fbpx

Հայկական Lightr-ը թիրախավորել է ամբողջ աշխարհը

Տղաներով բացօթյա սրճարանում նստած էին, և այդ պահին ուզում էին հեռախոս լիցքավորել, բայց վարդակը շատ հեռու էր։ Հենց այդ պահին խնդրի լուծումը power bank-երն էին, որոնք հիմա նույնպես կան, սակայն նրանք ցանկացան ավելի նոր ու ավելի հարմար բան ստեղծել։

Հենց այդ ցանկության արդյունքում ընկերական հինգ հոգանոց խմբում ծնվեց շատերին արդեն իսկ հայտնի Lightr խելացի և աշխարհում ամենափոքր լիցքավորիչ սարքը։ Այն ունի 1500 մԱ∙Ժ հզորությամբ մարտկոց, որը մագնիսային USB-C, Micro USB և Apple Lightning միացումներով լիցքավորում է սմարթֆոններ, նոթբուքեր և մի շարք այլ լիցքավորվող սարքեր։

Սարքի և դրա շուրջ պտտվող թեմաների մասին ավելի մանրամասն խոսեցինք Lightr ընկերության մարքեթինգի բաժնի մենեջեր Արամ Գալստյանի հետ։

— Ի՞նչ պայմաններում է պատրաստվել սարքը։

— Այժմ այն արտադրության ու մշակման մեջ է, գտնվում է Չինաստանում։

 

— Չնայած նրան, որ արդեն գործարանային արտադրությունը սկսել է, այնուամենայնիվ, ի՞նչը կփոխեիք։

Լավ հարց տվեցիք, բայց անկեղծ՝ ոչինչ չէի փոխի, որովհետև ժամանակին կատարած մի շարք փոփոխություններում ես էլ եմ մեծ դեր ունեցել։

 

— Անդրադառնանք ապրանքի տեսքին, որը ոչ պակաս կարևոր է գնորդի համար։ Գրեթե ամենուր ակտուալ են պաստելային, ոչ փայլուն գույները, ինչու՞ է Ձեր սարքը վառ և փայլուն գունային լուծումներով։

— Անկեղծ, կոնկրետ Ձեր ասած տարբերակը կախված է շուկայից, որովհետև միայն Հայաստանի շուկայում մի գուցե այդպես է, բայց ամբողջ աշխարհի հետ տարբերություններ է տալիս․ չեն կարող բոլոր երկրների մարդիկ նույն նախասիրություններն ունենալ։ Մենք վերցրել ենք ոսկե միջինը և, ինչու ոչ, տարբերվում ենք բոլորից։

— 1500 մԱ∙Ժ-ը բավակա՞ն է։

— Այո, որովհետև վերլուծություններ անելիս մենք հասկացանք՝ այսօր ցանկացած հեռախոս միջինում ունենում է 3000-3500 մԱ∙Ժ, իսկ էլ ավելի հզոր մարտկոցներով հեռախոսները երաշխիք չունեն, որ օրվա ընթացքում չեն լիցքաթափվի։ 1500 մԱ∙Ժ-ը լիովին բավական է, որպեսզի օգտատերն այդ մեկ օրը խնդիր չունենա։ Այս հարցը ընդունում եմ, շատ են տալիս, բայց Lightr-ը լիցքավորիչ է, այլ ոչ թե power bank, որը կօգնի տվյալ օրը խնդիր չունենալ։

 

— Ե՞րբ կլինեն օգտատերերի առաջին արձագանքները։

— Դեռ օգտագործում են միայն մեր թիմակիցները, բայց այս պահին արտադրության մեջ ենք, վաճառք եղել է, բայց դեռ չի հասել գնորդին։ Նրանց արձագանքների մասին կարող եմ խոսել երկու ամիս հետո։

 

— Ո՞ր շուկան եք թիրախավորել։

Ամբողջ աշխարհը։

 

— Հայերս մի այսպիսի բնավորություն ունենք խանութում ամեն անհայտ արտադրանքի ապրանք գնում ենք, բայց հայկականին չենք վստահում, հատկապես՝ տեխնիկային։ Ինչպե՞ս եք պատրաստվում շահել այդ վստահությունը։

— Սա շատ լուրջ հարց է, որը վերջին տասնհինգ տարում է առաջացել։ Մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում եվրոպական, ամերիկյան ու չինական տեխնիկային, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում կարելի է ասել ոչ մի արտադրական գործընթաց չէր կատարվում։ Անկեղծ, ես չեմ ուզում խորանալ դրա մեջ, դա մեր խնդիրը չէ, զուտ դրա արդյունքում մարդկանց մոտ արմատացել է այն միտքը, որ եթե չենք արել, ուրեմն չենք կարող, բայց նման բան չկա, ինչի մասին փաստում ենք և՛ մենք, և շատ այլ հայկական կազմակերպություններ։

 

— Իսկ դրա համար միջոցառումներ կազմակերպվո՞ւմ են։

— Կարծում եմ՝ միջոցառումներ կլինեն այն ժամանակ, երբ ցույց տաս, որ դու հաջողել ես։

— Ի՞նչ կազմակերպությունների կամ նախաձեռնությունների հետ եք համագործակցում։

— Նախկինում ոչ ոքի հետ չենք համագործակցել, ամեն ինչ միայնակ ենք արել, իսկ հիմա արդեն նոր փուլ ենք մտել, և այս պահի դրությամբ բանակցություններ են գնում ամենատարբեր երկրների շուկաների ներկայացուցիչների հետ։

 

— Էլ ի՞նչ կուզենայիք արտադրել։
— Ցանկացած բան։ Lightr-ի միտքն այն է, որ կօգնի մարդկանց լուծել ամենօրյա խնդիրները։ Եթե այդպիսի մտքեր հղանան, որոնք ըստ մեզ՝ մարդկանց կօգնեն որևէ խնդիր լուծել, իհարկե կանենք։

 

Վերջում կցանկանանք նշել մեկ բան՝ Lightr-ը power bank չէ, ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, այն լիցքավորիչ է, որն օգտատիրոջը թույլ կտա ևս մի քանի ժամ օգտագործել իր սարքը։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Lightr-ի պաշտոնական կայք։

Զրուցեց՝ Քրիստիան Գինոսյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով