fbpx

Հարմարվելով գոյության պայմաններին | «Կոնվերգենցիա» ցուցահանդես

Մարտի 15-ին ՀԲԸՄ ցուցահասրահում տեղի ունեցավ «Կոնվերգենցիա» խորագրով խմբային ցուցադրությունը։ Կոնվերգենցիան բացատրվում է որպես օրգանիզմների արտաքին կամ ներքին կառուցվածքի հատկանիշների միանմանություն, որը հիմնված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հարմարվելու վրա:

Այստեղ ամփոփված են Ժորա Գասպարյանի, Սիլվա Մկրտչյանի, Գայ Ղազանչյանի, Հակոբ Վարդանյանի, Արման Համբարձումյանի, Արման Օհանյանի, Վահե Թևոսյանի, Լևոն Առաքելյանի, Տարոն Մանուկյանի, Ռուբեն Գրիգորյանի, Լուսինե Աբրահամյանի, Լուսին Սարգսյանի, Հայկ Ղազարյանի, Սարին Ոսկեանի, Ռոմեո Մելիքյանի, Հայդուկ Սմբատյանի և Ռաֆայել Մանուկյանի աշխատանքները։

Արվեստագետների խումբն ինքն է առաջարկել ցուցահանդես կազմակերպել, որը, ինչպես և բոլոր խմբային ցուցահանդեսները, շատ բարդ է․ պետք է հասկանալ, թե աշխատանքների մեջ ինչ կապող բան կա։ Կազմակերպիչները ցանկացան ուշադրությունը սևեռել հենց գործընթացի վրա։

— Գնացի շատերի ավրեստանոցները, շփվեցի նրանց հետ, պարզեցի, թե ինչ կոնտեքստից են գալիս մեկը մյուսին, և հասկացա, որ իրենք շատ մոտիկ են։ Չնայած գործերի տարբերությանը՝ նրանք ուժեղ կոլեկտիվ են, իրար միշտ քննադատում ու նոր բաներ են սովորում։ Փորձեցինք ներկայացնել այդ տարբերությունը, սակայն կարծում եմ, որ կապող թելը երևում է, – ասաց ՀԲԸՄ-ի ուցահանդեսների համադրող և պատասխանատու Աննա Գարգարյանը։

Ցուցադրությունն արտացոլում է երկխոսություն, որում խաչաձևվում և միաձուլվում են երբեմն միմյանց հակադիր, երբեմն էլ՝ ներդաշնակ տարբեր մոտեցումներ: Դրանց ընդհանրությունը միանգամից նկատելի չէ:

Ըստ համակարգողի՝ մարդիկ միշտ պետք է արվեստը տեսնեն ու ծանոթանան դրա հետ։ Այս խմբում բոլորը երեսուն տարեկանի շուրջն են։ Նրանց դասական ուսուցումն ակնհայտ է, սակայն նյութերի յուրօրինակ ընտրությունը (կոլաժ, սինթեթիկ ռետին, նկարչական պրինտ) և դրանց ներկայացումը որպես պարզորոշ տարածական պատկերներ՝ ի ցույց են դնում չարաճճիությունը և փորձարարության հակումը: Կոնվերգենցիան բացահայտում է հակասական, սակայն ներդաշնակ այն երկխոսությունը, որը լույս է սփռում անհատ նկարիչների և նրանց ամբողջության վրա:

ՀԲԸՄ-ն միշտ փորձում է հարթակ տրամադրել ոչ միայն արվեստագետների, այլև համադրողների և հիմնադրամների համար։ Այս տարի նրանք ավելի շատ կհամագործակցեն մշակույթի գործիչքների հետ։ Նպատակ կա նաև ստեղծագործողներին ոգևորելու և հնարավորություններ ընձեռելու համար դրամաշնորհներ տալ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով