fbpx

Երբ լռում է քաղաքականությունն ու խոսում է Համբարձում Համբարձումյանի գրականությունը

Դեկտեմբերի 8-ին «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» գրքի շնորհանդեսը։

– Այնպես ստացվեց, որ լռության  ու շնորհանդեսի օրերը համընկան։ Մենք ցանկացանք, որ լռի քաղաքականությունն ու խոսի Համբարձումի գրականությունը, որը ցանկացած քաղաքական և ընտրական ցարգացումներից արժեքավոր երևույթ է: Այստեղ ներկաները նույնպես կփաստեն, որ այս գիրքը մեր սերնդակիցների շարքում ամենասպասվածներից է:

Համբարձումի առաջին իսկ հրապարակումներից, որոնք եղան «Գրական թերթում», «Գրեթերթում», այնուհետև իր արշավը սկսեց գրական տարբեր ամսագրերում ու կայքերում, մենք սպասել ենք գրքին, որպեսզի մի կողմից մեր սերնդի այդ տաղանդավոր ներկայացուցիչն էլ գիրք ունենա, մյուս` մասնագիտական` գրաքննադատական կողմից, որ Համբարձումին այս գրողական ցրվածությանն ավելի համակարգային տեսք հաղորդելով` կարողանանք գրքի վերլուծություններ անել, – ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

Ըստ գրականագետի՝ Համբարձումը միանգամից գրավել է ոչ միայն ընթերցողների, այլ նաև մասնագիտական մի մեծ շրջանակ։

Հանգամանքների բերումով՝ հեղինակի գրական ընդմիջումները նույնպես անդրադարձել են իր ստեղծագործություններում: Ժողովածուում զետեղված են նրա լավագույն աշխատանքները, որոնք պարունակում նաև կենսագրական տարրեր։

– Վերջին տարիներին բազմաթիվ գրքեր բեսթսելերներ են ճանաչվել, և թվում է, թե արժեքայնության որոշակի անկում են բերել, բայց այս գիրքը կվերականգնի նաև այդ հատկանիշները, – հավելեց Արքմենիկը։

Իր առաջին գրքի մասին արձակագիրն ասաց․

– Ես մի քիչ հեռացել եմ այս պատվածքներից, դրա համար մի փոքր կասկածանքով եմ վերաբերվում։ Դրանք գրվել են 10-15 տարի առաջ, բացի «Բիձեն» պատմվածքից, և մտածում եմ` ժամանակավրեպ են, ժամանակավրեպ չեն:

Ժողովածուում տեղ է գտել տասներեք պատմվածք, որոնք հեղինակն անվանում է «Շենգավիթյան շարք»։ Դրանք պատերազմի և հետպատերազմյան տարիների իրականության գեղարվեստական արտացոլանքն են:

– Ինչու՞ եք ժողովածուն վերնագրել հենց «Կորեական դելիկատես» պատմվածքի անունով։

Իմ ամենաշատ հավանած պատմվածքն է, մտածում եմ, որ ինձ մոտ ստացվել է, դրա համար գրքի համար հենց այդ վերնագիրն եմ ընտրել։ Ինչպես քիչ առաջ ասացի, պատմվածքը պատերազմական տարիների մասին է, որտեղ մարդկային փոխհարաբերությունները փչացել են և ինչպես է մի երեխա ներողամտորեն վերաբերվել մեծերի հանցանքներին։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք գրքից։

Ակնալիք ունեմ, որ կվաճառվի։

– Ո՞րն էր գիրքն այսքան ուշ տպագրելու պատճառը։

Ժամանակին գրահրատարակչական ոլորտն այսքան զարգացած չէր, այն վերջին երկու տարիներին թափ առավ վաճառքների առումով, և ես մտածում էի՝ մարդիկ գրական մամուլով ծանոթ են իմ գործերին, գուցե գիրքը չվաճառվի, բայց ի վերջո հանգեցի մի մտքի, որ այդ ամենը մի ժողովածուի մեջ հավաքելու անհրաժեշտություն կա։

– Կա՞ ընթերցողների թիրախային գոտի։

Պատմվածքներ կան, որ 16+/18+ են։ Ցանկալի է, որ այդ տարիքից բարձրերը կարդան։

– Ձեր կնոջը Ձեզ մրցակից համարու՞մ եք։

Շատ մեծ մրցակից։ Իրականում Արփին ինձ համար հեղինակություն է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով