fbpx

Սիրային գիրք գրված անպատեհ ժամանակներում | Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» գրքի շնորհանդես

Հոկտեմբերի 25-ին Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ  սերը  ասաց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։

«Որպես խմբագիր ես այս գրքին շատ եմ սպասել, քանի որ միշտ ասել եմ Հուսիկին՝ իր մոտ սիրային պոեզիան շատ ավելի լավ էս տացվում։ Մի քանի տարի հավաքելով նրա գրքերում տեղ գտած սիրային բանաստեղծությունները՝ կազմեցինք մեկ հատոր և այսպես ծնվեց «Եվ սերը ասաց» ժողովածուն։

Սա ավելի շատ սիրո վայելքի պոեզիա է, քան սիրո տառապանքի, որովետև հեղինակը նույն այդ մերժման ու լքման պահին գտել է ինչոր վայելքի եղանակ և դա բանաստեղծականացրել։ Կարևորը սեր լինի՝ այսպես է Հուսիկի գրքի տրամաբանությունը», – ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

Ըստ Արքմենիկի՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են` Հուսիկը կրկնօրինակում է աստվածաշնչյան տեքստերը, ապա այդպիսի բան չի կարող լինել, դա մեղք  է։ Բոլորս էլ գիտենք, որ աստվածաշնչյան տեքստն իր պարզությամբ ու բացությամբ աշխարհի ամենա ենթատեքստայինն է, և Աստվածաշնչի հետ Հուսիկի առնչությունն իր կարծիքով այդ ենթատեքստերը բացելն է։

Իր գրքի մասին հեղինակը պատմեց․

«Վերնագիրն աստվածաշնչյան է՝ «Եվ Աստված ասաց»-ը դարձել է «Եվ սերն ասաց»։ Քանի որ սերն ու Աստվածը նույնանուն են, փորձեցի այդպես վերնագրել։ Ասում են, թե կողոպտում եմ Աստվածաշունչը, բայց միայն չորս թեմա եմ մշակել՝ աշխարհի արարումը, լեռան քարոզը, տասը պատվիրաններն ու անառակ որդու վերադարձը։

Գրքում տեղ են գտել նախկին բանաստեղծական շարքերիս սիրային ստեղծագործությունները և նոր՝ վերջին երկուերեք տարիների բանաստեղծությունները»։

Ինչպես Հուսիկ Արան է ասում՝ իր սիրո մատյանում իր իսկ ապրումներն են, որտեղ ամենաուրախացնողը երիտասարդ զույգերի իր բանաստեղծություններով սիրո խոստովանություններ են ։ Դա իր մեծագույն հաջողությունն է, իսկ պոետի առաքելությունը` հաջողված։

Ամփոփելով հայ սիրերգության թեման, Արքմենիկը նկատեց, որ եկավ մի շրջան, երբ սիրերգությունը սկսեց չնչին տեղ զբաղեցնել մեր գրականությունում։ Մեր գրականության 90-ականների սկիզբն իրեն հիշեցնում է  19-րդ դարը, որ մեր մեծ գրողները մոռացան իրենց անձնական կարիքներն ու ապրում էին միայն հայրենիքի ցավով։ Անկախության շրջանում էլ մեր գրողները կամ ընդհանրապես լռեցին, կամ էլ բանաստեղծականացրին այն քաոսը, որ տեղի էր ունենում երկրում․քաոս ոչ միայն սոցիալական, քաղաքական իմաստով, այլև մարդկային հարաբերությունների, ապրելակերպի և պոեզիայի։

Ինչպես հայտարարեց խմբագիրը, Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց»  ժողովածուն վերջին  25 և ավել տարիների առաջին և ամբողջությամբ սիրո շնչով ստեղծված ժողովածուն է` գրված անպատեհ ժամանակներում։

Ժողովածուն Գրքի երևանյան փառատոնին պոեզիա անվանակարգում ստացել էր երկրորդ մրցանակը, որն էր դարձավ նրա թվով տասներորդ գիրքը: Այժմ ընթացքի մեջ է թավշյա հեղափոխության դեպքերի մասին պատմող հատորը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով