fbpx

Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» գրքի շնորհանդես

Մայիսի 13-ին Երևանի Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Քաղաքական դիսկուրս հանդեսի և Ակտուալ արվեստ հրատարակչության նախաձեռնությամբ՝ Գյոթե ինստիտուտի մասնակի ֆինանսական աջակցությամբ։

Կենտրոնն ունի թարգմանության աջակցության ծրագիր, և այս գիրքը նույնպես ֆինանսավորվել է այդ ծրագրի կողմից։

— Չնայած հիմնականում թարգմանվում է գեղարվեստական գրականություն, բայց այս անգամ հավակնություն է տրվել մասնագիտական գրքին, ինչի համար ես հատկապես ուրախ եմ, – ասաց «Գյոթե կենտրոնի» ղեկավար Նաթիա ՄիքելաձեԲախսոլիանին։

Գրքի առանձնահատկություններից մեկը հայերեն թարգմանված սոցիոլոգիական եզրույթներն են, որոնք առաջին անգամ գործացության է դրել Մաքս Վեբերը։ Այդպիսի եզրույթներից են, օրինակ՝ «համոզմունքի եթիկան» և «պատասխանատվության էթիկան»։

Ներկաների շարքում էր նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, ով նույնպես նկատեց գեղարվեստական գրականություն թարգմանելու գերակշռումը, սակայն հավալեց․

— Վստահ չեմ, որ արձակը հնարավոր է թարգմանել, կարելի է միայն իմաստը փոխանցել։ Սակայն, ըստ իս՝ մասնագիտական գրականության թարգմանությունը բավական հավակնոտ և համարձակ քայլ է։

Մաքս Վեբերը մահացել է մոտ հարյուր տարի առաջ, սակայն նրա գրքերը շարունակում են մնալ ակտուալ։ Նա շատ կարդացվող հեղինակ է Գերմանիայում։ Գրքում խոսվում է կապիտալիզմի մասին, որը նույնպես շատ արդիական թեմա է, իսկ հատկապես  Գերմանիայում այն նորից բարձրացվում է։ Եթե Կառլ Մարքսը խոսում է կապիտալիզմի ուր տանելու, ապա Մաքս Վեբերն անդրադառնում է դրա արմատներին։ Գրքում արծարծվող թեմաներից մյուսը կապիտալիզմի և բողոքականության կապն է և ըստ դեսպան Քիսլերի՝ դա վիճելի է։

— Աշխատանքի ընթացքում պարզեցի, որ բավականին մեծ համարձակություն է պահանջում Մաքս Վեբերի աշխատանքներից մեկը թարգմանելը թե՛ տերմինաբանական, թե՛ բուն նյութը հայերենով վերարտադրելու առումով, – ասաց թարգմանիչ՝ Վահրամ Սողոմոնյանը։

Ըստ թարգմանչի՝ Մաքս Վեբերը փորձում է կապ ստեղծել բողոքականության և կապիտալիզմի միջև։ Շատերը մերժում են այդ թեզը, բայց այս գրքի արժեքն իր մտավարժանք լինելու մեջ է։ Գրքում հեղինակը տարբեր տեսանկյուններից նայում է, թե ինչ օրինաչափություններ կան կրոնական էթիկայի, բարքի և տնտեսական գործունեության միջև, այնուհետև իր իսկ առաջ քաշած թեզերը կասկածի տակ է դնում։

Գրքի վրա աշխատել են մոտ երեք տարի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով