fbpx

Ջեննի Բալյան | Ե՛տ նայիր մի պահ

Ե՛տ նայիր մի պահ,

Այստեղ՝ հարավում, երբ թռչունները

Երամներ կազմած չվում են դեպի

Տաք-տաք երկրներ,

Ես դեռ մնում եմ խիտ քամիների

Մեջտեղում կանգնած, ու թմբիրի մեջ…

Ե՛տ նայիր մի պահ,

Կապույտ երկնքում արևը վաղուց

Խանձել է արդեն դողեր հնացած,

Իսկ ես կանգնած եմ հենց հրդեհի մեջ՝

Խանձելով ինձնից պոկված երազանք.

Այնքա՜ն անտարբեր ու դանդա՜ղ այնքան,

Որ գիշերները փոխվում են արագ

Կենտ ցերեկների, բայց կանգնած եմ

Ես քամիների մեջ,

Եվ շնչում եմ միշտ ու արտաշնչում

Անձրևներ մաշված,

Որոնք հոգնել են արդեն լվանալ

Քաղաքները այս՝ թաղված մեղքերի

Հաստ ու հազեցնող փոշիների տակ…

Ե՛տ նայիր մի պահ,

Արևը շուտով կսկսի արդեն քիչ-քիչ

Թուլանալ,

Ու տաքությունը նորից ու նորից

Տեղը կզիջի սառնությանը այն,

Բայց ժամանակը չի կանգնի բնավ,

Կշարունակի այն առաջ վազել,

Քամին անկյունում նորից հառաչանք

Կլցնի ցրտից փակված տներում,

Ես կերազեմ Վենետիկ գնալ,

Հառաչանքների կամրջի վրա

Թողնել պարկերով, արկղերով վշտեր,

Որոնք կթափվեն կամրջից ներքև,

Ու և կլցվեն ջրերում նրա՝

Հոսելով արդեն ուրիշ եզերքներ.

Բայց ներսում նորից քաոս կլինի,

Ես կփափագեմ աստվածներ գտնել,

Ու նրանց կողքին ինձ անպարտ զգալ,

Որտեղ կկորցնեմ անցյալ հիշեցնող

Մի բանաստեղծություն,

Որը երբեք էլ անգիր չեմ արել…

Ե՛տ նայեք մի պահ,

Տեսե՛ք, թե երեկ ինչքան լպրծուն

Բառեր լցվեցին պատուհանի տակ…

 


 

Ինձ մի՛ մոռացիր,

Ամեն արշալույս սովոր է կյանքում

Գոնե մեկ անգամ նույնը լինելու,

Իսկ ես ուզում եմ, որ ամեն անգամ

Մենք տարբեր լինենք,

Ինչպես աստղերը երկնքում փռված,

Որ ստիպում են հաճախ երազել…

Մոռացումները ցավոտ են լինում,

Ու շղթայված են մեր անցյալի հետ,

Իսկ անցյալները արագ են անցնում,

Սակայն հետքերը մնում են այդպե՜ս՝

Բիբերի ներսում, ու պարզաջրվում

Ամեն արցունքի աղի կաթիլով,

Իսկ կաթիլները կոկորդում հաճախ

Հարբուխ են դառնում,

Ու տառապում ենք մենք երկար այդպես

Անիրականի ու իրականի մեջտեղում

Ձգված ինչ-որ կետի մեջ, կամ նրանից դուրս,

Ո՞վ գիտի հոգու խառնարաններում,

Ինչ ջերմությամբ են հույզերը եփվում …

Ինձ մի՛ մոռացիր արշալույսի մեջ,

Այն ամեն մի օր նոր ծնունդ ունի,

Իսկ ծնունդներիս ես տխուր եմ միշտ,

Այդ օրը միշտ ինձ դու ուրախ պահիր…

Տե՛ս, չմոռանաս, հիշողություն կա,

Նա սիրում է միշտ վերհուշներ ապրել,

Իսկ վերհուշները ուրախ են ոչ միշտ,

Բայց տխրությունը չի սիրում էլ քեզ,

Ավելի լավ է բարձրաձայն խնդա՜,

Ես էլ քո տեղը կլացեմ ուժգին…

Իսկ հիմա նայիր պատուհանից դուրս,

Տե՛ս, ծեգը այսօր փոխվել է մի քիչ,

Նայի՛ր, ճերմակը ինչպե՜ս է հալվում,

Իսկ մենք տխրում ենք մազի սպիտակից…

Այն ինչ վարսերը կարող ենք ներկել,

Գույն տալ սփրթնած այդ նորեկներին,

Սակայն, երբ հոգին կնճիռներ ունի,

Կյանքը անցնում է առանց հետագիծ…

Իսկ հետքերը մեզ պետք են պարտադիր,

Միշտ կարոտներ են իրենց հետ բերում…

Էլ չդադարես չհիշել դու ինձ,

Հիշողություն կա, ու հետն էլ կարո՜տ…

 


 

Երբ գալու լինես,

Հետդ մի կտոր հիշողություն բեր,

Այնքա՜ն հարուստ ենք մենք լինում այդժամ,

Երբ փաթաթվում ենք հուշերով անցած,

Եվ ծախսում դրանք խնայողաբար,

Ու գինուց թմրած ուղեղները մեր՝

Պատրաստ են հաղթել աշխարհում

Եվ մա՛հ …

Երբ գալու լինես,

Հետդ հույսեր բեր,

Որ գարնանային գոլ երեկոյին,

Գինու թասերը ափերում առած՝

Հարբենք մեր վաղվա երազներով վառ,

Ու չմոռանանք,

Որ աշխարհում այս բացի ցրտերից

Ու պա՜ղ, անհավատ կիսված օրերից,

Նաև արևս կա՛,

Որ կջերմացնի մեր սառած հոգին,

Երբ որ ձմեռ գա, ձյուն գա մեր սրտին…

Երբ գալու լինես,

Հետդ մի կտոր այն գիժ օրերի

Հոգեվարքներից նոր արշալույս բեր,

Որ վաղվա կյանքը լցվի նոր սիրով,

Ու ապագայի կյանքը խենթանա՝

Ապրած օրերի հին վերհուշներից…

Եվ գալուց քեզ հետ մի կտոր գիշեր

Գրպանումդ բեր,

Որ աստղերը բյո՜ւր,

Մի քիչ էլ փորձեն մեր գրկում ապրել,

Ու կամուրջ ձգվի իմ ու քո միջև,

Որը քամուց էլ չի ճոճվի երբեք…

Երբ գալու լինես,

Հետդ մի կտոր այն հին օրերի սիրուց բարակած հիշողություն բեր,

Որ կարողանանք այն մեր մեջ կրել,

Ու քչությունից չբողոքենք էլ…

Երբ գալու լինես, քեզ մի՛ մոռացիր

Փողոցներում մութ,

Քեզ հետդ տուն բե՛ր, որ չմոռանանաք

Մեր կյանքը ապրել…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով