fbpx

«Հեքիաթ քաջ տղայի մասին, որ չգիտեր, որ քաջ է» հեքիաթի քննարկում

Օգոստոսի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում մանկագիր Արմեն Գրիգորյանի հետ: «6:40» նախագծի կազմակերպած այս միջոցառմանը ներկայացվեց նաև գրողի նոր՝ «Հեքիաթ քաջ տղայի մասին, որ չգիտեր, որ քաջ է» կոմիքս-հեքիաթը: Այս փորքիկ ստեղծագործության մասին խոսեցին մանկագետ Գոհարիկ Աքելյանն ու գրականագետ Անի Հովնանը։

Քննարկումը սկսեց Գոհարիկ Աքելյանը, ով ցանկացավ այն կառուցել մշակութաբանական ոլորտում, որպեսզի հասկանալի դառնա, թե իրենք՝ մեծերն ինչ աշխարհ են ստեղծում իրենց երեխաների համար, ինչպիսին է մանկական ենթամշակույթը 21-րդ դարում․

«Այս աշխարհը առաջին հերթին երեխայակենտրոն է, որտեղ կա միֆականություն, սուպերհերոսների դիցաբանություն մի աշխարհ, որտեղ ամեն երեխա հենց ինքը սուպերհերոս է։ Մյուս կողմից՝ մերօրյա մանկական ենթամշակույթին բնորոշ է ինտերակտիվությունն ու անհատականացվածությունը։ Ամեն ինչ անվանական է՝ գրքերը, շապիկներն ու բաժակները։ Կան նաև որոշակի ալգորիթմներով ստեղծված թերապեվտիկ գրքեր։ Այս եսակենտրոն աշխարհն իր մեջ պարունակում է ծուռ հայելիների աֆեկտ ստեղծելու վտանգ։

Ավանդական, բանահյուսական հեքիաթներում հերոսը անձ չէ, այլ մի անորոշ կերպար, որը ներկայացնում է հստակ դասակարգ, մինչդեռ ժամանակակից հեքիաթում հերոսը հստակ անհատ է, ինչպես այստեղ։ Հերոսն Ալեքսն է, ով չգիտի, որ քաջ է, բայց հանգամանքների բերումով դառնում է սուպերհերոս՝ Բիստրոպների հերոսը։ Հետխորհրդային հեքիաթը երեխային ամոթանք տալով փորձում էր բոլորին դարձնել նույնը։ Օրինակ՝ երբ բոլորը լվացվում են, դու նույնպես պետք է լվացվես և այդպես շարունակ։ Այստեղ, ընդհակառակը, ամոթանք տալու ոչ մի միտում չկա, ավելին՝ ընդգծվում է երեխայի անհատականությունը և խրախուսում նրան։ Հեղինակն Ալեքսին բնորոշել է որպես ոչ այնքան աշխատասեր մանուկ, սակայն ցույց չի տալիս այն ճանապարհը, որը տանում է Ալեքսին ավելի աշխատասեր դառնալուն, չենք տեսնում նրա հաղթահարող ուղիները։

Նաև տեսնում ենք, թե ինչպես է երեխան բախվում տարբեր վախերի և խոչընդոտների, բայց հեղինակն այդ ճանապարհը կարծես մի փոքր անտեսում է։ Սա ինչ-որ առումով կապված է 21-րդ դարի կյանքի ռիթմի հետ՝ առանց խոսելու, կանգ առնելու ու վերապրման շարունակել սեփական ուղին։ Հեքիաթում չկան գույներ, մանրամասներ, այլ կարևորված են իրադարձությունները։

Հեքիաթի մյուս առանձնահատկությունը ճանապարհի քրոնոտոպն է, որը բնորոշ է ավանդական բանահյուսական հեքիաթին, բայց այսօր կորցրել է արդիականությունը։ Ժամանակը կարճ է, ինչի պատճառով հերոսը մի ակնթարթում տեղափոխվում է մի վայրից մյուսը։ Իսկ հեղինակը՝ համադրելով հինն ու նորը, պահպանել է այս երևույթը, որը տեսնում ենք այն ժամանակ, երբ Ալեքսն աղավնու վրա նստած ու որոշ ճանապարհ անցնելով հասնում է թզուկների՝ Բիստրոպների աշխարհ։ Իսկ արդեն սուպերհերոս դարձած Ալեքսն ուղղակի գլխարկը հանելով վերադառնում է իրականություն»։

Գրականագետ Անի Հովնանը փորձեց առանց գեղարվեստի ընդգրկման ցույց տալ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել հեքիաթը և դեպի որ ժանրերն է գնում․

«Հեքիաթը գնում է երկու ողղությամբ՝ մոտիվացիայի և թերապիայի։ Կխուսափեմ ասել, որ այն մոտիվացիոն կամ թերապեվտիկ հեքիաթ է, որովհետև առաջինի դեպքում պետք է հստակ ճանապարհ ցույց տալ, որը, ինչպես նշեց Գոհարիկը՝ բացակայում է։

Այն մի հերոսի հաջողության պատմություն է, ով զուրկ է հերոսականությունից։ Նա սովորական, ոչ աշխատասեր, վախեր ունեցող ու կասկածող մեկն է,  ինչը բնորոշ է վիպական հերոսներին։ «Քաջ տղայում» մոտիվացիան բավականին ռոմանտիկ է՝ օտարների փրկությունը, որին հասնելու համար պետք է անցնի փորձությունների միջով։ Փորձություններն հրաշապատում-հեքիաթում համարվում են նվիրաբերման ծեսի արդյունք։ Այստեղ փորձությունները կատարելիս կարևորված է ոչ թե նպատակակետը, այլ հաղթահարվող ճանապարհը, ինչով էլ այն նմանվում է թերապեվտիկ հեքիաթի։

Թերապեվտիկ հեքիաթի դեպքում կարևոր է տրանսի մեջ գցելուց հետո ետ վերադարձնել իրականություն, որը նույնպես ավանդական հեքիաթից է։ Հրաշապատում-հեքիաթներն ունեն կայուն բանաձևեր, սկզբում՝ «լինում է-չի լինում», «կար-չկար», «ժուկով-ժամանակով», իսկ վերջում՝ «երկնքից ընկավ երեք խնձոր»։ Չեմ հիշում «Հարրի Փոթերի» որ մասում է ասվում՝ «չմոռանանք, որ այս ամենն իրական չէ», այստեղ էլ, չնայած վերջում երեք խնձոր չի ընկնում, բայց հերոսը երազից արթնանում է»։

Միջոցառման ընթացքում երեխաները գունավորեցին «Հեքիաթ քաջ տղայի մասին, որ չգիտեր, որ քաջ է» կոմիմքս-հեքիաթի էջերը, որոնք նկարազարդվել էին նկարիչ Լևոն Ֆլջյանի կողմից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով