fbpx

«Գրականությունը շատ բարդ, նույնիսկ տանջալից բարդ գործ է…»

Գիրն ու գրականությունը մեծ տեղ են զբաղեցնում մարդու կյանքում: Այն զարգացնում է աշխարհայացքը, ձևավորում մարդու մտածողությունն ու ներքին աշխարհը՝ տալով իմաստուն ու կարևոր խորհուրդներ: Գիտականորեն ապացուցված է, որ շատ կարդացող մարդիկ գրում են ավելի գրագետ, լավ տիրապետում են բանավոր խոսքին և կարողանում ազատ ու հակիրճ արտահայտել իրենց մտքերը:

Մեր՝ ընթերցասերներիս գործն է մշտապես փնտրել նոր ու լավ գրքեր, ծանոթանալ տարբեր ազգերի  գրողների հետ, կիսվել կարդացածով և դուրս գրել աֆորիզմներ: Սակայն ի՞նչ են մտածում գրողները իրենց իսկ ստեղծած աշխարհի՝ գրականության մասին: Փորձելով սուզվել գրողի գիտակցության մեջ՝ մենք հավաքել ենք մի քանի հայտնի գրողների կարծիքներ:

«Գրականությունը շատ բարդ, նույնիսկ տանջալից բարդ գործ է․․․», – այս խոսքերը պատկանում են ռուս գրող Մաքսիմ Գորկուն: Նա այդպես է արտահայտվել գրականության մասին Վլադիմիր Զազուբրինին գրած իր նամակներից մեկում: Բացատրելով միտքը՝ Ալեքսեյ Մաքսիմովիչն ասել է. «Ով չի զգում գրելու արվեստի ծայրահեղ բարդությունը, նա չի կարող լավ գրել»:

Տաղանդը մեծագույն ֆետիշներից է, որը ոչինչ է համառ աշխատանքի, պատրաստակամության ու նպատակասլացության կողքին: Քիչ չեն գրողների մտքերն այդ բնատուր կարողության ու աշխատասիրության մասին:

«Տաղանդը հեշտ բան չէ: Այն միայն վարպետությունը չէ: Իր էությամբ այն իդեալի մասին ծայրահեղ պատկերացումն է, այն անբավարարությունը, որը ծնում է միայն տանջանքի արդյունքում: Ե՛վ հանճարների, և՛ ամենախստապահանջների համար իրենց տաղանդը ամենավախենալու մտրակն է», – այսպես է կարծում գերմանացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանը:

Ամփոփելով երկար տարիների իր գրական փորձը՝ ռուս հեղափոխական, գրող և փիլիսոփա Ալեքսանդր Գերցենն ասել է. «Տաղանդի զարգացման համար անհրաժեշտ է համառ ու հաստատակամ աշխատանք: Ո՛չ տաղանդը, ո՛չ էլ արվեստի հանդեպ անսահման սերը բավարար չեն նկարիչ դառնալու համար: Աշխատելու սովորությունը բարոյական հիգիեան է: Աշխատանքի համար անշուշտ պետք է շատ բաներ զոհաբերել»:

«Տաղանդն ինքնին սեղանի աղից էլ էժան է: Հաջողակ ու տաղանդավոր մարդկանց տարբերությունը միայն մեկ բանում է՝ անչափ շատ համառ աշխատանքը:», – անկեղծացել է Սթիվեն Քինգը:

Այնուամենայնիվ, գրելն արվեստ է, գրելը բարդ է և պահանջում է հսկայական փորձ ու աշխատանք: 1Dram թիմը հաջողություն է մաղթում բոլոր սկսնակ ու փորձառու գրողներին՝ ցանկանալով նոր գաղափարներ ու ձեռքբերումներ:

* Նկարում պատկերված է Նեմրութ լեռան մոտ տեղակայված Տիր աստծո գլխաքանդակը։ Տիրը եղել է դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով