fbpx

Մհեր Մինասյան | Քեզնից հետո

Քո աչքերի խորքերում,

Երազներիս մահը տեսա…

Զարկը սրտիս տվեց հուշում՝

Ննջում է սերս անժամանակ…

Ինչքա՞ն  թակեմ բախտի դուռը՝

Ցուցափեղկին գրվեց ՝ «Փակ է»:

Հույսամար այս գիշերում,

Երազներիս մահն եմ սգում,

Տանուլ տված մի կյանք, մի սեր,

Ողողում եմ հոգիս գինով և…

Թակում եմ դուռը …

 


 

Ես գնացի ու տարա,

Ե՛վ ժպիտդ այդքան սիրուն,

Ե՛վ աչքերիդ փայլը նույնիսկ,

Ե՛վ սրտիցդ առա ու տարա…

Ես գնացի ու թողեցի,

Մի՜այն, մի՜այն ատելություն,

Մի՜այն  թախիծ ու արցունք,

Միայն կտոր կիսված սրտի…

Ես  գնացի ու ինձ մնաց,

Միայն սրտիս մի մեծ բեռ,

Միայն արցունք քարացած,

Միայն ժպիտ չջերմացնող…

Ինչքա՜ն միայն կա գրված,

Ես ավելին քեզնից տարա,

Քո՛ աշխարհը քեզնից  տարա,

Եվ գնացի՝ ինքս ինձնից գնացի:


 

Ի՞նչ ասեմ, էլ ի՜նչ ասեմ,

Ինչ էլ ասեմ՝ զուր է, զուր,

Էլ ի՜նչ ասեմ, երբ խոսք չկա,

Երբ հույս չկա հասկացումի,

Էլ ի՜նչ ասեմ, երբ բառ չկա,

Երբ  թել չկա միացումի,

Էլ ի՜նչ ասեմ, երբ տառ չկա,

Երբ ժամին անգամ հանդիպումի,

Տենչանք չկա էլ հոգու, թրթիռ չկա էլ սրտի …

Գոռամ, գոչեմ ի լուր աշխարհի՝

Մեկ է՝ զուր է, զուր է, զուր…


 

Ե՛ս եմ, դո՛ւ ես, ու գիշերը,

Ե՛ս եմ, դո՛ւ  ես  ու չորս պատը,

Ե՛ս եմ, դո՛ւ ես, վառված մի մոմ,

Վառված մի բոց մեր սրտերում:

Ե՛ս եմ, դո՛ւ ես և մեղեդին,

Ե՛ս եմ, դո՛ւ ես  ու գինին,

Ե՛ս եմ, դո՛ւ ես և այն գաղտնին ,

Որ կմնա այս չորս պատում …

Ես եմ միայն, դու էլ չկա՛ս,

Ես եմ միա՛յն` հանգած մի մոմ,

Հանգած մի կիրք, փակված մի գիրք,

Ես եմ մենակ ու էլ չգաս…

Ես եմ մենակ ու քեզնից մի հուշ,

Մի գրիք, վերջին տողում մի գիր`

«Դու էլ չկաս, բարով մնաս…»

 


 

Եվ տեսել ենք օրեր սիրո,

Եվ ապրել ենք օրեր կրքի,

Եվ տեսել ենք օրեր ցավի,

Եվ ապրել ենք օրեր նեղի:

Նեղը սիրով ենք տարել,

Ցավը՝ կրքի մեջ խեղդել,

Գրկիդ մեջ թև եմ առել,

Թևերիս մեջ եմ քեզ պահել:

ԵՎ… տեսանք օրը բաժանումի,

Տեսանք սերը ցավ դարձած,

Տեսանք կիրքը խղճին նստած,

Եվ… մնաց … լոկ մեկ հարց …

Գնացած մնայունն եմ,

Թե անցողիկն էի հերթական …


 

Ինչքա՜ն երազներ մնացին անկատար,

Ինչքա՜ն հույսեր ի չիք դարձան,

Ինչքա՜ն  օրեր վատնվեցին,

Ինչքա՜ն դռներ փակվեցին:

Ինչքա՜ն տառապանք ու անքուն գիշեր,

Ինչքա՜ն երգեր, գինի ու գրքեր,

Ինչքա՜ն ցավեր չպատմված,

Ինչքա՜ն արցունք տողեր դարձած:

Ինչքա՜ն հարված ինձ հասցված,

Ինչքա՜ն ուժ ինձ, որ դիմացա:

Ինչքա՜ն, ինչքա՜ն  կգան դեռ

Ե՛վ երազներ, և՛ նոր հույսեր,

Ե՛վ խաբկանքներ, և՛ դավեր,

Ե՛վ նորանոր բացվող դռներ,

Ե՛վ նորանոր արգելքներ …

Կյանքն է այս՝ ի՛մ բարեկամ,

Կյանքն է այս՝  ի՛մ ընկեր ,

Եղիր ինքդ քեզ հետ հաշտ,

Ե՛վ ընկեր եղիր, և՛ բարեկամ :


 

Ասես մի ֆիլմ էր պատմությունը մեր,

Երանգներով լի՝ երջանկության լույսի,

Դրվագներով լի՝ սիրո և կրքի,

Երազներով էր լի՝ միացման հույսի,

Մի գրքի սյուժե՝ կյանքում տեղ գտած,

Որտեղ հերոսներ դարձանք ե՛ս և դու՛…

Դերակատարումդ շատ էր հաջողված,

Կյանքումս եղար մի մեծ դերասան,

Քեզնով գերվել էի, ոգեշնչվել դերովդ այդ,

Ապրում էի դերս, և ո՛չ թե խաղում,

Բայց միայն վերջում հասկացա ես,

Երբ սպասված երջանիկ ավարտը չեղավ,

Այլ անսպասելի  մի  բաժանում,

Որ դարձրեց օտար հերոսներին երկու…

Եվ այս բազմագույն ֆիլմը  կդիտեմ,

Հիշողությանս անգույն էկրանով,

Ուր ամեն մի գույն` վառ երազների,

Կցուցադրվի լոկ սև – սպիտակով …


 

Չգիտեմ արդեն սիրում եմ , թե ոչ

Չգիտեմ արդեն ատում եմ, թե ոչ

Չգիտեմ ադեն սերը զատել ատելուց,

Եվ այս անորոշության մեջ,

Կուզեմ լինի մի բան որո՛շ,

Որ սիրտ ու մտով ասեմ,

Քեզ չգիտեմ …


 

Ա՜խ չգիտես, սիրելի՛ս՝

Ինչքա՜ն, ինչքա՜ն եմ սիրել,

Ինչքա՜ն հույս կար իմ սրտում:

Ինչքա՜ն, ինչքա՜ն էի փափագել,

Որ գա մեկը ու լցնի սիրտս, 

Սիրտս այդքան դատարկ:

Բայց եկար ու գնացիր…

Սիրտս այդքան քեզնով լեցուն՝

Դատարկեցի՜ր, դատարկեցի՜ր…

Էլ ի՞նչ արժեք ունի  այն,

Որ զարկել է սիրտս քեզնով ,

Իսկ հիմա դատարկ, դատարկ,

Զուտ պարտքն է իր կատարում,

Ասես կյանքն է չարախնդում ,

Չբեր բախտիս վրա կրկին,

Ու թողնում սիրտ, որ զուտ զարկի:

Ամեն  զարկով ինձ հիշեցնի,

Այն հետքերը, որ թողեցիր,

Ամեն  շնչի  հետ  հիշեցնի,

Որ պակաս ես՝ ինչպես օդս,

Ամեն աչքի թարթոցով,

Այցելես ինձ որպես տեսիլք…

Ու խենթացած այս ամենից,

Հուսալքված ու արբած,

Անիծեմ ու հայհոյեմ

Բախտը ինձ բաժին հասած…

Այս էր սիրելիս քո սերը,

Որ կարծել եմ, թե օրհնանք էր,

Բայց անեծք էր, անե՛ծք բախտիս:

Ինչպե՜ս, ինչպե՜ս մաքրեմ քեզ…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով