fbpx

Մհեր Մինասյան | Խրամատից մինչև տուն

Վերջին հերթափոխն էր։ Մարտական հերթափոխի մեքենան կանգնում էր արկակոծված  գործարանի մոտ: Թշնամու հենակետերը գերիշխող դիրքում էին: Գործարանը ասես սկուտեղի վրա դրված տորթ լիներ, որի շուրջ շարված պատառաքաղները սպասում էին առիթի մոմի վառվելուն: Գործարանից խրամատ տանող կարճ ճանապարհը ամենաերկարն էր թվում: Ոլորապտույտ խրամատը ձգվում էր դաշտավայրի երկայնքով: Խրամատը այնքան նեղ էր, որ որոշ հատվածներում ուսերս քսվում էր կողապատերին: Մեր դիրքը խրամատի վերջում էր:

Առավոտյան բոլորս կազմ-պատրաստ սպասում էինք հերթափոխին: Այս անգամ խրամատային համազգեստով էինք և չսափրված: Երկու օր չէինք քնել: Հաճախակի կրակահերթերը և փոխհրաձգությունները խախտում էին դաշտային լռությունը: Նախորդ օրվա գիշերը տղաները վեց հոգով ծխեցին վերջին գլանակը: Նույնիսկ Ռազմիկը ծխեց՝ նա ծխող չէր: Անհանգստության և լարվածության մեջ խեղդված հայացքով Արտյոմը (դիրքի ավագն էր) սպասում էր հերթափոխին: Վերջին հերթափոխն էր: Տղաները ասում էին , որ չեն պատկերացնում դիրքն առանց մեզ: Ես, Արթուրը՝ Բոքսոն և Ռազմիկը՝ Հոկոն, զորացրվելու էինք:

Գործարանի մոտից լսվեց հերթափոխի մեքենայի շարժիչի ձայնը: Նույնիսկ կիլոմետրից այդ ձայնը չէինք շփոթում: Կրակահերթերը շարունակվում էին:

Խրամատի միջից լսվեց երկաթյա տարաներով վարագույրի շխկշխկոցը: Արտյոմի դեմքին ժպիտ հայտնվեց: Տղաները իրար հերթ չտալով շտապեցին դիմավորելու հերթափոխը: Շարժառիթը ծխախոտն էր: Վայրկյան անց բոլորը ծխում էին: Դեմքներին ժպիտով սպասում էին երշիկով բրդուճներին: Սովորություն դարձած հյուրասիրություն էր:

Վերջին անգամ նայեցի գետնատնակին և նրա փոքր լուսամուտին, որտեղից հազիվ էին ներս սողոսկում արևի շողերը: Ծառայությանս երկու հարյուր իննսունմեկ օրերն այդտեղ էի անցկացրել: Վերջին հերթափոխն էր: Հաջողություն մաղթեցի տղաներին և վերցրի պայուսակս: Խրամատով քայլում էի, ասես երկու տարին օր առ օր հետ էր գալիս: Ինչքան բան տվեց ինձ այս երկու տարին: Կրակահերթերը շարունակվում էին:

Պայուսակս գցեցի մեքենայի մեջ: Նստեցինք: Մեքենան շարժվելուն պես դիպուկահարի բեկորային փամփուշտը մխրճվեց մեքենայի առջևի հատվածում, ասֆալտը բեկորների  հետ խառնվելով աջ ու ձախ ցրվեց: Առիթի մոմը վառված էր: Վերջին հերթափոխն էր: Կրակահերթերը ուղեկցում էին մեքենային: Բոլորս պառկեցինք:  Սերգեյը հանեց զրահաբաճկոնը, գցեց վրաս ու ամբողջ մարմնով պառկեց մեզ վրա՝ գոռալով.

– Տղե՜րք, դուք տուն եք գնում, մենք հլը մի տարի ունենք…

Արդեն  հեռվից էր լսվում կրակոցների ձայնը: Մենք մեքենայի թափքին կանգնած գոռում ու հայհոյում էինք: Գլուխ էինք գովում, որ ողջ ենք մնացել:

Զորամասում կիսվեցի տպավորություններովս մեր գումարտակի շտաբի պետի հետ: Նրան ասում էի Հրամանատար: Պատմեցի Սերգեյի քաջ արարքի մասին:

Հաջորդ հերթափոխն էր: Ունեցածս հավասարապես բաժանեցի տղաներին: Վերջին անգամ էի նրանց օգնում դիրք բարձրանալ: Մեքենան բարձեցինք: Հրաժեշտ տվեցի: Մեքենան շարժվեց: Նրանց աչքերում անհանգստություն ու կարոտ էր, դեմքներին երախտագիտության և ուրախության ժպիտ: Սերգեյը հպարտ կեցվածքով նստած էր: Նա  չգիտեր,որ հաջորդ անգամ դիրք բարձրանալիս կրելու է «Քաջարի մարտիկ» կրծքանշանը: Ժպիտը դեմքիս, բայց անհանգստությունը սրտումս ձեռքով արեցի: Վերջին հերթափոխն էր, որ ճանապարհեցի:

Երեք օր անց զորացրվեցի: Շտաբի առջև մեզ բաժանում էին զինվորական գրքույկները: Հսկիչ-անցագրային կետից «Ուազը» վայրկյանական հայտվնեց շտաբի դիմաց: Մեքենայից դուրս թռան բարձրաստիճան սպաներ և վազեցին: Քիչ անց հետախուզական վաշտը լրիվ հանդերձավորմամբ կանգնած էր շտաբի առջև: Նկատեցի վերջին շարքում կանգնած գնդացրորդի ոտքերի դողը, որ ամբողջ մարմնով անցնելով հաղորդվում էր ձեռքերի մատներին: Նա դեռ վեց ամսվա ծառայող էր, երբեք դիրք չէր բարձրացել: Վերցրի զինգրքույկս և հպարտորեն ասացի.

– Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

«Ուրալը» շարժվեց դիրքեր: Նայեցի թափքում նստած տղաներին և աչքս դիպավ գնդացրորդին: Բռունցքս օդ բարձրացնելով և ժպիտով գոռացի.

– Տղե՜րք, դուխով։

Գնդացրորդը ժպտաց:

17.12.2017թ.

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով