fbpx

Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» ժողովածուի շնորհանդես

Հունիսի 19-ին Հայ գիրք գրախանութում կայացավ Գևորգ Թումանյանի «Ունայնիկներ» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը սեփական հայեցակարգ ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն, փրկության միջոց:

Ինչպես ասաց բանաստեղծ Հակոբ Մովսեսը՝ Գևորգը պատկերների, մետաֆորների չի դիմում, բայց դա չի նշանակում, որ այն որպես ամբողջություն, պատկերներ կամ մետաֆորներ չի կազմում։

— Գևորգի բանաստեղծությունը ոչ մի բանի հետ չեմ նմանեցնի։ Խոսքը բանաստեղծական տիպի մասին է։ Գևորգը սեփական տիպ ունեցող բանաստեղծ է, – հավելեց Հակոբ Մովսեսը։

Գրքի տպագրության համար հեղինակը դրամահավաք էր սկսել, ինչը տեսել էր գրականագետ,  Գրանիշ կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։

— Իրականում մենք նպատակ չունենք ժամանակակից հայ գրականության հրատարակումով շահույթ ապահովել: Տարին մեկ-երկու հեղինակի տպագրելը մեր գործունեության մասն եմ համարում, հատկապես պոեզիայի առումով Հայաստանում շատ տխուր վիճակ է: Եթե այսպես շարունակվի, Անտարեսի սիրած քաղաքականությունը` պետաջակցություն չլինի, ապա մարդիկ կկարողանան միայն իրենց գրքերը տպագրել, – ասաց Հասմիկը։

Գրականագետը Գևորգի գրականությանը շատ վաղուց է ծանոթ․ նրանք սերնդակիցներ են։ Իր ամփոփումներում Հուսիկ Արայով ավարտվում է պոեզիայի մի շրջան, և սկսում է նորը, որը շատ է տարբերվում նախընթացից։ Գևորգն իր սերնդի ամենաառանցքային անուններից մեկն է։ Ժամանակակից այլ գրքերի պես այս մեկը նույնպես ունի կիսահումորիկ, թույլ իռոնիայի տարրեր։

Գևորգի բանաստեղծություններն առաջին անգամ առանձին-առանձին ընթերցելիս կարող են կիսատության զգացողություն առաջացնել։ Իսկ նրան հասկանալու համար պետք է ծանոթանալ նրա փիլիսոփայությանը, ինչպես նաև գիրքն ընկալել ամբողջությամբ։

— Կար ժամանակ, երբ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր էր չկային հեռախոսային, ինտերնետային շփումները, և մամուլում գրականություն կարդալը մեծ հաճույք էր։ Ավելի մեծ հաճույք էր, երբ հանդիպում էիր լավ բանաստեղծների լավ բանաստեղծությունների։ Այդ շրջանում Գևորգին կարդալը գեղագիտական լավագույն հաճույքներից մեկն է եղել, – կարծիքը հայտնեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, խոստովանելով, որ նրանից կարդացած գրեթե յուրաքանչյուր բանաստեղծություն տպավորվում էր ու անգիր անում։

Գրքի տպագրությունն ուշացավ շապիկի բարդ ընտրության պատճառով, քանի որ Հասմիկը շատ հետևողական է անհատական գործերի նկատմամբ։ Երկար փնտրտուքից հետո շապիկը նկարեց գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը։ Նկարիչը շատ լավ հասկացել է բանաստեղծություններն ու պատկերել այդ փոքր, ոչ մի տեղ չգնացող, ինչու ոչ՝ նաև լճացող, տձև գծիկները։

Լուսանկարները՝ Գրանիշի ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով