fbpx

Հաս Չախալյան | Գյուղերգություն

 


Մենություն

 


Նուռը շվաքում կճաքի

Ու արևը  կթիկնի ամպերին,

Կտխրի ճերմակ մի մաքի`

Նայելով ծաղկած սարերին:

 

Քամին լռությամբ կքայլի

Գոմի մենության պատերին:

Կճչա սիրտը  հուշոտ սայլի,

Երբ  խաղա խնջույքի կիրակին:

 

Նուռը շվաքում կկաթի,

Ու կարմիր սարերի  աչքերին

Կքնի մորթված մի մաքի`

Նայելով իր ծաղկած արևին:

 


Հասկերը

 

Հասկերը խշշացին փեշի  տակ,

Կծկվեց  համբույրը կտուրին,

Քրմուհու մերկացած մի քանդակ

Սառել էր աղավնու փետուրին:

 

Ու արևը ուլունքներ շարած`

Փաթաթվեց շշուկի ժայռերին,

Երբ պառկել էր մի  գառնարած

Հասկերի մետաքսե  կոնքերին:

 


 

Գյուղը

 

Արևն  ձորը կիջնի`

թևերը  հոգսերից քշտած,

ու քամու  իլիկով կմանի

հնձվորի  հարդերը քրտնած:

 

Կարթնանա  բզեզը երգերի

ծաղկաթերթ  բալենու ճյուղերին,

կճաքի  բողբոջը բառերի

արտերի  անջուր շուրթերին:

 

Աղավնին կտուրին կթառի`

լավաշե թիկնոցով փաթաթված,

և օրը  թանապուրի հետ կսառի,

երբ բացվեն գյուղի կոպերը  քնած:

 


 

 

Հին տունը

 

Մի քիչ  հաց ու

Ծիծաղ լիներ,

Կրկնակոխ բաց

Դուռ`

Պատերով  ճաքած,

Ճաշը եռար

Սիրո   պղպջակներից,

Հույսը  կամաց մտներ`

Կոշիկները թաքուն

Թևի տակ դրած,

Առանց  ափսոսանքի

Նա   բառերը թերթեր

Ու   ժպտային

Սրտերը ցրտից

Այնքա՜ն  սառած…

Մի քիչ  շատ

Ճանապարհը  թեքվեր

Ու կարկատեր  թացը

Այն  շորերի,

Որոնք   հագել

Ու մաշել ենք  նաև`

Պիտակները  նոր օրերի…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով