fbpx

Ինչպես Թումանյանը նպաստեց գրքի վերածննդին | 1Dram թիմ

Այսօր կրկնակի տոն է ոչ միայն գիր ու գրականության երկրպագուների, այլ նաև ողջ հայության համար այսօր ծնվել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, ում հոբելյանի հետ կապել են Գիրք նվիրելու օրը։

Իհարկե անդադար կարելի է բառեր շռայլել այն մասին, թե ինչպիսի մեծ ժառանգություն ենք ստացել Թումանյանից, ինչպես ենք բոլորս մեծացել նրա հեքիաթների հերոսների հետ, վայելել ու անգիր սովորել քառյակներն ու դիտել օպերաները դրանց մասին շատերը կխոսեն․․․

Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝  փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: Նախաձեռնության մեկնարկից անցել է տասնմեկ տարի և փաստերը ցույց են տալիս, որ այն կատարում է իր առջև դրած նպատակները։

Շուրջ մեկ տարի ոչ միայն լուսաբանելով հատկապես Հայաստանի մշակութային անցուդարձը, այլև ինքներս կազմակերպելով դրանք՝ շեշտը դնելով գրականության վրա, հստակ կարող ենք նշել, որ գրքի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը ավելացել է բազմամարդ են թե՛ գրական միջոցառումները, թե՛ գրախանութները, թե՛ թեմային առնչվող քննարկումները։

1Dram թիմի քաղաքականության հիմքում գրականության պահպանումն ու փոխանցումն է հաջորդ սերունդներին, քանի որ այն հարուստ ժառանգություն ու արժեք է ողջ ազգի և համայն մարդկության համար։ Կարևոր չէ, թե ինչ «նյութից» պատրաստված կլինի Ձեր գիրքը, կլինի դա տպագիր, էլեկտրոնային, ձեռք բերված կլինի գետնանցումներից, գրախանութներից, թե փոխանակման տարբերակով, կարևորը անսահման գիտելիքն է, որը մենք կարող ենք ստանալ ու արդյունքում՝ հարստանալ։

Մենք բարձր ենք պահելու գիր ու գրականության պատիվը՝ հնարավորինս անդրադառնալով ու ուշադրություն դարձնելով հատկապես տեղի գրիչներին։

Սիրով և պատասխանատվությամբ՝

1Dram թիմ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով