fbpx

Ցմահ դատապարտյալը թարգմանել է Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը»

Հոկտեմբերի 13-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» գրքի ռուսերեն առաջին թարգմանության շնորհանդեսը: Թարգմանության հեղինակն է ցմահ դատապարտյալ, իրավաբան, 23-րդ տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանը։ Գրքի ողջ հասույթը կփոխանցվի վիրավոր զինվորներին՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Բանտում գտնվելու տարիներին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ այժմ աշխատում է Hetq.am-ում որպես թղթակից, որտեղ ամեն ուրբաթ հրապարակվում են բանտային կյանքի մասին նրա գրառումները։ Չորս հեղինակային և երկու թարգմանական գրքերի հեղինակ է։

«Լեռ Կամսարը իր չկրկնվող հումորով կյանքին լավատեսորեն է նայել տալիս նույնիսկ բանտում հազար կողպեքի տակ փակված մարդուն, զարմացնում է իր խորաթափանցությամբ ներկայումս քաղաքական թոհուբոհի մեջ ընկղմված քաղաքացուն…», – իր գրառումներից մեկում ասել է Մհերը։

Մհերի կյանքի մասին պատմող բանասեր, թարգմանիչ Արծվի Բախչինյանն ասաց, որ չի կասկածում՝ Մհերի գրական շնորքն ու ռուսերենի քաջ իմացությունը տվել են հիանալի արդյունք և հույս ունի, որ ըստ արժանվույն կգնահատեն ռուսագետներն ու գրականագետները։ Նա ասաց նաև, գիրքը անպայման պետք է ուղարկվի ռուսական գրադարաններ։

Կամսարի 130-ամյակի հետ համընկնող այս գրքի լուսընծայումը երազանք էր թոռնուհի Վանուհի Թովմասյանի համար «Այսօր կատարվեց իմ երազանքներից մեկը, քանի որ շատ էի ուզում, որ Կամսարի ձեռագրերը լինեն այլալեզու՝ հատկապես ռուսերեն։ Ռուսները մշտապես ասում են, որ նրանք ունեցել այլախոհներ, իսկ մյուս պետությունները ստրուկներ են եղել Ստալինյան տարիներին։ Մհերը կօգնի նրանց կարդալ և տեսնել, որ 1918թ Լեռ Կամսարը դուրս էր եկել ամբողջատիրության դեմ և լրիվ մեկնաբանում էր, թե ովքեր են բոլշևիկներն ու հետագայում ինչ պետք է լինի։ Երբեք չէի մտածի, որ գիրքը կթարգմանի ցմահ դատապարտվածը։ Սակայն հետո հասկացա, որ միայն անազատ մարդը կարող է հասկանալ անազատին։ Չնայած նրանք բանտախցում են, բայց հոգով շատ ազատ են»։

Քրեակատարողական հիմնարկներին «Բանտիս օրագիրը» նվիրելիս Վանուհուն  հայտնեցին, որ Մհերը ցանկանում է թարգմանել գիրքը, ինչին նա տվեց դրական պատասխան։ Դրան հաջորդեց նրանց նամակագրական կապը, որտեղ Վանուհին մշտապես փորձում էր քաջալերել բանտարկյալին։ Նամակագրությունները հասանելի են Hetq-ում։

Վարդուհի Օհանյանը՝ Մհերի մայրը նույնպես ներկա էր շնորհանդեսին, ով կարդաց որդու նամակը, որը ձեզ ենք ներկայացնում որոշակի կրճատումներով․

«Բարի օր իմ սիրելի բարեկամներ, այսօր Լեռ Կամսարն է մեզ համախմբել այստեղ։ Սիրված լինելով ժամանակակից ազնիվ մարդկանց կողմից՝ այնուամենայնիվ նա հայտնվեց բանտախցում՝ մերժված գրողի, երգիծաբանի կարգավիճակում։ Աստվածաշնչում ասված է՝ չկան մարգարեներ սեփական երկրում, բայց Կամսարը մարգարեաբար տեսնում էր մեր հասարակության անտեսանելի թելերը, որոնք պատմական տարբեր ժամանակաշրջաններում պտտվում են, բայց չեն կտրվում, հետո նորից հստակ փաթաթված կծիկ են դառնում ու նորից խճճվում։

Կամսարին դավաճանեցին ընկերները և նետեցին քաղցր խոսքեր ասող ու գովաբանողները, բանտ նետեցին, ինչու՞, որովհետև չէին ուզում հանդուրժել իրենցից տարբերվողին, առավելին, իսկ բանտը հավասարեցնում է բոլորին, կոտրում է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում բանտային կյանքի օրենքները, որովհետև բանտը մարդկանց փորձում է դարձնել միատեսակ գորշ։ Կամսարը չկոտրվեց, չդարձավ միատեսակ գորշ, նույնն արվում էր ֆիզիկական ազատության մեջ, ինքնատիպ, պայքարող մարդկանց հետ, պարզապես մարդկային մտքի ամենավատ ստեղծագործության՝ բանտի միջոցով դա արվում է ավելի արագ ու դաժան։ Բանտախցի ոջիլներով, ծխախոտի թունդ ծխով, անիմաստ խոսակցություններով շրջապատված օրերին Լեռ Կամսարի միակ հավատարիմ ընկերը եղել է նրա բանտի օրագիրը։ Նա այնքան անկեղծ ու պարզ է գրել, որ թարգմանելիս բանտախցում նստած իմ առջև կախարդական դուռ էր բացվում ու անցյալ դարի 30-ական թվականներում էի հայտնվում: Կամսարին դեմ-դիմաց նստած իրար ուժ էինք տալիս պայքարը շարունակելու համար։

Կամսարի տեսած 1930-ականներում, իմ տեսած 1990-ականներում բանտը գրեթե նույնն էր։ Սովետական դարաշրջանից պահպանվել էր անգամ բանտային լեզուն, ռուսերեն բառերը՝ «զավտրիկ, աբեդ, ուժին», «գլազոկն ու վալչոկը բացեցին», այսօր «սվիդանյա ա», «պերեդաչի» են բերել։ Անմարդկային տանջանքները նույնպես նույնն էին՝ ստորացում, ռեժիմով ծեծ, սով։ Այս ամենը հանցանք կատարածին ոչ թե ուղղում, այլ ստորացնում էին, միգուցե՝ չարացնում, իսկ երբ անմեղին են փորձում նման «ուղղման ենթարկել», դա վեր է ածվում ողբերգական կոմեդիայի։

Չնայած ծնողներս միշտ մեջքիս կանգնած են եղել, պաշտպանել ֆիզիկական գոյությունս, հոգեպես ուժ տվել, ցավոք ինձ համար տառապել են ու շատ մերժվել հասարակության կողմից, այնուամենայնիվ եկավ մի պահ, որ քիչ էր մնում կոտրվեի, բայց հենց այդ ժամանակ հրաշք տեղի ունեցավ, իմ կյանքում հայտնվեց «կին-աղջիկը»։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ է անկեղծ ասված այն սիրով նվիրվել ցմահ բանտված մի մարդու, երբ ինձ թվում էր, թե ճակատագիրը երես էր թեքել։ «Կին-աղջիկը» դարձավ իմ գրքերի հերոսուհին, իմ կյանքի, իմ պայքարի հավատարիմ ընկերը։ Ինչպես հայրս էր ասում՝ իմ մուսան։ Դատարանի դահլիճում տեղադրված վանդակի միջից հենց առաջին անգամ տեսա նրան, նայեցի կախարդական մեծ աչքերի մեջ։ Մեր սիրո հույսն էր ծնում իմ բոլոր հաջողությունները, այսօր նաև «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը։

Համոզված եմ, որ Լեռ Կամսարին ապրելու ուժ էր տալիս մինչև կյանքի վերջը նրան սիրով ու հավատարիմ մնացած կինը, ով նրան նվիրել էր երեխաներ, և այսօր էլ մեզ հետ է «Բանտիս օրագրի» ու Կամսարի գրական ժառանգությանը նոր շունչ տված թոռնուհին՝ Վանուհին Թոմվասյանը։

Վայելեք ազատությունը և սիրեք միմյանց, Ձեր Մհեր

13102018»

 

Լուսանկարները՝ «Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով