fbpx

Հանդիպում Մարիամ Պետրոսյանի հետ

Գրող, նկարչուհի Մարիամ Պետրոսյանը ծնվել է 1969 թվականին Երևանում, ում մեծ ճանաչում է բերել շուրջ տասնութ տարի գրած «Տունը, որտեղ…» («Дом, в котором…») վեպը:

Դեկտեմբերի 22-ին «Զանգակ» գրատանը գրողի հետ կազմակերպված հանդիպման միջոցառումը վարեց գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը։

Ձեզ ենք ներկայացնում նրանց զրույցից մի հատված՝ առանց նկատելի փոփոխությունների։

– Ըստ աստվածաշնչյան ավանդության՝ կա երկու քույր՝ Մարթան և Մարիամը, դուք, դուք․․․ Բան այնն է, որ երկու մարդ կա՝ հայտնի գրող Մարիամ Պետրոսյանը և Մարիա Պետրոսյանը, և ընդհանրապես, դա նույն մարդն է, այսինքն աստվածայինն ու ամենօրյան նույնպես տարանջատված են։ Դուք Ձեզ երկատված զգու՞մ եք, ե՞րբ եք հասկանում, որ այդ պահին Մարիամն եք, մյուսին՝ Մարիան։

– Երբ «Livebook» հրատարակչությունը պետք է թողարկեր հատորներիցս մեկը, նրանք ինձ խնդրեցին, որ կեղծանուն մտածեմ։ Երկար մտածեցի, իմ առաջարկները նրանք չէին հավանում, նրանց առաջարկները՝ ես, ստիպված հարցրի՝ չեմ կարո՞ղ մնալ այնպիսին, ինչպիսին կամ, ինչին պատասխանեցին, որ ռուս ընթերցողի մոտ կասոցացվեք սատիրիկ Եվգենի Պետրոսյանի հետ, կասեն՝ բարեկամուհին եք։ Սակայն ես չմտափոխվեցի, և ինձ առաջարկեցին անունս փոխել Մարիամ, քանի որ այդ պահին հրատարակչությունում չորս այլ Մարիաներ էին տպագրվում։ Այսպես ես դարձա Մարիամ Պետրոսյան, սակայն նրա և Մարիայի մեջ այդքան էլ տարանջատում չկա, ուղղակի առաջինը գրքային հարցերով է զբաղվում, իսկ երկրորդը՝ անձնական։

– Իրականում այդ տարանջատումը կա, որովհետև իմ ուսանողներն ու ծանոթները շատ հաճախ հարցնում են՝ նա ընդհանրապես Երևան ժամանու՞մ է, չնայած նրան, որ դուք Երևանում եք ապրում։ Ինչպե՞ս եք ձևավորել որևէ այլ երկրում ապրող, ռուսերենով գրող հայուհի Մարիամ Պետրոսյանի մասին լեգենդը։ Եղե՞լ է այնպիսի դեպք, երբ մեկը մոտեցել է և ասել՝ օ՜, Աստված իմ, Մարիամ Պետրոսյանը Երևանում է։

– Երկու-երեք անգամ աղջիկներ են մոտեցել, մեկը գրկելու ցանկություն է հայտնել։ Երևանում ինձ ճանաչելը շատ է զարմացնում, իսկ Մոսկվայում՝ ոչ, որովհետև այտեղ ընթերցողների հետ հանդիպում եմ, միջոցառումների գնում։

– Խոսելով գրքի տարածության մասին՝ որքանո՞վ է գիրքը փախուստի, այլ ոչ թե տնից դուրս գալ չցանկանալու կամ հասունանալու սարսափի մասին։

– Ինձ համար, ավելի շուտ, հասունանալու սարսափն է։ Ես ուղղակի այդքան էլ չեմ սիրում գրքերի մասին հարցերի պատասխանել, որովհետև ընթերցողների ուղեղում հետաքրքիր աշխատանք է  տեղի ունենում, տարբեր բաներ են հորինում, և դա ինձ դուր է գալիս, և չեմ ուզում նրանց սահմանափակել, ասելով, որ սա այսպես է։ Ով ինչպես կարդում ու զգում է, թող այդպես էլ լինի։ Գիրքը վաղուց եմ գրել և նախկին ազդեցությունը թուլացել է և, հավանաբար, կերպափոխվել մահվան վախի։

– Ձեր պապիկը տարիներ շարունակ եղել է Կոնսերվատորիայի տնօրենը, գրքում կան մասեր, որոնցում կարելի է լսել ռիթմը, ինչպես նաև շատ են հատկապես դասական երաժշտության հղումները։ Դա Ձե՞ր երաժշտությունն էր, թե՞․․․

– Դա իմ երաժշտությունն էր, որը ես այլևս չեմ լսում։ Այն օրվանից, երբ իմ որդին երաժշտական դպրոց է գնում, ստիպված սովորելու նոտաները։ Ես փոքրուց խուսափել եմ երաժշտությունից և ինձ համարել եմ ընտանիքի ամենաերջանիկը, քանի որ մենք երաժշտական դպրոց հաճախելու ընտանեկան ավանդույթ ունեինք, և ես միակն էի, ով խուսափեց այդ փորձանքից։ Հայրս ասում էր՝ բալիկ ջան, երբ ես լսեցի քո երգելը, հասկացա, որ դա քոնը չէ։ Ես շատ հեռու եմ երաժշտությունից, իսկ զարմիկներիս միշտ փողոցից տուն էին տանում՝ երաժշտություն պարապելու։

– Աֆրիկյան փղերն իրենց ձագին կրում են քսաներկու ամիս, դա ամենաերկար հղիությունն է Երկրի վրա, դուք Ձեր գիրքը տասնամյակներ եք գրել, ավելի երկար, քան աֆրիկյան փղերը, ե՞րբ սպասենք հաջորդին։

– Մի բան կա, բայց թե երբ դուրս կգա՝ դժվարանում եմ ասել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով