fbpx

Մանե Գրիգորյան | Ցուրտ կին

«Երիտասարդ բանաստեղծուհու նոր ժողովածուն հատկանշվում է անկանոն ռիթմերի, անսովոր զգայական ապրումների հերթագայությամբ, որոնք մի կողմից՝ առարկայանում են որպես ինքնացող գրողական ձեռագիր, մյուս կողմից՝ բացահայտում են ուրիշ հայացքով դիտված կյանք, որտեղ մարդու ներաշխարհը երևակվում է անսպասելի կողմերով»։

Խմբագիր՝ Հուսիկ Արա
© Անտարես, 2013

 

***

խաղալիքը ձեռքին եղբորիցդ վախեցիր,

որ նեղ օրերին,

դոդոշի պես դուրս ցցած աչքերով,

առավոտյան ցողի պես մաքուր արցունքն

աչքերին,

միամիտ,

անմեղ,

անհավատալի սիրուն ժպիտով,

կացինը ձեռքին մոտենում է

 

սկզբում թվում է՝ եղբայրդ է,

թուրը կմոտեցնի սրտիդ,

հետո կշփոթվի,

դու էլ մեծի պես,

նյույորքյան փողոցների պես

լայն ժպիտը դեմքիդ խաղացնելով, կասես․

– այ դմբո, սիրտը ձախ կողմում է

 

թուրը շրջանաձև կպպտեցնի,

ժպիտը քիչ-քիչ կաղավաղվի,

փոքրիկ ագռավներ կհավաքվեն աչքերի շուրջը,

բերանի ծալքերից առվակներ կհոսեն,

սիրտը կտարածվի ամբողջ մարմնով,

ամեն բջիջը օվկիանոսի պես մեծ կթվա

 

հանկարծ կկորցնես քեզ,

կգոռաս․

– շան տղա, ձեռքերիս վրա եմ պահել,

ավազե տներ ենք սարքել,

ձեռքերով՝ գերեզմաններ փորել,

իշուկի մեկը,-

կասես, չես դիմանա,

աչքերիցդ գետեր կհոսեն,

կբռնես ձեռքը,

կսկսի դողալ,

շենքը դանդաղ կօրորվի ոտքերիդ տակ

***

ներիր, հիսուս, ես չեղա հռիփսիմե քեզ համար

ու մարմինս հեռու չպահեցի ձեռքերից օտար․

ու հայացքների տակ մերկացնող

պատանքի մեջ չթաքցրի ստինքներս

 

ես սիրեցի արևի պես տաք ափերը նրանց,

մոռանալով՝ մատներդ շոյել են

վարսերը մագդաղենացու,

ու մազերի մեջ քարեր են գտել,

մեղմ սահել է ձեռքդ ջրի պես հոսող թելերի միջով․

քարը ավազ է դարձել

 

մարիամ, մեղավորս, քեզ թուղթուգիր էին արել

 

ներիր մեզ, հիսուս, մենք չեղանք հռիփսիմե քեզ համար,

մեր ետևից չվազեցին արքաները մերկ,

չգրավեցին սրտերը մեր՝ լցված քարերով,

 

մեզ շոյեցին տղամարդիկ օտար ափերից,

շգտանք տունը մեր, հիսուս,

շոշափեցին ականջները մեր՝ լցված քարերով,

չգտան սրտերը մեր պայթած ռումբեր դաշտերում․

քարը ավազ չդարձավ․ խփեցին

 

թե հռիփսիմե լինեի քարշ կգայի

թագավոր տղաների հետ,

բարձր ու անառիկ պարիսպների տակ

արքայազներ կծնեի

 

– աստված չարից ազատի,

չարը հեռու մեր տնից,-

երեք անգամ թքեցին միանձնուհի կանայք,-

թու՛ քեզ՝ անպատկառ,

թու՛ քեզ՝ անիծված,

թու՛ քեզ՝ անիրավ

 

կույս հռիփսիմեն շարժեց ձեռքը օդում,

ձեռքը, որ լցված էր քեզնով

 

ներիր մեզ, հիսուս, մենք չդարձանք հռիփսիմե քեզ համար․

սեղմեցին սրտերը մեր․ չմեռանք

***

խոսիր վամպիրներից,

կեսգիշերին դիակդ խեղդող մոլագարներից,

լուսնոտ եղբայրներիցդ խոսիր,

թե չէ անմեղ ես ձևանում՝

իբր սիրուուուուուն ա

լեռների դոշերին փռված առավոտը,

իբր զգում ես

փթթող կանաչի հոտը,

դու ավելի լավ է գիշերներից խոսիր,

խեղված ժպիտներից, գայլերի հետ կենակցող օրերիցդ

խոսիր

 

– քանի՞ հոգու ես սպանել,-

հարցրեց քննիչը՝ հայացքը սահեցնելով

մեղավոր մարմնովս,

ու ես մտքումս փորձում էի

մոռանալ նրանց,

ում ձեռքերը շոյեցին ինձ,

փաղաքշեցին,

ում ձեռքերը մեղավոր էին այնքան,

որքան ես, որ սպանեցի նրանց

 

– սկզբում սպանեցի մեկին,

որովհետև հարազատ էի այնքան,

որ գնալով ավելի ու ավելի էի ատում,

տիզի պես կառչում էի մարմնից,

ցավեցնելու չափ սիրում էի,

ուզում էի զգալ ամեն բջիջը,

խեղդվել ժպիտի մեջ․․․

նրա կարդացած գրքերն էի կարդում,

կատաղած վագրի պես որսում

ամեն շարժումը,

հայացքը,

ժպիտը,

ակնթարթը․․․

հետո կորցրի ինձ,

վայրկյան առ վայրկյան

ավելի ու ավելի էի ատում,

դանակը թեթև հպվում էր մարմնին,

մեղմ, ինչպես փետուրը մեռած թռչունի․․․

 

– սպանելուց քանի՞ վայրկյան տանջվեցիր,-

հարցրեց քննիչը,

ու ես հիշեցի, որ տանջվում ու հրճվում էի,

դանակը սահում էր մարմնի վրայով,

ու ամեն կաթիլ արյան հետ,

ես գժի պես հռհռում ու ոռնում էի՝

գայլային,

անզոր,

մեռած ոռնոցով․․․

ու ինձ էի ուզում սպանել

ու նրան էի սիրում,

ու թվում էր՝ դանակը մարմինս է

դանակը պտտում ու ոռնում էի,

պտտում ու ոռնում էի

 

քննիչը լուռ, ինչպես դիակը,

բարձրացրեց ձեռքը,

թղթի վրա մեղմ, ինչպես փետուրը,

սահեցին տառերը,

մեկը մյուսի ետևից,

խաղաղ,

անզոր, ինչպես առավոտն առանց քեզ,

կողք կողքի շարվեցին մեղքերս

 

քննիչը շշնջաց՝ մոլագար է

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով