fbpx

Ջորդան Փիլի «Մենք»-ը սովորական սարսափ չէ

Ջորդան Փիլը «Չքվի՛ր» ֆիլմով իր դեբյուտը կատարեց կինոաշխարհում։ Վերոնշյալ ստեղծագործությունն առանձնանում էր ռեժիսորի ինքնատիպ ձեռագրով, տարօրինակ և միևնույն ժամանակ սարսափազդու սյուժեյով, ինչպես նաև յուրօրինակ գաղափարով։ Շատերը այն հավանեցին, շատերն ավանեցին հիմարություն և չորակեցին որպես սարսափ, այլ միստիկ թրիլեր՝ լցոնված արդիական՝ ռասիստական թեմայով։ Իհարկե վերոնշյալ ֆիլմի սարսափ լինելու փաստը մենք կասկածի տակ չենք դնում, այլ արդարացնում ենք18 թվականին արժանացած Օսկարի «Լավագույն բնօրինակ սցենար» մրցանակին։

Ռեժիսոր պրոդյուսեր և սցենարիստ Փիլն այս տարի վերադարձել է նոր մղձավանջով՝ չվախենալով 2019 թվականի կինովարձույթի ներկայիս և սպասվող բլոքբաստերներից։ Մենք այն դիտել ենք և անպայման ցանկանում ենք կիսվել ձևավորված տեսություններով և զատկի ձվերով (easter eggs/пасхалки)։

Սկսենք նրանից, թե արդյո՞ք «Մենք»-ը սարսափ ֆիլմ է, այլ ոչ հերթական միստիկ թրիլերը՝ այո այն պոստմոդեռնիստական տարրերով դասական սարսափ է, որը նման չէ ժամանակակիցներին և հիշեցնում է նախորդ դարում ժանրի ապրած վերելքը։ Ընդհանրապես, պետք է հստակեցնել, թե սարսափ ասելիս ինչ ենք հասկանում,  քանի որ որոշների համար այն քայլող դիակներն են, մյուսների համար՝ անդադար սքրիմերները, իսկ շատերը հերոսների յուրաքանչյուր տառապանք համարուն են սարսափ։ «Մենք»-ում հերոսները տառապում են, կան գրագետ սքրիմներներ և շա՜տ որակյալ ու իր դերը խաղացող հնչունային ռեժիսուրա։

Երկու խոսք սյուժեի մասին, որը սկսում է 1986 թվականով։ Չորսամյա Ադելաիդան առանձնանում է ծնողներից և գնում զվարճանքների կենտրոնի «Գտիր քեզ» հայելիներով սրահ։ Այնտեղ երեխան գտնում է ինքն իրեն, բայց ոչ թե իր արտացոլանքին, այլ հենց իր կերպարանքով մեկ ուրիշի։ Տեսարանն ավարտվում է նրան զարմանքով, ինչից հետո գալիս ենք մեր օրեր, որտեղ մեր չորսամյա հերոսուհին մեծացել է, ունի ամուսին և երկու երեխաներ։ Ընտանիքն ամառային արձակուրդներին գալիս է այն նույն ծովափը, որտեղ փոքրիկ Ադելաիդան գտել էր իր «ես»-ին։ Դե իսկ այստեղ էլ պարզվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր այդ երկրորդ տարբերակը՝ որոնք ապրում ենք, ինչպես ֆիլմի սկզբի տիտրերում էր գրված՝ ԱՄՆ-ում եղած հազարավոր գետնանցումներում։ Այդ երկրորդ տարբերակները, որոնք իրենց անցնում են ստվերներ, ապրում են իրենց «տերերի» գրեթե նույն կյանքով, ուղղակի գետնի տակ, անազատության մեջ և յուրաքանչյուր լավ բան այնտեղ արտահայտվում է վատով։ Այստեղ էլ կարելի է ասել ավելանում է սարսափի կարևոր բաղադրիչներից մեկը՝ մեռյալների վերակենդանացումը։ Ստվերները դուրս են գալիս իրենց լավ կյանքով ապրող տարբերակներին սպանելու և ազատ ապրելու։

Հիմա պատմենք այն տեսությունը, որն առաջացել է ֆիլմը դիտելու առաջին երեսուն րոպեների ընթացքում և վերջում հաստատվել է։ Գետնանցումը կամ այդ ստորգետնյա վայրը մարդու ներաշխարհն է կամ հոգևոր աշխարհը, կոչեք ինչպես կուզեք, որն առաջացել է մարդու նյութապաշտության արդյունքում․ մենք այնքան ենք սկսել ապրել ֆիզիկական կյանքով, որ մոռացել ենք մեր ներքինն ու թաղել դրան գետնի տակ, մեզանից հեռու։ Ընդհարապես մարդկային էությունը միշտ ձգտում է նոր բաների, ամեն ինչ պատկերացնում իդեալական, սակայն գործնականում գրեթե ոչինչ չի անում։ Հետաքրքիր է, որ այս թաղված ստվերներն ասես հերոսների լավագույն տարբերակները լինեն․ իրենց ընտանիքի մայրը՝ Ադելաիդան մատների ճտոցով ղեկավարում է ընտանիքը, իրական կյանքում քաջությամբ չփայլող հոր ստվերն ուժեղ է ու անվախ, դուստրը՝ վազում է շատ արագ, այն ինչ իրականում նա չի ուզում շարունակել աթլետիկայի իր մարզումները, իսկ որդին, ով չի կարողանում վառել կրակայրիչը, ստվերի տարբերակում վառում է հեշտությամբ։ Ինչպես նաև որդին ասես մոր անձնական օգտագործման շնիկը լինի։ Ֆիլմում ցուցադրված մեկ ուրիշ ընտանիքի մայրը, ով երիտասարդ երևալու համար ձգել էր դեմքը, ասել էր, որ  կարող էր ավելի ձգել, բայց չի արել,  քանի օր չի ցանկացել թեթևաբարո կնոջ տեսք ստանալ, իսկ նրա ստվերը իր իսկ մկրատով կտրում է դեմքի այն հատվածը, որտեղից կատարել էր դեմքի ձգման կոսմետիկ վիրահատությունը։ Սրանով իսկ ռեժիսորը հաստատում է, որ ստվերները մարկանց իրական կողմն են՝ իրենց իրական ցանկություններով։ Եթե մի քիչ խորանանք, ապա այս ամենը գրելու և հասկանալու իմաստ էլ չկար, քանի որ ֆիլմի վերնագիրն ամեն ինչ ասում է՝ ՄԵՆՔ։ Ստվերները նույն մարդիկ են, ուղղակի այնպիսին, ինչպիսին ուզում են լինել, նրանք իրենց մի մասն են, եթե ոչ հենց իրենք ամբողջովին։

Կարճ ասած՝ մարդիկ կտրել են իրենց մարմնականը հոգևորից, ինչի սիմվոլիկան ամփոփված է ստվերների զենքում՝ մկրատում։

Ֆիլմի հեղինակը կարծում է, որ մարդիկ իրենց չեն գտել և չեն էլ փորձում գտնել, ահա, թե ինչու է հայելիներով պատված սենյակը կոչվում «Գտիր քեզ»։ Ի դեպ հենց այնտեղից էլ Ադելաիդան ը մուտք է գործում իր ներաշխարհ՝ գետնանցում։

Սովորության համաձայն՝ մենք մի դետալ բաց ենք թողնում ֆիլմը դիտելու ընթացքում «wow» էֆեկտի համար։ Ի դեպ հենց այդ «wow» պահը լինում է վերջաբանում, որով ռեժիսորը հավատարիմ է մնում սարսափի դասական հնարքներից մեկին։

Հիմա հերթը այն մանրուքներինն է, որոնք էլ հենց ամբողջացնում, հարստացնում ու ծավալ են հաղորդում այս ֆիլմին։

1986 թվականի և մեր օրերի տեսարանների արանքում կան բազմաթիվ վանդակների մեջ փակված նապաստակներ, որոնք, ինչպես պարզվում է վերջաբանում, ազատ են լինում գետնանցնումներում։ Սրանով ռեժիսորը կարծես համեմատություն անի վախկոտության խորհրդանիշ համարվող կենդանու և մարդ արարածի միջև։

Չենք կարող չխոսել երաժշտության, ձայնային հնչյունների և ընդհանրապես աուդիո բաղադրիչի մասին, որը շատ մեծ դեր է խաղում ֆիլմում։ Հիփ հոփն ասես լինի մարմնական իսկ դասականը՝ հոգևորը մարմնավորող երաժշտություն։ Դա նույնպես ընդգծված է վերջաբանում, երբ Ադելաիդան պայքարում է իր իսկ դեմ։ Ստացված միքսը կատարվել է «I got 5 on It»  երգի հիման վրա, որը հնչում է նաև ֆիլմի թրելյերներում։

Օպերատորական աշխատանքը նույնպես անտարբեր չի թողնում հատկապես իր մակրո կադրերում։ Էսթետիկ առումով ֆիլմը նույնպես լեցուն ու հաճելի է։

Մի բան ևս նկատել ենք՝ դասական սարսափների տպագրություններով շապիկներ։ Մի անգամ տեսնում ենք Մայքլ Ջեքսոնի «Թրիլեր» (Thriler) տեսահոլովակ-ֆիլմի պաստառը, որի ռեժիսորը Սթիվեն Քինգն է, մյուսում՝ Սթիվեն Սպիլբերգի «Ծնոտները» (Jaws)։ Մեկ այլ շապիկի վրա պատկերված է «Hands Across America» շարժման լոգոտիպը։ Այսպես, այդ շարժումը տեղի է ունեցել 1986 թվականի մայիսի 25-ին, որում մոտ 6,5 միլիոն մարդ իրար ձեռք բռնած 15 րոպե կանգնել է աբողջ ԱՄՆ-ի տարածքով (արևմուտքից արևելք, կամ Սանտա Մոնիկայից Նյու Յորք)։ Կարծում ենք՝ հեղինակը ծաղրում է նմանօրինակ շարժումները, ինչպես նաև վստահ ենք, որ մեկ այլ բացատրություն ունի, ինչպես ամբողջ ֆիլմը։

Մի շարք գովասանքների հետ զուգընթաց պետք է նշենք նաև դերասանական խաղում առկա արհեստականությունը, որը երևում է զույգ քույրիկների մոտ (վերոնշյալ ծանոթ ընտանիքից)։ Մյուսների մոտ նույնպես կան մի քանի պաթետիկ նոտաներ, սակայն գլխավոր դերասանուհու՝ Լյուպիտա Նիոնգոյի դիմախաղն ամեն ինչ արժեր։ Դրանով նա հաղթում է ամբողջ ֆիլմում։

Ընդհանրացնելով այս ողջ կինոշղթան՝ կարող ենք ասել, որ Ջորդան Փիլը նոր մակարդակ ու սանդղակ է սահմանել այս տարվա բոլոր ժանրերի ֆիլմերի համար, որին անցնողները, կարծում ենք, այդքան ենք այդքան էլ շատ չեն լինի։ Սակայն մենք կհետևենք ու Ձեզ հետ կկիսվենք սպասվող բլոկբաստերների մասին մեր կարծիքներով։

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով