fbpx

«Կյանքի բաղադրատոմսը մեկն է՝ սիրել», – Լյուդմիլա Ուլիցկայա

«Ինչպիսի դժբախտություն, բոլորն ուզում են սիրել սիրուններին ու քաջերին», – «Մեդեան և իր երեխաները» գրքում ասել է ռուս գրող, թարգմանիչ ու սցենարիստ Լյուդմիլա Ուլիցկայան։

Հենց նրա հետ հոկտեմբերի 6-ին «Զանգակ» գրատանը հանդիպեց հայ ընթերցողը։ Միջոցառումը վարեց գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը։

Ձեզ ենք ներկայացնում զրույցից մի հատված, որը սկսեց հենց ինքը՝ Լյուդմիլան՝ կարդալով իր գրքից մի հատված իսկ հետո ասաց․ «Շատ հարմար է ապրել մի երկրում, որտեղ ապրում է միայն մեկ ազգ։ Այսօրվա կյանքում այդպես չի լինում, մենք միշտ ստիպված ենք ապրել տարբեր հարևանների հետ։ Մարդիկ իրավունք ունեն լինել տարբեր, և մենք պետք է թույլ նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան։ Էթիկայի մի շատ հին կանոն կա բոլոր կրոններում՝ մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չէիր ուզի՝ քեզ հետ վարվեին։ Այս խնդիրը ես փոքրուց եմ նկատել ու ապրում եմ դրանով մինչ օրս։ Մշտապես մտածում եմ՝ ինչ անել դրա հետ։ Բաղադրատոմսը մեկն է՝ սիրել»։

– Սարտրի դժոխքն ուրիշներն են, Ձեզ մոտ դժոխքն ուրիշների բացակությունն է։ Ձեր գիրքը խիտ բնակված է, մարդասիրական և շարունակելով ավանդույը, Ձեր բոլոր գրքերում կան կամ հայեր, կամ հայերի հետ կապ ունեցող հերոսներ, եթե չկա հայկական քիթը, ապա կա Վիտասի անունով հայ օգնական, կամ օգնականի օգնական։ Ինչու՞ են այնտեղ այդքան շատ հայեր, – hարցրեց Մելիքսեթյանը։

– Անկեղծ ասած դա միտումնավոր քայլ չէ, ես շատ քիչ բաներ եմ հորինում և միշտ ասում եմ, որ պետք չէ սյուժեներ հնարել, որովհետև կյանքը լի է սյուժեներով։ Երբ ես հրաժեշտ էի տալիս օրեր առաջ մահացած ընկերուհուս, առավոտից գիշեր մտածում էի՝ ինչպե՞ս չլինել գրող, երբ ամեն օր այսպիսի հրաշալի պատմություններ են ինձ հանդիպում։

Իմ և իմ ընկերների շրջապատում հայերը շատ են, ինչպես ռուսները, հրեաները, այդ պատճառով նրանք շատ են արտացոլվում իմ ստեղծագործություններում։

 

– Ժամանակի առումով «Յակովի սանդուղքը» Ձեր վերջին վեպն է, և ինձ շատ հետաքրքիր է, թե Դուք ինչ պլաններ ունեք։

– Վեպ գրելը տևում է մի քանի տարի, օրը քսան չորս ժամ, տարին երեք հարյուր վաթսուն հինգ օր, շատ ծանր է։ Նույնիսկ մինչև «Յակովի սանդուղք»-ի ավարտը ես ինքս ինձ ասել էի՝ սա իմ վերջին մեծ գիրքն է։ Ես շատ կուզենայի պատմվածքներ գրել, որովհետև դրանք մի շաբաթում սկսում ես, մյուսում՝ ավարտում։ Հիմա ես դեռ ոչ մի վեպի վրա չեմ աշխատում։ Չեմ ասի, թե թեմաներ չկան, թեմաներ իհարկե կան, ուղղակի այստեղ ընտրության հարցն է։ Այժմ ես ունեմ գրած երեք կարճ պատմվածք, աշխատում եմ մի պիեսի վրա, որը հույս ունեմ կստացվի և կավարտեմ։ Հիմա ես ոչ մի մեծ աշխատանք չեմ ուզում սկսել, նախընտրում եմ ապրել ավելի ազատ։ Ոչ մի վեպեր չեմ խոստանում․․․

 

Ինչ վերաբերում է այն բանին, որ տղամադրիկ իրենց չխնայելով աշխատում են օր ու գիշեր։ Ինձ միշտ թվացել է, թե ուժեղ ու թույլ սեռերի տարանջատելն ըստ հայեցողության է։ Եվ ինչքան գիտեմ Դուք ստացել եք Սիմոնե դե Բուվուարի մրցանակ՝ ուժեղ կանանց խումբ, որը թույլ է տալիս մյուսներին նույնպես ուժեղ զգալ։

– Եթե դիտարկենք Ռուսաստանի իրավիճակը, ապա այնտեղ պատերազական գործողութուններն ընթանում են 1904 թվականից։ Չգիտեմ՝ այն մեծ է, թե փոքր, բայց մշտապես մարդիկ են զոհվում և կանանց ուսերին է ընկնում այն բեռը, որ նրանք պետք է կին մնան, բայց ամուսինը չկա, կարող է և այլևս չլինի, բայց կան երեխաներ և նրանց պետք է կերակրել։ Երկրորդ համաշխարհայինին կանայք արդեն աշխատում էին ռազմական գործարաններում, ծանրագույն կյանք էր Ռուսաստանում, և այդ տարիներին այնտեղ «մշակվեցին» հրաշալի կանայք։ Մի գուցե ես կվիրավորեմ ռուս տղամարդկանց, բայց Ռուսաստանում կանայք շատ ավելի լավն են։

Ես ընդհանրապես ֆեմինիստ չեմ և կարծում եմ, որ խնդիրը ոչ թե կանանց տղամարդկանց հավասարեցնելն է, այլ կանանց և տղամարդկանց ճիշտ զուգընկերությունը։ Դա շատ ավելի կարևոր է, քան ապացուցել, որ կանայք հավասար են տղամարդկանց։ Կանայք հավասար չեն տղամարդկանց։ Կա հավասար իրավունքների օրենք, սոցիալական օրենք և դրանք բոլորն էլ ունեն վերանայման կարիք։

 

– Մենք ծնվել ենք նախորդ դարաշրջանում, հազար տարի առաջ, և Ձեր վեպերում ժամանակն ունի հսկայական նշանակություն։ Այդ երեկ-այսօր-վաղը, ժամանակների կապը, ԴՆԹ-ի կապը, հաճախ կրկնվող «գեն» բառը, որը չկրկնվելու դեպքում էլ նույնիսկ ենթադրվում է։ Այդ իմաստով կարելի է ասել, որ Դուք գրու՞մ եք դարաշրջանի գենի մասին, «գենագրու՞մ» եք։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ոչ։ 1969 թվականին ես ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի գենետիկայի ֆակուլտետը։ Այդ ժամանակվանից ողջ մարդկության գենետիկան ենթարկվել է հազարավոր փոփոխությունների, որի ապացույցը վերջերս հետս կատարվածն էր։ Ես 20-րդ դարի մարդ եմ, բայց օգտագործում եմ տարբեր սարքեր, և այդպես մի օր գողացան իմ համակարգիչը։ Սկզբում ես ուղղակի տխրեցի, իսկ տասնհինգ րոպե հետո հասկացա, որ գողացել են իմ մի մասնիկը, որովհետև ես չեմ հիշում այնտեղ պահած ողջ տեղեկությունը։ Կորցնելով համակարգիչս ես կորցրի այն ամբողջ տեղեկությունը, որը գրանցելով՝ ուղղակի մի կողմ էի դրել։ Եվ այդ կոտրված զգացողությունը հսկայական է։

Որևէ մեկի հետ խոսելու, քննարկելու կամ նույնիսկ վիճելու համար պետք է նախօրոք բացատրես օգտագործածդ բոլոր հասկացությունների իմաստը, քանի որ յուրաքանչյուրի մոտ դրանք ունեն տարբեր իմաստներ։ Բոլոր այն ինստիտուտները, որոնց ընտելացել էին մեր տատիկներն ու պապիկները, ուղղակի քանդվել են։

Նախկինում ամուսնալուծություններ չկային, իսկ ես արդեն 42 տարի ապրում եմ իմ երրորդ ամուսնու հետ։ Փոխվել է ամուսնության ինստիտուտը, հարաբերությունների ձևը և դրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել։

 

– Դուք ասել եք, որ տարիքի հետ ժամանակն արագանում է, թարթեցիր՝ երկուշաբթի է, թարթեցիր՝ դեկտեմբեր ամիսն է։ Նաև ասել եք, որ հիմա ավելի շատ եք ուրախանում։ Ինչո՞վ եք հիմա ուրախանում։

Ես շատ ուրախ ու երջանիկ մայր եմ ունեցել։ Նա արթնանում էր առավոտյան վեցին, միացնում էր բոլոր երեք ռադիոընդունիչները, մարզվում, ճաշ եփում, ամեն ինչ միանգամից, իսկ ես սարսափելի վատ էի արթնանում։ Մայրս միշտ ասում էր․ «Երբ դու ունես խնձոր՝ նարինջ ես ուզում, երբ ունես նարինջ՝ բանան»։ Երբ ես տարիներ առաջ բուժվեցի քաղցկեղից, ինձ նվիրեցին իմ երկրորդ կյանքը, ես հասկացա մորս։ Ապրել և զգալ, որ շուրջբոլորը վատ է, իրականում հեշտ չէ, դրա համար ամեն ինչ լավ է․․․

Ռուսական գրականության ամենահայտնի գրողներից Լյուդմիլա Ուլիցկայան ծնվել է 1949թ․ փետրվարի 21-ին։ Իր պատմվածքներն առաջին անգամ տպագրվել են 80-ականներին, իսկ հայտնություն է ձեռք բերել իր սցենարների հիման վրա նկարահանված «Լիբերթի քույրիկները» և «Կին բոլորի համար» ֆիլմերից և «Նոր աշխարհ»-ում «Սոնեչկա» (1992) վիպակի հրապարակումից հետո։ Վերջինս 1994թ․ Ֆրանսիայում ճանաչվել է որպես լավագույն թարգմանչաց գիրք և արժանացել ֆրանսիական բարձրակարգ «Մեդիչի» մրցանակին։

Լյուդմիլա Ուլիցկայան առաջին կինն էր, ով «Կուկոցկու կազուսը» վեպի համար ստացավ Ռուսաստանում երկար ժամանակ «տղամարդկային» համարվող «Բուքեր» մրցանակը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով