fbpx

Հովհաննես Երանյան՝ «Մահացու հյուրախաղ» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 14-15-ն ընթացող Անտարեսյան գրատոնի շրջանակներում ներկայացված նոր գրքերից մեկը Հովհաննես Երանյանին «Մահացու հյուրախաղ»-ն էր, որը նախորդ տարի արժանացել էր Երևանյան գրքի փառատոնի մրցանակի։

– Հովհաննես Երանյանը մեր այն գրողներից է, ով իր առաջին գրքի պատվածքներից և երկրորդ, երրորդ գրքերից սկսած ունի իր ոճը, իր Երանյական տարածությունը, որը չեմ չափազանցնի՝ կարելի է ճանաչել առանց հեղինակի անվան նշման։ Եվ այդ տարածությունում որոշակի հոգեվիճակներ կան, որոնցում հենց ինքն է վարպետ․ նման բաներ պատմելու և իհարկե թեմաների, հարցադրումների շուրջ այն կենտրոնացումները, որ կրկին իր գրողական տեսակին ու ձեռագրին են հատուկ, որովհետև բացի նշածս հատկանիշներից, Երանյանը կայուն, հստակ աշխարհայացքի տեր գրող է, որն իր արտացոլումն է թողնում գրականության վրա, – ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։

– Գրքի իրադարձությունների մի մասն ինձ հետ կատարվել է, մյուսը՝ հորինել եմ, բայց մարդիկ ասում են, որ ամբողջը թողել է շատ իրական տպավորություն։ Այս գիրքը գրելիս ինձ համար կարծես հանգստանալու շրջան էր, – իր գրքի մասին խոսեց Երանյանը։

Հեղինակն իր նախորդ՝ «Մեղքի պարան» վեպի վրա աշխատել էր չորս տարի իսկ այժմ ինչ-որ թեթև բան էր ուզում։ Այս մեկը գրեց չորսից չորսուկես ամսում, և եթե նախկինն ինչքան դժվար գրել էր ու դժվար ընթերցվում էր, սա ճիշտ հակառակն է՝ ինչքան հեշտ գրել է, այնքան հեշտ էլ ընթերցվում է։

Գրականագետի խոսքով՝ գիրքը մինչև տպելը, երբ Երանյանի հետ զրուցում էին գրքի մասին, նա ասում էր, որ կարդալիս շատ կխնդան, այն երգիծական է և այլն։

– Իսկապես, գրքում կան իրավիճակներ, որոնք շատ գեղեցիկ են արված, հումորի բարձր զգացողությամբ, բայց սա այն հումորային գրքերից չէ, որ նրան որպես երգիծական արժևորենք։ Սա մի շրջանի վերաբերյալ ստեղծագործություն է, որի շուրջ կա շատ ավելի փաստավավերագրական ու գիտական գրականություն՝ 1988 թվականից մինչև անկախության հաստատվելն ու Ղարաբաղյան կոնֆլիկտի սրվելը, երբ մարդիկ երկակի վիճակների մեջ էին՝ մի կողմից Խորհրդային միության գաղափարախոսությունները, մյուս կողմից՝ ներքին տարածություններում ձևավորվող միջազգային խնդիրը։

Արքմենիկը հավաստիացնում է, որ Հովհաննեսին հաջողվել է այդ կոնֆլիկտին էլ երգիծական շունչ հաղորդել՝ չթուլացնելով իրական ողբերգականությոնը։

Մեկ տարի է անցել այս գիրքն ավարտելուց հետո, բայց շուտով լույս կտեսնի Երանյանի նոր գիրքը։ Պատվածքների ժողովածուի հրատարակումը նախատեսվում է մյուս  տարի այս օրերին։

Մինչ այժմ Հովհաննես Երանյանը հրատարակել է 7 գիրք՝ «Միակ ոտնահետք» (1999), «Զինադադար» (2005), «Մարդահամար» (2008), «Ամենագեղեցիկ հարվածը» (2010), «Ողորմություն Ֆրոսյային» (2013), «Այլ ոտնահետքեր» (2014), «Մեղքի պարան» (2017), որի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։ Պատմվածքները թարգմանվել են գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ռումիներեն, ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով