճի հետ կապված՝ այդքան էլ հայտնի չի եղել։ Այս մասին մեզ հետ զրուցեց Սաբեթը։

– Սերունդներ են մեծացել մեր հրատարակչության գրքերի վրա։ Չորս տարի է, ինչ տնօրեն եմ և հասկացա, որ չի կարելի այդպես թողնել, փոխվել են ժամանակները, և մենք օգտագործելով համապատասխան գործիքները՝ պետք է ընթերցողին, հանրությանը հասցնենք այն, ինչ հրատարակում ենք։

Այս տարեվերջին նրանք հրատարակել են այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ Հովհաննես Թումանյանի եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) անիմացիոն կազմով հեքիաթները, Վիլյամ Սարոյանի առակները մեկ գրքում և՛ հայերենով, և՛ անգլերենով, ինչպես նաև ոչ այդքան մեծ նշանակություն ունեցող գրողների գրքեր և իհարկե Նարինե Աբգարյանի այս ստեղծագործությունը։

– Հաջորդ տարի կունենանք վրացի մի երիտասարդ լրագրող աղջկա հետազոտությունների մասին գիրք, որի թարգմանությունը շուտով կավարտենք և փետրվարի 15-ի կողմերը կունենանք առաջին հատորի շնորհանդեսը, մոտ երկու ամիս անց՝ երկրորդինը։ Հետո կլինի Նարինե Աբգարյանի երկրորդ մանկական գրքի թարգանությունը և այսպես շարունակ։

Շարունակելով հրատարակել հայ գրողների ստեղծագործությունները՝ «Արևիկ» հրատարակչության նպատակն է հայ մանուկին հասանելի դարձնել այն բոլոր գրքերը, որոնք կարդում են ողջ աշխարհի երեխաները։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Նարինե Աբգարյանի տեսանյութ-ուղերձը ներկաներին, հատկապես՝ երեխաներին, ովքեր նաև հնարավորություն ունեցան իրենց հարցերը տալ թարգմանչին ու խմբագրին։

 

Լուսանկարը՝ «Արևիկ» հրատարակչության ֆեյսբուքյան էջից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով