fbpx

«Պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր»․ Հաս Չախալյան

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հաս Չախալյանի առաջին «Իմ ու իմ միջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Արմավ» հրատարակչության կողմից, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը։

Ըստ խմբագրի՝ Հաս Չախալյանի բանաստեղծություններն այնպես են գրված, որ դրանք ամբողջովին ձևավորվում, կայանում են ընթերցողի հոգում՝ կախված ընթերցողի պատրաստվածությունից, ինչն էլ հենց հետաքրքիր է դարձնում պարունակությունը։ — Հասի պոեզիան ասոցիատիվ, որը ոչ միայն մեր, այլ նաև աշխարհի գրականության մեջ դեռևս նոր-նոր է մտնում։ Դա բառերի կամ բառակապակցությունների այն միացությունն է, որն իր հերթին բերում է հետաքրքիր ասոցիացիաներ, սա հստակորեն երևում է նախ վերնագրերում։ Երբ Հաս Չախալյանն ասում է գյուղ, մենք յուրաքանչյուրս միանգամից հասկանում ենք մեր գյուղը։ Արմեն Ավանեսյանը հավալեց, նաև, որ նա տալիս է էսքիզ, բայց ոչ պատասխան։ Էսքիզն իր հերթին ասոցիացիաներ է բերում ընթերցողի մոտ։

«Արմավ» հրատարակչության նախաձեռնությունների մասին խոսեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, մասնավորեցնելով լավագույն երիտասարդ հեղինակներին հրատարակելու լուրջ աշխատանքը։

— Նրանք նաև լավագույն երիտասարդական ժողովածու տպագրելու մրցույթ էին հայտարարել, այսինքն հրատարակիչը ձեռնամուխ է եղել մեր իրական արժեքները մեզ մատուցելու։ Ի դեպ մեր պոեզիայում շատ իրական են աղջիկները, և մինչ հեղինակին տեսնելը՝ գիտեի, որ գեղեցիկ աղջիկ է լինելու։ Նա անգամ շատ կարճ ձևաչափում կարողանում է շատ լուրջ մտածումներ ամփոփել, ինչը գալիս է նրա ներաշխարհի հագեցվածությունից։ Հաս Չախալյանը շատ լավ գիրք է տպագրել, – ասաց բանաստեղծը։

Մանուկյանը նաև հույս ունի, որ հեղինակը կշարունակի այս ուղղությամբ, քանի որ ուզում է մեր պոեզիան այս նոր մտածողությամբ լցվի։

Հաս Չախալյանը նաև արձակում է ստեղծագործում, գրել է էսսեներ։ Խմբագիր Ավանեսյանը կարծում է, որ նա ունի նաև մտածողություն, ինչը հիմնականում բացակայում է շատ երիտասարդ հեղինակների մոտ։

— Ստեղծագործում եմ ութ տարեկանից և գրքի հարցում չեմ շտապել։ Քսան տարի անց ես ունեցա իմ անդրանիկ գիրքը։ Իմ կյանքում եղել են տխուր էջեր, որոնք կարողացել եմ թերթել պոեզիայի ու ընտանիքիս շնորհիվ։ Իմ պոեզիան ճանապարհ է, որով անցնում ենք, որում փորձել եմ վերարտադրել ապրումները, կիսատվածությունը, ցավը, որ ունենում ենք բոլորս և հույսը, որով ապրում ենք, – վերջում իր խոսքն ասաց Հաս Չախալյանը։

Երիտասարդ բանաստեղծը տարիներ առաջ կորցրել է իր եղբորն ու ցանականում էր գիրքը անվանել «Հոգեգողգողթա»․  — Եղբորիցս հետո պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր, սակայն իմ խմբագիր շնորհիվ միտքս փոխեցի ու վերնագրեցի «Իմ ու իմ միջև»։

Ուզում եմ, որ այս միջոցառումը լինի եղբորս հիշատակին, շատ հուզված եմ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով