fbpx

Նարեկացու և Վարդան Անեցու գրքերը որպես բառամթերքի և ոճային երանգների պաշար

Դեկտեմբերի 1-ին, «Գրքի երևանյան փառատոն»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Ակտուալ արվեստ» հրատարակչության «Գիւտ» մատենաշարի երկու գրքերի՝ Գրիգոր Նարեկացու «Ներբողներ և գանձեր»-ի և Վարդան Անեցու «Ներբող Աստվածության կառքին»-ի շնորհանդեսը։ Դրանք գրաբարից աշխարհաբար է փոխադրել գրող և թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը, խմբագրել՝ Դավիթ Մոսինյանը։

– Նարեկացուն բոլորը «Մատյան ողբերգություն»-ով գիտեն, որտեղ խնդիրը մարդու միջի անդունդն ու դժոխային հատվածը գտնելն է։ Հիմա հրատարակվել են այդ ներբողները։ Ներբող նշանակում է փառքի խոսք, և առիթ կա Նարեկացուն ծանոթանալ նաև գեղեցկությունը փառաբանող կողմից։ Նարեկացու գիրքն ամփոփում է նրա բոլոր ներբողները և պահպանված տասը գանձերից հինգը։ Իսկ Վարդան Անեցին 10-11 դարերի մեր ամենաանհայտ փայլուն բանաստեղծներից է և ցավոք նրանից պահպանվել է միայն մեկ գործ, որը Ֆերեշեթյանը թարգմանել է արևելահայերեն և ներկայացնում է այսօր, – ասաց խմբագիրը։

Չնայած նրան, որ գիրքն աշխարհաբար է թարգմանվել, այնուամենայնիվ անվանումը` «գյուտ»-ը գրված է դասական ուղղագրությամբ, որովհետև «գիւտ» բառն այս ձևով մի քանի նշանակություն ունի. բացի հայտնագործություն լինելուց նաև նշանակում է «գտնվել»։

– Նույնիսկ գյուտական բառն ուներ դյութական իմաստը: Զարմանալի է, որ երկուսն էլ կրոնական բովանդակության ստեղծագործություններ են, իսկ գյուտը կրոնական բառապաշարում հայտնի տերմին է: Սրանք գործեր են, որոնք ծանոթ են բանասերներին, բայց նոր են այն իմաստով, որ լայն հասարակությանն այդքան էլ ծանոթ չեն։ Վարդան Անեցի անունն էլ բավական անհայտ է հայ հասարակությանը, նրա առաջին ներբողները գտել են 1800-ականներին, Չամչյանն արտագրել է, այնուհետև հասել են Մատենադարան, – ասաց գրականագետ Անի Հովնանը։

Իրեն՝ Անիին, որպես ժամանակակից մարդու և գրականության սիրահարի, այս երկու գրքերի հենց աշխարհաբար թարգմանությունները հետաքրքիր են միջնադարյան պատկերների, լեզվի իմաստով։

– Այն անսպառ գանձարան է, և մեծ հաճույքով կարդացել եմ՝ վերանալով իր կրոնափիսիլիսոփայական բովանդակությունից և վայելելով բառապաշարը։ Այն կարող է ցանկացած ժամանակակից գրողի համար բառամթերքի և ոճային երանգների պաշար հանդիսանալ, – հավելեց գրականագետը։

«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը 2017 թվականին հիմնել է «Գիւտ» մատենաշարը, որում ենթադրվում է, որ պետք է թողարկվեն հայ միջնադարյան մշակույթի երևելի, բայց քիչ հայտնի գործերը։ Այս ամենը շարքով է ներկայացվում, որովհետև այսօր միջնադարը մեր օրեր բերելը բավականին ճիգ ու ջանք է պահանջում, մեկ գրքով բարարվելը սխալ է։

Շուտով լույս կտեսնի հրատարակչության «Սփյուռք» մատենաշարը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով