fbpx

Գիրք, որը պայթեցրեց մահմեդական աշխարհը | Սալման Ռուշդի՝ «Կեսգիշերի զավակները»

Դեկտեմբերի 15-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա չէր թարգմանիչ Արամ Արսենյանը, բայց նրա փոխարեն ելույթ ունեցավ իր որդի, բանաստեղծ Վահե Արսենը

– Ես չեմ էլ ուզում մտածել, որ կարող եմ փոխարինել հորս, բայց կփորձեմ իմ տեսանկյունը հայտնել ու զրուցել ընթերցողի հետ։ Թե գիրքն է հրատապ, թե թարգմանությունը։ Հայրս կարողանում է բացարձակ աղմուկի մեջ, ստեղծագործական շատ բարդ իրավիճակում մեկուսանալ ու ժամերով թարգմանություն անել, ոչ մեկից ոչինչ չհարցնել, հարցնելուց էլ՝ միևնույնն է անել, ինչ ուզում է։

Ռուշդիի երկորդ վեպն է իր գլուխգործոցը և այս վեպով նա կարծես ամեն ինչ ասաց։ Այս մեկից հետո նա ավելի վտանգավոր բաներ գրեց և որքան էլ նա ապաշխարեց իր արածների համար, բայց դրանից արդեն ոչինչ չփոխվեց, որովհետև գիրքն արդեն կա և շարունակելու է թարգմանվել։

Ըստ Վահեի՝ Ռուշդին գիտակցաբար գնում էր ինքնամեկուսացման և դա նրան դուր էր գալիս, երևի հետաքրքիր էր այդ բարդ կյանքով ապրել։ Այս ստեղծագործությունը պայթեցրեց մահմեդական աշխարհն ու ողջ աշխարհին հանեց իր դեմ։

 – Այս ամենը Սալման Ռուշդին պատմում է զարմանալի թեթևությամբ։ Ապրում ենք հերոսի հետ և գալիս այն կետին, որ կյանքն ունի իմաստ, բայց չենք կարող պայքարել ամենամեծ հրեշի՝ ժամանակի դեմ։

Գրողը կարծում է, որ մոգական ռեալիզմին առնչվող այս վեպը երիտասարդներին առավել դուր կգա ։

Գրքի հրատարակման և թարգմանության մասին խոսեց «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող, գրող, թարգմանիչ Արթուր Մեսրոպյանը

– Գիրքը սկսել ենք 2014 թվականից և ընդհանրապես շատ հետաքրքիր է թարգմանական պրոցեսը։ Ինչպես գիրքն է շատ բարդ իր համաշխարհային խնդիրներով, այնպես էլ մեզ մոտ այն հեշտ չստացվեց։ Գիտակցելով, որ կարևոր գիրք է և պետք է հայերենով այն ունենալ, չհանձնվեցինք և շարունակեցինք։

Խնդիրներից Արթուրն առանձնացրեց թարգմանիչ գտնելը, որովհետև այն գրական ոճն ու հնարքները, որ կիրառել է Ռուշդին, շատ մեծ խնդիր է դնում թարգմանչի առջև։ Գիտակցության կտրտվածությունը, պատկերների մեկը մյուսի մեջ մտնելը, թռիչքները մի ժամանակաշրջանից մյուսին և այս ամենը խտացված հնդկական մշակույթով վեց-յոթ հարյուր էջում ներկայացնելը շատ ծանր խնդիր է թարգմանչի համար, որը հաղթահարելու համար անհաժեշտ են շատ ուժեղ նյարդեր, թարգմանական հմտություններ և բառապաշարային շերտերի տիրապետում։ Կերպարները խոսում են շատ տարբեր լեզուներով, պետք է նախ ընկալել, պատկերացում կազմել հնդկական մշակույթի մասին։

– Թարգմանիչը ոչ թե պետք է վերցնի ու առաջին էջից թարգմանի, այլ հետազոտություն անի՝ հասկանալու տողատակերը, ինչում էլ հենց գրքի արժեքն է։ Այդ տողատակերի պատճառով թարգմանիչներ ու հրատարակիչներ են սպանվել, գրախանութներ պայթեցվել, – ասաց նա։

Բուն թարգմանական գործընթացն ամենահեշտն էր, որը կատարվեց վեց ամսում։

Քաղաքական տեսանկյունից գիրքն անսպառ նյութ է տալիս և, ինչպես հավաստիացնում է Արթուր Մեսրոպյանը՝ հետագայում կունենանք գրականական վերլուծություններ։ Գիրքը թարգմանվելով ոչ թե ավարտվում, այլ նոր նոր է սկսում իր հրատարակչական կյանքը։ Այն գիրք է, որի մասին դեռ երկար կխոսենք, երկար կքննարկենք։ «Զանգակ»-ի համար կարևոր առաքաելությունը հենց դա է։

Գրքի շապիկի համար աշխատել են մի քանի նկարիչների ու դիզայներների հետ և երկար փնտրտուքներից հետո ընտրվեց Մարիամ Կանայանի աշխատանքը։ Կա երկու տարբերակ, սակայն արդեն տպագրվածն ընտրել է հենց հեղինակը՝ Սալման Ռուշդին։

– Երբ ծանոթացա գրքի բավանդակությանն ու նայեցի, թե աշխարհում ինչպես են ներկայացնում այս գիրքը, տեսա որ հիմնականում ինչ-որ պարող հնդուկու են պատկերել, շատ պոստեռային շապիկներ էին, – ասաց նկարչուհին։

Դիզայները ներկայացրեց իր մի քանի էսքիզները։ Մտածել է, որ կարող է նույնիսկ սև ու սպիտակով պատկերել։

Այնուհետև ծագեց դեռահասների ուրվագծերը պատկերելը։ Գույները հատուկ հնդակական մաքուր գույներ են։

Վրայի գրվածքները հայերեն են, բայց փորձել է նմանեցնել հնդկականին։

 

Գլխավոր լուսանկարը՝ «Զանգակ»-ի ֆեյսբուքյան էջից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով