fbpx

Օրվա թիվը․ ի՞նչ արժե մարդը համացանցում՝

Օգտատիրոջ ողջ «թվային կյանքով» լեցուն հաշիվը կիբերհանցագործները կարող են վաճառել $50-ից էլ քիչ, պարզել է տեղեկատվության պաշտպանության «Կասպերսկու լաբորատորիա» ռուսական ընկերությունը:  «Թվային կյանքը» ձևավորվում է սոցցանցերի հաշիվների, բանկային ռեկվիզիտների, Uber և Netflix-ի նման ծառայությունների, խաղային աղբյուրների, ինչպես նաև ծանոթությունների հավելվածների և այցելած պոռնո կայքերի տեղեկության հիման վրա:

«Կասպերսկի»-ն հայտնում է, որ հաքերերի տեղեկության անանուն փոխանակման Dark Web կայքերում գրառումների մեծ մասը $1-ից էժան են: Ամենաէժանն ու մասսայականը էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերն են: Facebook-ի գողացված հաշիվն արժի $1, իսկ Netflix-ինը՝ մինչև $5, դեսքթոփային համակարգիչների կամ սերվերների ջնջված մուտքի գինը՝ $5–50: Մեծածախ վաճառքի դեպքում չարագործները նաև զեղչեր են առաջարկում և գնորդներին տալիս են ցմահ երաշխիք. եթե հաշիվներից մեկը դադարում է աշխատել, նրանք դա փոխարինում են մեկ ուրիշով:

Օգտատիրոջ հաշիվներին մուտք ստանալուց հետո կիբերհանցագործները կարող են պարտքով գումար վերցնել զոհի անունից կամ այլ հանցանքներ գործել: Ամենից հաճախ տվյալներն արտահոսում են ֆիշինգային արշավախմբերի ժամանակ կամ հավելվածների խոցելիության պատճառով, ասվում է «Լաբորատորիայի» հաղորդագրությունում:

Իրենց հմտությունների շնորհիվ հաքերները գողացված տվյալներով մուտք են գործում տարբեր ծառայություններ: Նրանց առավել հետաքրքրում են բանկային և խաղային հաշիվները և վճարային համակարգերի հաշվառման տվյալները: Վերջինիս ստացման դեպքում նրանց նպատակը հաշիվներից գումար, խաղային ըքաունթներից՝ խաղերի մրցանակների, լոյալության ծրագրերից՝ բոնուսների հանումն է:

«Պարզ է, որ տվյալների գողությունը լուրջ վտանգ է բոլոր օգտատերերի համար: Դրա հետևանքներն անդրադառնում են ինչպես մեկ անձի, այնպես էլ մի ամբողջ հասարակության վրա: Բարեբախտաբար կան անվտանգության կանոններ, որոնք թույլ են տալիս պաշտպանվել նման խնդիրներից: Անհրաժեշտ է օգտագործել ուժեղ գաղտնաբառեր, կազմակերպել ծրագրային ապահովման արդյունավետ պաշտպանություն: Պետք է նաև գիտակցել, թե մենք որքան շատ ենք կիսվում անձնական տվյալներով սոցիալական ցանցերում, դնում դրանք ազատ օգտագործման և անվճար տրամադրում տարբեր կազմակերպությունների», – ասել է «Լաբորատորիայի» անտիվիրուսային ավագ մասնագետ Սերգեյ Լոժկինը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով