fbpx

«Լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է»․-Հենրիկ Էդոյան | Հանդիպում պոետի հետ

Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։

Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի հետ։ Հանդիպումը վարում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը։

– Գրքի շապիկի վրա կա բանաստեղծություն, որը նաև ժողովածուի ամենավերջին բանաստեղծությունն է: Այստեղ պոետը հետաքրքիր ձևով փորձում է հասկանալ՝ ինչ է քնարերգությունը և ում համար է նախատեսված, հարց, որը տվել է համաշխարահյին գրականության յուրաքանչյուր բանաստեղծ։ Հենրիկ Էդոյանը պատասխանել է, որ դրաման մեզ համար է (մարդկանց), վեպը՝ ժամանակի, բայց Աստված նախընտրում է քնարերգությունը։ Ինչու՞ է Աստված նախընտրում քնարերգություն։-

– Աստծուն հարցրեք։ Ես լիրիկան համարում եմ մարդկային լեզվի բարձրագույն դրսևորումը, իսկ լեզուն տիեզերական գաղտնիք է, ամեն ինչ տրված է լեզվի մեջ։ Պատմության մեջ շատ գրողներ կան, որոնք տարբեր ժանրերում են գրում, բայց առաջին հերթին նրանք բանաստեղծներ են։ Վոլֆգանգ Գյոթեն 122 հատոր է գրել, բայց հիմա Գյոթեի մասին խոսում են որպես պոետի։ Քնարերգության մեջ մարդն ինքն իր հետ, ինքն իրենից է խոսում։ Ինչքան էլ «Աննա Կարենա»-ն հանճարեղ վեպ է, բայց Բլոկի մի քանի տողն ավելի շուտ է հասնում Աստծուն։ Մի քիչ փոխաբերական իմաստով ասեմ, որ կարծում եմ՝ քնարերգությունը մի քիչ կարող է մրցել երաժշտության հետ, լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է։

– Ինձ հաճախ թվում է, թե մենք բթացել ենք, մեր ականջները խցանվել են, և մեզ Ձեր ասած բարձր արժեքներն այլևս հասու չեն, որտեղ էլ հենց առաջանում է այն հարցը, թե ում համար է ստեղծվում արվեստը։

– Մեր դարաշրջանը բարդ է այնքանով, որ արվեստի դարաշրջան չէ։ 19-րդ դարում ստեղծվել է մի ուսմունք, ըստ որի՝ արվեստը գնալով կորցնում է իր դիրքրեը, հետ է մղվում, ճանաչողության մեջ առաջնակարգ դիրք չի գրավում, և այդ կանխագուշակումը կարծես թե իրականանում է։ 20-րդ դարում հենց այդպես էր, բայց ավելի վատ 21-րդ դարի համար։ 17-րդ դարի Եվրոպայում կարծիքներն էին կառավարում, 18-րդում՝ գաղափարները, 19-րդում՝ զգացմունքները, իսկ 20-րդ դարում՝ քաղաքականությունը։ Քաղաքականության գործելուց հետո ամեն ինչ կանգ առավ, հիմա մարդկությունն ավելի շատ զբաղված է քաղաքականությամբ, դա մեր խոսակցության հիմնական թեման է, իսկ առաջ այդպես չէր։ Մեր դարաշրջանը մռայլ է, ինչն առաջացավ մարդկային մտքի, բանականության ու գիտակցության կասկածի հետ միասին։

Ըստ Հ․ Էդոյանի այդ կասկածը ծնվել է 19-րդ դարի 40-50-ական թվականներին Շոպենհաուերից, Կյերկեգորից իսկ վերջում՝ Նիցշեից։ Նիցշեի հայտնագործություններից մեծագույնները երկուսն են՝ արվեստի ապոլոնյան և դիոնիսյան ոճերը։ Օրինակ՝ Դանթեն ապոլոնյան ոճի հետևորդ է, Շեքսպիրը՝ դիոնիսյան, առաջինի աշխարհն ավարտված է, երկրորդինը՝ կառուցվող։ Մեկը ցերեկային (ապոլոնյան) գիտակցության հետ է կապված, մյուսը՝ գիշերային (դիոնիսյան)։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև արվեստի ժամանակակից չափանիշների մասին, կան դրանք, թե ոչ, արվեստագետի նկատմամբ հայ ժողովրդի դաժան պահանջների, պահանջների և գավառականության տարբերության մասին։

Բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտություններ դոկտոր և պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը ծնվել է 1940 թվականին Երևանում։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են հավերժականի և առօրյայի, վերացականի և կոնկրետի, մտքի և պատկերի անբաժանելի միասնությունը՝ կապված հոգևորի և իրականի ներքին որոնումների հետ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով